Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գեւորգյանը այսօր անվանի երգահան է, հանրապետական եւ միջազգային փառատոնների, պետական մրցանակների դ

Դեկտեմբեր 15,2001 00:00

Ազգի դեմքը մշակույթն է Արա Գեւորգյանը այսօր անվանի երգահան է, հանրապետական եւ միջազգային փառատոնների, պետական մրցանակների դափնեկիր։ Նրա միակ երազանքն է Հայաստանը տեսնել հայերով ամբողջացած։ Վերջերս «Հայ երաժշտական արվեստի զարգացման գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների եւ համայնքի մշակութային ու հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար» Շենգավիթի թաղապետարանի ավագանու եւ թաղապետ Մ. Սարգսյանի որոշմամբ Արա Գեւորգյանը պարգեւատրվել է Գ. Նժդեհի անվան հուշամեդալով, արժանանալով Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։ – Ինչպիսի՞ն են համայնքի պատվավոր քաղաքացու զգացումները։ – Ինձ համար մեծ պատիվ է, որ «Էրեբունի-Երեւան- 2001» տոնակատարությունների շրջանակում ինձ շնորհվեց համայնքի պատվավոր քաղաքացու պարտավորեցնող կոչումն ու Գ. Նժդեհի հուշամեդալը, որը ես առավել բարձր եմ գնահատում իմ բոլոր երաժշտական պարգեւներից, քանզի այստեղ ինձ գնահատել են ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաեւ որպես մարդ-անհատ։ Շնորհակալ եմ նման բարձր գնահատականի եւ վստահության համար, կփորձեմ արդարացնել ինձ վրա դրված բոլոր հույսերը։ – «Էրեբունի-Երեւան- 2001» տոնակատարությունների շրջանակում քաղաքապետարանի կողմից հայտարարված Երեւանին նվիրված նոր երգերի մրցույթ- մրցանակաբաշխությունում ձեր հեղինակած «Երեւան» երգը եւս արժանացավ մրցանակի։ – Ես գրել էի Երեւանին նվիրված համանուն՝ «Երեւան» երգ, որի խոսքերի հեղինակն Աստվածատուր Պետրոսյանն է եւ այն մրցույթում հաղթած մի քանի երգերի թվում արժանացավ «Լավագույն երգ» մրցանակին, իսկ արդյունքում՝ քաղաքապետարանի կողմից ինձ շնորհվեց նաեւ պատվոգիր։ – Աշնանը կայացած ձեր «Ով հայոց աշխարհ» համերգից հետո ինչո՞վ եք այժմ զբաղված։ – Համերգից հետո, որի նախապատրաստական աշխատանքները տեւեցին ավելի քան երկու տարի, անկեղծ ասած, իմ ներսում կարծես ինչ-որ մի բան դատարկվեց։ Խոստովանեմ, որ սիրում եմ աշխատել եւ մշտապես զբաղված լինել գործով։ Համերգից անմիջապես հետո ձեռնամուխ եղա շարունակելու իմ չորրորդ ձայնասկավառակի աշխատանքները եւ, փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ ընթացավ։ Նշեմ, որ իմ նոր սկավառակի ձայնագրմանը մասնակցել են մեր հանրապետության անվանի երաժիշտներն ու ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռ. Ասատրյանի ղեկավարությամբ։ Հուրախություն ինձ եւ իմ երկրպագուների, նշեմ, որ վերջերս ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա «Armenian music aword» համահայկական երգի մրցույթում իմ նոր՝ «Խոր Վիրապ» անվանումը կրող սկավառակը շահել է առաջին մրցանակը՝ արժանանալով լավագույն ալբոմի «Նյու Էյջ» նոմինացիայում։ Բացի դա, վերջերս եմ վերադարձել Բեյրութից, որտեղ ձայնագրվեցի Լիբանանի եւ արաբական լավագույն երաժիշտների հետ, որոնց թվում էր աշխարհահռչակ երաժիշտ Ռոննի Բառակը, որն, ի դեպ, նվագակցում է Վանեսա Մեյին, Պոլ Մաքարթնիին, «Բլեք սաբըթ»-ին եւ այլն։ – Ինչպե՞ս եք գնահատում երգարվեստն այսօր Հայաստանում։ – Թեեւ անցած 10 տարիների ընթացքում ժողովրդական ու գուսանական երգերն անկում էին ապրել, բայց այսօր ես շատ ուրախ եմ, որ այդ ամենը վերականգնվել է։ Գրեթե բոլոր երգերի եւ երաժշտությունների մեջ ակնհայտ են մեր ազգային գործիքները, որոնք այսօր լայն ճանաչում են ստանում ողջ աշխարհում։ Իսկ այս տարի, երբ մենք նշում էինք Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, տոնակատարությունների շրջանակում առիթներ ունեցանք մեր ազգային մշակույթը ճանաչելի դարձնել օտարներին՝ նրանց ներկայացնելով մեր յուրօրինակ արժեքները։ Մեր մշակութային կյանքը վերելք է ապրում։ – Ունեք խաղալիքների հարուստ հավաքածու։ Խաղալիքների դերը ձեր կյանքում։ – Խաղալիքներն իմ հոբբին են։ Ունեմ բազմաթիվ խաղալիքներ, որոնց մի մասը նվեր եմ ստացել, իսկ մյուս մասը ինքս եմ բերել արտասահմանից։ Խոստովանեմ, որ խաղալիքներով ավելի շատ զբաղվում էի մինչ երեխաներիս ծնունդը, այժմ երեխաներս են ինձ համար ամենաթանկը։ Ի դեպ, սիրում եմ նաեւ խաղալիքներ նվիրել։ Վերջերս Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ես սիրով իմ խաղալիքների հավաքածուից մի մաս նվիրեցի թիվ 175 մանկապարտեզին, ուր ժամանակին հաճախել էի, իսկ այսօր այդ մանկապարտեզի սանն են իմ երեխաները։ – Խոսենք նաեւ Ձեր առաջիկա ծրագրերից։ – Պատրաստվում եմ թողարկել իմ հինգերորդ ձայնասկավառակը, որը կկրի «Սիրեցեք զմիմյանս» անվանումը։ Ի դեպ, այդ սկավառակի վրա ինձ հետ աշխատում են աշխարհի տարբեր ազգերի մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում եւ Միշել Սանչեսը։ Արդեն ունեմ հյուրախաղերի մի շարք հրավերներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ստամբուլից, Բեյրութից, Իրանից։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել