Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ-2001

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ-2001 Դեկտեմբերի 14-ին ԳԱԱ-ում տեղի ունեցավ գիտաժողով՝ ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման եւ պահպանության մի քանի սկզբունքների վերաբերյալ։ Կազմակերպիչների կարծիքով, վերջին ինը տարիների ընթացքում ջրային առաջին օրենսգրքի ընդունումից հետո, ՀՀ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնց պատճառով ջրային օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտություն է ծագել։ Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ Հովհ. Թոքմաջյանի խոսքերով. «Գիտաժողովն ընթանում էր համաշխարհային հիդրավլիկական հետազոտությունների ընկերության հովանու տակ։ Հայաստանը ներկայացնում էր ջրային հիմնահարցերի հիդրոտեխնիկայի ինստիտուտը, որը միակն է Անդրկովկասում։ Գիտաժողովի նպատակներից առաջինը նոր մշակվող ջրային օրենսդրության ապրոպացիան է։ 2-րդը՝ ինտեգրացիայի անհրաժեշտությունը։ Մենք տարիներ շարունակ մեր կեղեւի մեջ պարփակվելով ու տեղում դոփելով՝ բավական հետ ենք մնացել եւ ժամանակն է այդ կապանքներից դուրս գալ եւ ինտեգրվել, ինչը մեր հանրապետությունում տարվող քաղաքականությունը թույլ չի տալիս։ Երրորդը ջրային ռեսուրսների կառավարման եւ անվտանգության խնդիրների հետ կապված հարցերն են։ Վերջին ժամանակաշրջանում կատարվող աշխատանքների մեջ մենք հետ ենք մնացել նոր հաշվարկային մեթոդների օգտագործումից, իսկ հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության տեսակետից դրանք խիստ կարեւոր են, քանի որ նույնիսկ միջին չափի ջրամբարների պատվարի փլուզումը մեծ աղետների պատճառ կարող է դառնալ»։ Հովհ. Թոքմաջյանը կարեւոր համարեց նաեւ Սանկտ Պետերբուրգից ժամանած ներկայացուցիչների ծրագրերը։ Ռուսաստանյան մասնագետները հայաստանյան ներկայացուցիչների հետ մեկտեղ եղել էին մի շարք հիդրոտեխնիկական օբյեկտներում (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարում, Եղեգնաձորի շրջակայքում գտնվող նոր կառուցվող փոքր հիդրոկայանում), ուսումնասիրել եւ քննարկել փոքր հիդրոէներգետիկայի եւ ջրային տնտեսության զարգացման ու համագործակցության հեռանկարները։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել