Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի այնպիսի օջախներ, ինչպիսիք կինոթատրոններն են, վաղուց դատապարտված են ծառայելու որպես տոնավաճ

Դեկտեմբեր 15,2001 00:00

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄՈՒԼՏԱՐՇԱ՞Վ Մշակույթի այնպիսի օջախներ, ինչպիսիք կինոթատրոններն են, վաղուց դատապարտված են ծառայելու որպես տոնավաճառներ։ Ժամանակներն այնպես են փոխվել, որ Օտյանի խոսքերով՝ «ոչնչում չհաջողածները» կամ կուսակցական գործիչ են դառնում, կամ էլ ստիպված առեւտրով զբաղվում, որովհետեւ Հայաստանում այլ դաշտերում գործելը համարվում է ոչ նպատակահարմար ու անօգուտ։ Սակայն պատահում է այնպես, որ կինոթատրոնների մի մասը երբեմն պահպանում է պրոֆիլը (ինչպես՝ «Երեւանը»)՝ էրոտիկ ֆիլմեր (մեղմ ասած) ցուցադրելու հաշվին, նաեւ փակցնելով աֆիշներ՝ մինչեւ իսկ հոգու մերկությունը ցուցադրող, լպրծուն կանանց պատկերներով եւ հատկապես պատանիներին հրավիրելու նպատակ հետապնդող «Մինչեւ 16 տարեկանների մուտքն արգելվում է» մակագրությամբ։ Կինոթատրոնների մի մասն էլ զոհաբերում է մշակութային կոչումը ի շահ կուսակցական սուրբ գործի, ինչպես, օրինակ, Երրորդ մասում գտնվող, ժամանակին հնդկական գերռոմանտիկ կինոնկարների ցուցադրությամբ հռչակված «Սեւան» կինոթատրոնը։ Այն մյուսների նման գործում է որպես տոնավաճառ, իսկ հանդիսատեսներ հավաքելու դեպքում, մասնակիորեն՝ նաեւ կինոթատրոն։ «Առավոտի» տեղեկություններով, վերջերս այնտեղ անվճար մուլտեր են ցուցադրվել տարածքի մանկապարտեզների սաների համար, իսկ մուլտսեանսների ավարտից հետո կինոթատրոնի տնօրենը հանդիսավորությամբ ակնարկել է, թե այդ առիթով երախտագիտության արժանին ոչ թե ինքն է, այլ «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Վերջինից տեղեկացանք, որ թեեւ ինքը այդ կուսակցության անդամ է, սակայն մուլտբարեգործության հեղինակը հարազատ կուսակցությունն է, որը իբր «Շենգավիթի թաղապետարանի կրթության բաժնի հետ համատեղ, առանց որեւէ առիթի եւ ակնկալիքների», նման մանկասիրական ակցիա է անցկացրել։ Իսկ թերթերը, փոխանակ նաեւ լավ բաների մասին գրեն, վերցնում ու քննադատում են կինոթատրոնների ներկա վիճակը եւ նրանց տնօրեններին, անգամ իրեն, որ մի քանի տասնյակ հազար դոլարի չափով վարկ է վերցրել, վերակառուցել կինոթատրոնի շենքը ու հիմա աշխատեցնում է։ Շենգավիթ համայնքի կրթության բաժնի պետ Արսեն Ադամյանը այդպես էլ չկարողացավ հիշել՝ արդյո՞ք համագործակցել է թաղապետարանը մուլտֆիլմերի ցուցադրության հարցով որեւէ կուսակցության հետ, որովհետեւ չէր հիշում՝ նրա անունը «Օրինաց երկի՞ր» էր, թե՞ մի ուրիշ բան»։ Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ իսկապես, իր լավ ընկերոջ՝ կինոթատրոնի տնօրեն Ստ. Միրզոյանի շնորհիվ 1500 երեխա մուլտֆիլմեր է դիտել։ Փաստեց նաեւ, որ «Միրզոյանը հաճախ է նման լավ բաներ անում» եւ զարմանալի ոչինչ չկա։ Ի դեպ, չենք էլ զարմանում, քանի որ «Օրինաց երկիրը» նախորդ պառլամենտական ընտրությունների նախօրերին եւս ոչ միայն անվճար համերգներ ու օտար լեզվի դասընթացներ էր կազմակերպում՝ համակիրներ շահելու նպատակով, այլեւ անվճար ատամնաբուժական ծառայություններ իրականացնում։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել