Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիշերօթիկ դպրոց ասածը ավելի մերձ է մանկատների՞ն, թե՞ հանրակրթական դպրոցներին։ Երեւի դրանց համատեղում

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՀԱՏՈՒԿ ԳԻՇԵՐՕԹԻԿԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ Գիշերօթիկ դպրոց ասածը ավելի մերձ է մանկատների՞ն, թե՞ հանրակրթական դպրոցներին։ Երեւի դրանց համատեղումն է մի ծածկի տակ։ Այս ժամանակներում օր օրի ավելանում է գիշերօթիկում սովորողների թիվը. այնտեղ կերակրում են, հագուստ են տալիս, ինչպես նաեւ՝ դասարանում շուտ-շուտ փող չեն հավաքում, ինչպես հանրակրթական շատ դպրոցներում։ Բայց այն դպրոցը, որի մասին գրում եմ՝ հատուկ գիշերօթիկ է՝ Լեզվական արատ ունեցող երեխաների համար նախատեսված թիվ 8 գիշերօթիկը։ 151 երեխա է սովորում այնտեղ, մեծամասնությունը լեզվական տարբեր արատներով (կակազություն, թլվատություն, դիզալտրիա, ալալիա), սակայն քիչ չեն նաեւ առողջ երեխաները՝ 35 երեխա «Զատիկ» մանկատնից, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ «Գիշերօթիկ դպրոցի տնօրենի գործը իսկի նման չէ հանրակրթականի տնօրենի գործին (առաջ ես հանրակրթականում ուսմասվար եմ աշխատել),- ասում է տնօրեն Վարդուհի Խեբոյանը,- այստեղ խոսքը միայն կրթության ու գնահատականի մասին չէ, ե՛ւ ուտելիք հայթայթել, ե՛ւ հագուստ, ե՛ւ գիշերող երեխաների համար ջերմություն։ Այստեղ համարյա ամեն երեխայի հետ կապված մի ողբերգություն կա։ Երկու տղա ունենք, հրաշալի երեխաներ։ Մայրը էպիլեպսիկ հիվանդ էր, հայրը՝ կորած ռուսաստաններում, տատն էր պահում, որը նույնպես ծեր ու հիվանդ էր, ասաց. չեմ կարող այլեւս ուրբաթ օրերը երեխաներին տանել, ինչ ուզում եք արեք։ Զանգեցի «Զատիկ» մանկատուն, տնօրենին ասացի՝ գիտեմ, որ ազատ տեղ չունեք, բայց մի բան արեք, երեխաները փողոցում չմնան։ Ասաց՝ ուղարկեք։ Երկուշաբթի երեխաները եկան՝ նոր շորերով, երջանիկ… (երջանի՞կ- Գ. Բ.)։ Ասին՝ ինչ լավ է, ընկ Խեբոյան, որ մեզ համար այդպիսի լավ տեղ գտաք։ Մի ուրիշ հայրիկի՝ որ նոր ընտանիք ունի, մենք նամակ ենք գրել, որ գա իր տղաներին տեսնի, որ ինքը հիմա է նրանց պետք, ոչ թե հինգ տարի հետո։ Այսպես աշխատում ենք։ Աշխատող, լիարժեք մարդու մոտ ամեն ինչ կստացվի։ Թատրոններին խնդրում ենք մեզ տոմսեր ուղարկեն՝ երեխաներին տանում ենք։ Երթուղային տաքսիներին խնդրում ենք՝ երեխաներին ուրբաթ օրը անվճար տեղափոխում են։ Եվ այն տնօրենը, ով կկանգնի սուտ կլացի, դերասանություն կանի՝ նրան չհավատաք։ Այսօր այս սուղ պայմաններում ունենալ գիշերօթիկ դպրոց, 151 երեխայի եւ ծնողի երջանկացնել՝ դա հրաշք է»։ Ինտեգրացումը գիշերօթիկում է լինում Խորհրդային Միության տարիներին հանրապետությունը Մոսկվայի բուհերն էր գործուղում մեր շրջանավարտներին՝ դեֆեկտոլոգիա ֆակուլտետի տարբեր բաժիններում ուսանելու։ Այժմ դրա հնարավորությունը համարյա չկա եւ դպրոցներին լոգոպետ տրամադրում է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետը։ Ֆլորա Խալաթյանը եւ Սերգեյ Պողոսյանը Մոսկվայում ուսանել են 70-ականների սկզբին եւ թիվ 8 գիշերօթիկի երկարամյա ստաժով մանկավարժներից են։ Նրանց հետ զրուցեցի բուժական՝ լեզվական արատների վերացման շուրջ։ «Դպրոց ընդունում ենք միայն լեզվական արատներով երեխաների։ Խմբավորում ենք նրանց, ամեն խմբում 5-6 երեխա։ Շաբաթական 2-3 պարապմունք ունենք՝ ե՛ւ խմբակային, ե՛ւ անհատական։ Կակազությունը, եթե ձեռքբերովի է, երեք-չորս ամսում վերացնում ենք եւ հսկում, իսկ եթե ժառանգական է, երբեք վերջնական բուժում հնարավոր չէ։ Երեխաներին երբեմն բերում են ուշացած, ծնողը իր լեզվական արատով երեխային նախ տանում է հանրակրթական, երեխան այնտեղ մի երեք-չորս տարի մնում է անտեսված, ավելի ճնշվում, հետո նոր ծնողը հասկանում է ու բերում մեզ մոտ, երբ երեխան արդեն խուսափում է առողջ երեխաների հետ հաղորդակցվելուց»։ «Իսկ դուք դե՞մ եք, այսպես ասած, ինտեգրացիային, որը քարոզում է արատավոր երեխաներին ուսուցանել առողջների հետ»,- հարցնում եմ տիկին Խալաթյանին։- «Միանշանակ։ Ո՞ր ծնողը կուզի իր երեխայի դասը խանգարվի, թե ինչ է մի կակազող երեխա տասը րոպեում երկու բառ է ասելու։ Այդ երեխաները այնտեղ ուղղակի անտեսվում են, հաճախ ծաղրի ենթարկվում։ Սակայն, եթե հանրակրթական դպրոցներում մի հենակով կամ վատ խոսող երեխա են ընդունում եւ աշխարհով մեկ անում, թե տեսեք, ինտեգրացիա ենք անում, այդ գործը հենց գիշերօթիկում է անաղմուկ ու հաջողությամբ կատարվում. այստեղ մենք առողջ երեխաներ էլ ունենք՝ մանկատնից»։ Նույն սերնդի երեխաները Անցյալ տարի այս օրերին Չեխովի անվան դպրոցի երեխաները մի հետաքրքիր «ակցիա» են կազմակերպել։ Նվերներով (փուչիկներ, տաք հագուստ, խաղալիքներ) այցելել են 8-րդ հատուկ գիշերօթիկ եւ երջանկացրել երեխաներին։ Գիշերօթիկը երեխաներին՝ տաք հագուստն ու փափուկ խաղալիքը, իսկ կենտրոնի դպրոցի սանին՝ բարեգործություն անելու հրճվանքը… Եվ գրկախառնվել են հարուստներն ու աղքատները, ծնողներ ունեցողներն ու (էն էլ ի՜նչ ծնողներ) ընկեցիկները, որոնք երկուսն էլ երեխաներ են ու երկու կողմից էլ մեղավոր չեն։ «Նրանք բերել էին իրենց ամենասիրելի, հասկանո՞ւմ եք, ամենասիրելի խաղալիքները,- ասում է տնօրինուհին,- եւ դա ոչ թե ուսուցիչների կամ ծնողների, այլ երեխաների կազմակերպածն էր, որին մասնակցել է համարյա ամբողջ դպրոցը»։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել