Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք

Դեկտեմբեր 15,2001 00:00

Արձագանք «Ինչպես են փչացնում ազգային գործիչներին» հրապարակմանը («Առավոտ», նոյեմբերի 17) Պրն Վարդան, Ձեր հրապարակումից կռահեցի, որ իշխանություններն ինձ էլ են դարձրել փչացրած ազգային գործիչ։ Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է երկար տարիներ ազգային գործիչ աշխատող Հրանտ Ոսկանյանի եւ մյուսների հետ գտնվել նույն, թեկուզ «փչացրած գործիչ» կարգավիճակում։ Բայց վարկաբեկիչ է, երբ, ի տարբերություն նրանց, ես ներկայացված եմ կիսով փչացած։ Բարոյագետ փորձագետներն էլ չկարողացան հստակ եզրակացնել՝ կիսափչացա՞ծ գործիչն է նախընտրելի, թե՞ կիսափչացածը։ Ըստ հրապարակման, ձեր սցենարի 7 գործող անձանցից 6-ը կամովին են փչացել իշխանություններից ստացած «հոնորարների» շնորհիվ։ Իսկ ես կարողացել եմ փչանալ (թեկուզ կիսով չափ, զուտ պլատոնական դրդապատճառներով) ինքս ինձ, առանց որեւէ ազդակի։ Տկարամիտի տպավորություն չե՞մ թողնում։ Ճշգրտեմ խոսքս, հրապարակման մեջ նշված էր, որ, ասենք, Հրանտ Ոսկանյանին փչացնելու նպատակով իշխանությունները նրա մեջքին հարվածել են ծառայողական «Վոլգայով»։ Եվ նա հրաժարվել է բաշխիչ ցանցերի քվեարկության վերաբերյալ պատգամավորական կոլեկտիվ դիմումի վրա դրված իր ստորագրությունից։ Ու Սահմանադրական դատարանում ձախողվել է հարցի քննարկումը։ Իսկ ես ինչո՞ւ հրաժարվեցի վարչապետի հետ դատական մենամարտից։ Հրապարակման մեջ միայն գրված է՝ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը եւ նրա իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը հանդես բերեցին հեռատեսություն։ Նրանք անվախորեն շարունակեցին մարտը մինչեւ վերաքննիչ դատարան»։ Այսինքն, մեր համարձակության լիմիտը սպառվեց Վերաքննիչ դատարանի շեմին։ Զեկուցեմ, առանց որեւէ դրամաշնորհի, հավաքելով մեր մասնագիտական ու քաղաքացիական համարձակության փշրանքները, դիմել ենք նաեւ վճռաբեկ դատարան։ Միայն թե այնտեղ ինչ-որ զարմացած են։ Եվ զարմանքից ուշքի չեն գալիս, որպեսզի բողոքը քննարկեն։ Դե, այդքան էլ հեշտ չէ դատ վարել ծառայողական հարեւանի վարչապետի դեմ (չէ՞ որ կառավարությունը եւ վճռաբեկ դատարանը գտնվում են Հանրապետության հրապարակի վրա, դեմ դիմաց)։ Մարդուն, այդ թվում եւ դատավորին (մանավանդ վճռաբեկի) խեղդել չի կարելի, մի քիչ էլ պետք է հաշվի առնել իրավիճակը, վարչապետը ինչ պատասխան էլ տա, նրանից նեղացող կլինի. ասի, որ գլխավոր դատախազ (արդեն նախկին) Բորիս Նազարյանն է իրեն թյուրիմացության մեջ գցել (որ «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոցի հողահատկացումն ապօրինի է), լավ չի լինի։ Չէ՞ որ հիմա Բորիս Նազարյանն իր խորհրդականն է, եւ նման խորհուրդ չի տա։ Իսկ եթե իր խորհրդականի խորհրդով հայտարարի, որ հողահատկացումը սխալ է, ապա… Պրն Վարդան, երբ դատավորներն ուշքի գան, կհիշեն իրենց առաքելությունը եւ կօգնեն վարչապետին կատարելու սեփական խոստումը. դեռեւս անցյալ տարի, դեկտեմբերի 13-ին, ընթերցողի հարցին՝ թե «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն փալս» հյուրանոցի շինարարության հողահատկացումը օրինակա՞ն է, վարչապետը պատասխանեց-խոստացավ՝ «հիմա ողջ տեղեկությունը վերստուգվում է, եթե խախտումներ եղել են, ապա պատասխանատուները կպատժվեն…»։ Խոստանում եմ, երբ ստանանք վարչապետի պատասխանը, առաջինը դուք կվայելեք այն ընթերցելու պատիվը։ Հարգանքներով՝ պլատոնիկ փչացած ազգային գործիչ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել