Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՈՉ ՄԵՐԺԵԼ Է, ՈՉ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայոց տուն» միությունը ս.թ. հոկտեմբերի 20-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, պահանջով՝ քրեական գործ հարուցել Քոչարյանի կողմից կատարված օրինախախտումների կապակցությամբ: Չբավարարվելով Գլխավոր դատախազության պատասխանից՝ «Հայոց տուն»-ը դիմել է դատարան, որպեսզի վերջինս դատախազությանը պարտադրի հիմնավորված որոշում տալ դիմումատուին: Ստորեւ ներկայացնում ենք խնդրո առարկայի կապակցությամբ նշված միության նախագահ Վարդան Պետրոսյանի «Առավոտին» տված պարզաբանումները: – Նախ, եթե անգամ մեր կազմակերպությունը չդիմեր դատախազությանը, վերջինս ինքն էր պարտավոր քննության առնել լրատվամիջոցներում գրեթե չորս տարի հրապարակվող փաստերը: Դիմումում մենք նշել ենք դրվագներ, որոնք վերաբերում են ՀՀ նախագահի ընդունած անօրինական հրամանագրերին եւ որոշումներին, ազգային անվտանգությանը սպառնացող քայլերին, «ԱրմենՏելի» գործարքին, «Հոկտեմբերի 27-ի» եղեռնագործությանը եւ այլն: Հաշվի առնելով, որ դատախազությունը, այդուհանդերձ, «անդրադարձել է» մեր նշած 7 դրվագներից միայն 3-ին, ներկայացնենք դրանք ըստ էության: Առաջին: Նկատի ունենալով մեր այն պնդումը, որ ապօրինի բռնազավթելով նախագահի պաշտոնը եւ յուրացնելով ժողովրդի իշխանությունը, Քոչարյանը կատարել է պետական դավաճանություն՝ դատախազությունը մեզ ծանուցում է, թե դեռեւս 2000թ. իր կողմից մերժվել է այդ փաստով քրեական գործի հարուցումը, եւ այդ որոշումը հաստատել է նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը: Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանի, Վիգեն Խաչատրյանի, Կարո Կարապետյանի դիմումում խոսքը վերաբերում էր միայն 1998-ին նախորդող 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովին Քոչարյանի կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն: Հավելենք, որ այդ նույն հարցով 1998-ին ՀՀ Սահմանադրական դատարան էր դիմել նախագահի թեկնածու Դավիթ Շահնազարյանը: Սակայն մեր դիմումում բերված են մի շարք նոր հանգամանքներ, որոնք դատախազությունը անտեսել է: Ինչու՞ Քոչարյանը նախ՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնակատար, ապա՝ որպես ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ չապահովեց Ղարաբաղում ապրող ՀՀ քաղաքացիների մասնակցությունը 98-ի արտահերթ նախագահական եւ 99-ի հերթական խորհրդարանական ընտրություններին: Այսինքն՝ խուսափելով կատարել Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը լինելու իր սահմանադրական ֆունկցիան՝ Քոչարյանը կատարել է պետական դավաճանություն: Երկրորդ: Դատախազությունը մեզ հայտնում է. «նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների օրինականության հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից»: Մինչդեռ մեր դիմումում խոսքը Քոչարյանի ստորագրած այն հրամանագրերի մասին է, որոնցով նա կատարել է քրեական օրենսգրքով նախատեսված արարք՝ իշխանազանցություն: Մասնավորապես, նա ինքնակամ հետաձգել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իրեն օժտել առանց վարչապետի ներկայացման պաշտպանության նախարար նշանակելու եւ ազատելու, զինվորական բարձրագույն պաշտոնների ցուցակ հաստատելու, այդ պաշտոններում նշանակելու եւ ազատելու եւ այլ լիազորություններ: Հետեւաբար հարցը հրամանագրերի սահմանադրականությունը չէ (որպեսզի դիմվի Սահմանադրական դատարան) կամ պաշտոնյաներին ապօրինի աշխատանքից ազատելը չէ (որպեսզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերականգնվեն նրանց աշխատանքային իրավունքները): Խնդիրը հրամանագրերի արձակման փաստն է, հրամանագրեր, որոնց արձակումն իսկ իշխանազանցություն է, քրեորեն պատժելի արարք: Ուստի ավելորդ չէ դատախազությանը հիշեցնել ՀՀ քր. դատ. օր-ի 27 հոդվածի պահանջը, որը պարտավորեցնում է նրան «քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում»: Եվ երրորդ: Անդրադառնալով Քոչարյանի կողմից բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին «օրենքը» ստորագրելու հանգամանքին, դատախազությունը մեզ հայտնում է, որ այդ առթիվ Ազգային ժողովի պատգամավորներ Ս.Զաքարյանի եւ Ա.Սադոյանի «դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2001թ. սեպտեմբերի 10-ին քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ քր. դատ. օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»: Այսինքն՝ այս դեպքում դատախազությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ ի տարբերություն վերը՝ երկրորդ կետում, նշված դեպքերի՝ կատարել է քննչական գործողություններ: Սրանով դատախազությունը ինքն իրեն գցել է տրամաբանական աղաղակող հակասության մեջ, եւ, ընդ որում, դա արել է միեւնույն գրության մեջ: Հետեւաբար, նա խուսափել է օրենքներով սահմանված իր լիազորությունների կատարումից, գերազանցել է իր լիազորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել