Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի

Դեկտեմբեր 15,2001 00:00

Ո՞ՐՆ Է, ՎԵՐՋԱՊԵՍ, ԵԼՔԸ ՀԱՕԿ-ի գործկոմը հունահռոմեական, ազատ ոճերի ըմբշամարտերի, բռնցքամարտի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները լսելուց հետո դռնփակ նիստում եւս մեկ անգամ քննարկեց դրանք եւ քվեարկությամբ գնահատեց. 2001թ. հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի աշխատանքը՝ բավարար, ազատ ոճինը եւ բռնցքամարտինը՝ անբավարար։ Մինչ գործկոմը վերջնական կկողմնորոշվեր, քննարկումից հետո զրուցեցի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ։ Նպատակս էր՝ իմանալ նրա մտորումները բռնցքամարտում տիրող իրավիճակի, մարզիչների ու մասնագետների միջեւ փոխադարձ անհանդուրժող վերաբերմունքի, վերջին տարիներին կաշվե ձեռնոցի մեր վարպետներին անընդհատ հետապնդող անհաջողությունների պատճառների ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։ Ու, անկեղծ ասած, նախկինում անվանի բռնցքամարտիկը մեր առաջին իսկ զրույցում ներկայացավ բացառիկ ինքնատիպ մտածողությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք զրույցի սղագրությունը՝ առանց որեւէ մեկնաբանության, ակնկալում այլ մասնագետների կարծիքը շոշափվող թեմաների վերաբերյալ։ Ասենք միայն, որ պատասխաններում հաճախ մարզչի համոզմունքները սկզբունքորեն հակասության մեջ են ընդունված պրակտիկայի հետ, երբեմն էլ ասված խոսքի սկիզբն ու վերջը միմյանց չեն համընկնում։ – Արդեն մեկ տարի է, ինչ ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ։ Առաջին մրցումը հունիս ամսին Բելֆաստում տեղի ունեցած աշխարհի առաջնությունն էր։ Մեր հավաքականը կազմավորված էր հին բազայի վրա եւ 5 նոր բռնցքամարտիկներից, որոնք առաջին անգամ էին մասնակցում այդ մակարդակի մրցումների։ Վերադարձանք զրոյական արդյունքով։ Պատճառները շատ են, մեկ առ մեկ չեմ կարող անդրադառնալ, բայց հիմնականն այն է, որ թիմն 90%-ով երիտասարդ էր ու այդպիսի մրցումների փորձ դեռեւս չուներ։ Բայց հուսով եմ, որ մյուս մրցումներին նույն կամ ավելի նորացված կազմով երիտասարդները կարող են հասնել պատշաճ մակարդակի եւ գլխավորապես պատրաստվել օլիմպիական խաղերին,- ասաց Դ. Թորոսյանը։ – Բայց թիմում կային նաեւ փորձառու մարզիկներ… – Նրանցից մեկին կարող եմ նշել՝ Արթուր Գեւորգյանին։ Երկու անգամ մասնակցել է օլիմպիական խաղերի։ Ու երեւի թե ամենահաջողն էլ նրա մասնակցությունն էր։ Նա շահեց մեկ մենամարտ, երկրորդն ավարտեց 11։11 հաշվով, որից հետո հաղթանակը մրցավարները շնորհեցին մրցակցին։ Ճիշտ է, Արթուրը պետք է որ ավելի լավ արդյունք ցույց տար, բայց պետք էր հասկանալ նրան. ուներ վնասվածքներ, հոգեկան ինչ-որ ապրումներ էլ դեր խաղացին։ Այսուհանդերձ, ես գոհ չեմ Արթուրի ցուցանիշից։ Ինչ վերաբերում է մյուսներին, ասացի, որ երիտասարդ, անփորձ մարզիկներից առաջին մրցման ժամանակ արդյունքներ ակնկալել չէր կարելի։ Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ այս մարզիկների մեջ եմ տեսնում հայկական բռնցքամարտի վաղվա օրը։ – Հավաքականի կազմում ընդգրկվում են եղած բռնցքամարտիկներից լավագույնները։ Քեզ՝ գլխավոր մարզչիդ, բավարարու՞մ է կադրերի մակարդակը։ – Հավաքական թիմ պետք է ներկայանա զինանոց ունեցող, որակյալ եւ մարտավարման բարձր մակարդակ ունեցող մարզիկ։ Ցավոք, հավաքականի տղաների մեծ մասը ներուժ ունեն, կարող են լավը դառնալ, բայց առկա վիճակով շատ հեռու են հավաքականի պահանջներից։ – Տեղերում մարզիչները լավ չե՞ն աշխատում։ – Եղած պայմաններին համապատասխան՝ աշխատանքը պատշաճ չի կատարվում։ Մարզիչներին չեմ կարող մեղադրել. ֆինանսական, տնտեսական նեղությունների մեջ են, դահլիճներն են վատ վիճակում։ Երկրի ընդհանուր վիճակն է ոչ բարվոք։ Հույսը պետք է դնել էնտուզիազմի, սրտացավության վրա։ Դա է ապագայի գրավականը։ Գուցե անհասկանալի բաներ եմ ասում, բայց դա է խնդիրը։ Պետք է ինքներս մեզ տանջենք, տուժվենք, բայց արդյունք ունենանք, որ հետո պահանջենք։ Պետությունը չպետք է մեզ համար անի, մենք պետք է անենք պետության համար, որպեսզի հետո էլ նա մեզ նայի։ Մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն է։ Պետությանն ասում ենք՝ տուր՝ մենք կանենք, հետո կտեսնենք, թե ոնց կստացվի։ – Ես ու շատերն էլ տեսնում ենք, որ բռնցքամարտում անառողջ մթնոլորտ է տիրում։ Ինչպե՞ս կգնահատես ֆեդերացիայի, Մարզչական խորհրդի աշխատանքները։ – Չեմ ուզում գնահատողի կամ թերություններ որոնողի դերում լինել։ Հին ասացվածք կա. «Կաթ չուտող երեխան է լաց լինում»։ Այսինքն, եթե արդյունք չկա, մթնոլորտը վատ կլինի, կսկսեն մեղավորներ, պատճառներ փնտրել, թե՝ ինչպե՞ս, ինչո՞ւ, որտե՞ղ… Եթե վերջին 7-8 տարում լուրջ արդյունքներ ունենայինք՝ աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ կամ մրցանակակիրներ, այս լացը չէր լինի։ Բավարարվում ենք պատանիների, երիտասարդների ձեռքբերումներով, որը մեծ սպորտի նախապատրաստական փուլ է հանդիսանում։ Նշան Մունչյանից հետո լուրջ արդյունք չենք ունեցել։ Այստեղից էլ՝ սկսում են մեղադրել միմյանց, գլխավոր մարզչին, ղեկավարությանը, Մարզչական խորհրդին։ Դրա փոխարեն ավելի լավ կլինի աշխատել… – Այնուամենայնիվ, կրկնում եմ հարցս. ֆեդերացիան լա՞վ է աշխատում, թե՞ ոչ։ – Ճիշտն ասած, ֆեդերացիայի աշխատանքը չեմ ուզում գնահատել, որոհետեւ ֆեդերացիան նայում է՝ եթե մարզաձեւն իրոք առողջ է, իր ֆունկցիան կկատարի, իսկ եթե ոչ, ինչի՞ պետք է աշխատի այս անառողջության հետ։ Իմ հասկացածով՝ ֆեդերացիան, տեսնելով այս անհանդուրժող մթնոլորտը, ոչինչ չի ակնկալում։ Այս մթնոլորտում լավ բան չենք կարող սպասել։ Համենայնդեպս, ֆեդերացիային չենք կարող մեղադրել։ Պետք է մեղադրենք ինքներս մեզ։ – Ֆեդերացիան է մարզաձեւի պատասխանատուն։ Լավ կամ վատ լինելը գալիս է ֆեդերացիայից։ – Ես ձեզ հետ համաձայն չեմ։ Այդ ամենից բացի գոյություն ունեն բարոյականության հարցեր։ Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր արածների կամ չարածների համար։ Ֆեդերացիային ու Սպորտկոմիտեին հանգիստ թողնենք ու մեր մեջ ման գանք դժբախտությունների պատճառը։ – Ի՞նչ կասես Մարզչական խորհրդի մասին։ – Ոչինչ։ Ինչ ասացի քիչ առաջ, նույնը պիտի կրկնեմ։ Մի խառնիճաղանջ պատմության մեջ ենք ընկել։ Ես չէ, որ պետք է գնահատեմ այդ ամենը։ Սպասենք ու հուսանք, որ մի լույս կբացվի… – Մի հարց էլ. մարզիչների մեջ կան մարդիկ, ովքեր պնդում են, թե Դավիթ Թորոսյանը հավաքականի մարզումները կազմակերպում է պրոֆեսիոնալների մեթոդով, որն արմատապես տարբերվում է սիրողական բռնցքամարտի պահանջներից։ – Ծիծաղելի բաներ են ասում։ Ի՞նչ ասել է բռնցքամարտում պրոֆեսիոնալ եւ սիրողական։ Տարբերությունն այն է, որ մեկը շահագրգռման աստիճան ունի, մյուսը՝ չունի։ Մեկում կոնտրակտներով ֆինանս են վաստակում, մյուսում՝ ոչ։ Նա, ով պրոֆեսիոնալիզմը մատնանշում է որպես այդ ձեւի բարձրագույն կետ, դիլետանտ է ու իրավունք էլ չունի բռնցքամարտի զարգացման մասին խոսել… – Գուցե ուզում են ասել, որ պրոֆեսիոնալը մարզումները կազմակերպում է այնպես, որպեսզի տարվա մեջ, գուցե, միակ մենամարտն անցկացնի։ Իսկ սիրող բռնցքամարտիկը, որ պետք է հանդես գա, ասենք, աշխարհի առաջնությունում, մի քանի մարտ պետք է վարի որոշակի ժամանակահատվածում։ Այստեղ տարբերություն չկա՞։ – Էլի համաձայն չեմ այն պարզ պատճառով, որ մարդիկ որեւէ բանից գաղափար չունեն, չեն պատկերացնում, չեն հասկանում, սկսում են մատնանշել իրենց չիմացածը։ Այս մասին քննարկման ժամանակ խոսեցին նախկին պետական մարզչի՝ Լեւոն Հովհաննիսյանի լեզվով։ Նա անձնական վիրավորանքներ սկսեց, չնայած չեմ էլ վիրավորվում։ Ես նրան որակավորում եմ այսպես. բավականին ծառայություններ ունի բռնցքամարտում, բայց, չգիտես ինչու, «պրոֆեսիոնալ» հասկացողությունից նյարդերը տեղի են տալիս։ Ես ոչ ոքի պրոֆեսիոնալ դարձնելու միտք չունեմ։ Դրա համար մարզիկից պահանջվում են համապատասխան կատեգորիայի պարամետրեր։ Եթե բռնցքամարտիկը չի կարող բարձրանալ պահանջվող մակարդակի, ի՞նչ պրոֆեսիոնալի մասին կարող է խոսք լինել։ Ես 100 անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ կոչված եմ Հայաստանում բազայական (Ֆունդամենտալ) բռնցքամարտը վերականգնել եւ հասցնել այն աստիճանին, որ ունեցել ենք ոչ վաղ անցյալում։ Մեր մարզիկները չեն կարող պրոֆեսիոնալ լինել, հնարավորություն չունեն, չունեն այդ տաղանդը (մի քանիսը, գուցե, հետո ունենան), բայց նրանք պետք են մեր ֆունդամենտալ բռնցքամարտի արդյունքների համար։ Թե չէ, լսել են պրոֆեսիոնալ բառն ու միշտ նշում են՝ չիմանալով, որ բռնցքամարտը նույնն է, բայց պրոֆեսիոնալն այլ բան է։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել