Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիզիկական

Դեկտեմբեր 15,2001 00:00

Հոբբին աշխատասիրությունն է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռաֆայել Մելիքսեթյանը հայտնի անուն է մարզաշխարհում՝ իր չորսուկես տասնամյա արգասավոր եւ անբասիր աշխատանքի շնորհիվ։ Վերջերս ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը հաստատեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշումը՝ նրան մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին։ «Հայաստանի դպրոցականների ֆիզիկական դաստիարակության ռացիոնալացման հիմնահարցերը» թեմայով ատենախոսությունը նրա երկար ու ձիգ տարիների տքնաջան աշխատանքի արգասիքն է։ Ռաֆայել Մելիքսեթյանն արդեն իրեն լավագույնս դրսեւորած մասնագետ էր, երբ հրավիրեցին մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ բարձրացավ աստիճան առ աստիճան՝ գիտաշխատող, կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, ֆիզիկական դաստիարակության սեկտորի վարիչ։ Այնուհետեւ հրավիրվեց իր հարազատ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Այստեղ նրան վստահվեց ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը, որ վարեց շուրջ 12 տարի։ Նա մինչ օրս համարվում է այդ ամբիոնի պրոֆեսորը եւ արդեն երեք տարի է՝ ղեկավարում է մանկավարժական պրակտիկայի դեպարտամենտը՝ որպես տնօրեն։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց՝ Ռաֆայել Մելիքսեթյանը զբաղվել ու զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ։ «Միջին լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը՝ կապված նրանց ֆիզիկական զարգացման եւ շարժողական հնարավորությունների հետ» նրա թեկնածուական ատենախոսության հիմնավորումներն ու հետեւությունները այսօր էլ պահպանում են իրենց արդիական նշանակությունը եւ կարող են հետազոտության աղբյուր լինել։ Նա հեղինակ է 22 մենագրության, ուսումնական ձեռնարկների, գրքերի ու գրքույկների, 100-ից ավելի ամսագրային հոդվածների, որոնցում արծարծվում են ֆիզկուլտուրային ու սպորտին վերաբերող բազմաբնույթ, կարեւոր ու հրատապ խնդիրներ։ Նրա աշխատությունների վերաբերյալ հանրապետական եւ միութենական մամուլում հրապարակվել է շուրջ 40 գրախոսական։ Ուշագրավ է նաեւ պրոֆեսոր Ռ. Մելիքսեթյանի լրագրական ու խմբագրական գործունեությունը։ Նա 1973-ից ԽՍՀՄ (այժմ՝ Հայաստանի) ժուռնալիստների միության անդամ էր, եղել է ԽՍՀՄ լուսավորության մինիստրության «Ֆիզիչեսկայա կուլտուրա վ շկոլե», Հայաստանի «Մանկավարժ» ամսագրի խմբագրական խորհուրդների անդամ, Հայկական ազգային հանրագիտարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի գիտաճյուղային խորհրդի նախագահի տեղակալ։ 1963-ից առայսօր Հայաստանի հանրակրթական դպրոցների ֆիզդաստիարակության ծրագրի անփոփոխ խմբագիրն ու հեղինակն է։ Նա ԽՍՀՄ լուսավորության գերազանցիկ է (1977), Խաչատուր Աբովյանի անվան մեդալակիր (1984), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1977), ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող։ «Ո՞րն է հոբբիդ»,- հարցնում եմ։ Ծիծաղում է. «Առաջին հերթին՝ աշխատասիրությունը»։ Կես կատակ- կես լուրջ ասված խոսքը անսովոր չի թվում ինձ։ Աշխատանքի բերումով առնչվելով նրան, ականատես եմ եղել նրա տքնաջան աշխատանքին, որն այժմ էլ, չնայած առաջացած տարիքին, հարուցում է գործընկերների զարմանքը։ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՔԱՆՅԱՆ «Ուսանող մարզիկ» թերթի խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել