Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային առանձին ստորաբաժանումների ազատված մի խումբ աշխատակիցներ աշխատա

Դեկտեմբեր 15,2001 00:00

Քաղաքապետն իրոք կկանգնի դատարանի առաջ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային առանձին ստորաբաժանումների ազատված մի խումբ աշխատակիցներ աշխատանքում վերականգնվելու պահանջի մասին հայցադիմումներ են ներկայացրել դատարան։ Վկայակոչելով «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-727 հրամանագիրը, ըստ որի Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքը եւ հաստիքային միավորները հաստատում է ՀՀ վարչապետը, գտնում ենք, որ «Երեւանի քաղաքապետարանի աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ առաջիկա ազատման մասին աշխատողներին նախազգուշացնելու մասին» քաղաքապետի 05.10.2001թ. հ. 1209 որոշումը անհիմն եւ անօրինական է։ Այդ պատճառով անհիմն եւ օրենքին հակասող են նաեւ 60-ից ավելի աշխատակիցներին հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատելու մասին քաղաքապետի կարգադրությունները, որոնցում բազմաթիվ ազատվողների համար խախտված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36, 37, 38, 42-1, 42-2 հոդվածների մի շարք պահանջներ։ Մեր վրդովմունքն ու զայրույթն ենք հայտնում քաղաքապետարանի արհմիութենական կոմիտեի հասցեին (նախագահ՝ Նելլի Հովհաննիսյան), որը փոխանակ պաշտպաներ աշխատողների շահերը, դարձել է ադմինիստրացիայի կամակատարը։ Արհկոմի համաձայնությունն ստանալու համար կայացած (՞) նիստերին հրավիրված չի եղել կրճատման ենթակա ոչ մի աշխատակից։ Ավելին, որոշ վարչության պետերի կողմից հաստիքների թվի 30% կրճատումների համար ներկայացված անվանացուցակները փոխվել են վերջին պահին։ Պաշտոնատար անձանց բարեխոսությունների եւ ճնշումների հետեւանքով ցուցակներից հանվել են մի շարք աշխատակիցների անուններ, իսկ ազատված բազմաթիվ աշխատողների այլ աշխատանք չի առաջարկվել ընդհանրապես։ Ուշագրավ է նաեւ հետեւյալ փաստը։ Արհկոմի 30.11.2001թ. հ. 15 նիստի արձանագրության մեջ որոշվել է. «Տալ համաձայնություն քաղաքապետարանի վերոհիշյալ աշխատողներին հաստիքների կամ թվի կրճատման կապակցությամբ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1-ին եւ 36 հոդվածի 1-ի կետի 1-ին ենթակետի աշխատանքից ազատելու»։ Ոչինչ, որ որոշման ձեւակերպումը գրագետ չէ։ Կարեւորն այն է, որ համաձայնություն տրվում է «վերոհիշյալ աշխատողներին», այսինքն որոշումից հետո ավելացված կրթության վարչության 7 աշխատակիցներին աշխատանքից ազատելու համար արհկոմը չի տվել իր համաձայնությունը, իսկ «վարչության պետ Օ. Վաթյանը հայտնել է, որ նրանց հնարավորինս կտեղավորվի այլ աշխատանքի»։ Չէ՛, ինչպես երեւում է, քաղաքապետն իրոք կկանգնի դատարանի առաջ։ Խմբագրություն բերած այս նամակի տակ ստորագրած քաղաքապետարանի աշխատակիցների անունները առայժմ չենք հրապարակում։ Մեր ձեռքի տակ կան նաեւ հրապարակման մեջ բերվող մեղադրանքների առնչությամբ համապատասխան փաստաթղթեր։ Առաջիկա օրերին կփորձենք բերած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ ստանալ պատկան ատյաններից՝ ճշտելու համար, թե որքանո՞վ է այս գործընթացի օրինականությունը պահպանվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել