Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանադահայ

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԶԳԱԼ ՆՈՒՅՆ ՎԱԽԸ Կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը շատ պատահական էր որոշել մեկ շաբաթով գալ Հայաստան, ուր վերջին անգամ եղել էր 10 տարի առաջ։ Եկել էր արդեն իսկ մեծ աղմուկ առաջացրած անավարտ «Արարատ» ֆիլմի կոմպոզիտոր Մայքլ Դաննայի հետ՝ երաժշտություն ձայնագրելու։ Ա. Էգոյանը մտադիր է հանդիսատեսին «Արարատը» ներկայացնել ամռանը։ Ատոմ Էգոյանի ֆիլմերը դասվում են ինտելեկտուալ ֆիլմերի շարքին եւ, բնականաբար, այն հեշտ եւ մարսելի չէ լայն մասսաների համար։ «Ես օրինակ եմ վերցրել այն ռեժիսորներից, որոնց համար կինոն եղել է հաղորդակցման միջոց, լեզու՝ մեդիտացիայի ձեւով։ 70-ական թվականներին, դեռ անչափահաս, տեսել եմ իտալական եւ ամերիկյան՝ Անտոնիոնիի, Կոպոլայի, Պազոլինիի եւ այլոց ֆիլմերը, եւ կարծես սովից՝ կուլ էի տալիս դրանք, ընկալում, եւ նրանք էլ հենց եղել են այն խորհրդանիշերը, որոնց հետեւել եմ։ Իմ առաջին գործերն արել եմ թատրոնում, սկսել եմ գրել 14-15 տարեկանից։ Իմ տեսած ֆիլմերից եւ թատրոնից հետո բնական էր այս շարունակությունը։ Բայց երբեք չեմ երազել Art ֆիլմեր ստեղծել։ Ֆիլմն ինձ համար անձնական հաղորդակցության միջոց է եւ ոչ թե առեւտրային արտադրանք։ Իմ առաջին ֆիլմերը շատ փոքր բյուջեներ են ունեցել եւ դա ինձ հերիքում էր իմ ասելիքն արտահայտելու համար։ Կինոարտադրությունն աշխատում է որոշ օրենքների եւ կոդերի հիման վրա, որոնցից փորձում եմ հեռու մնալ։ Բայց տեսնում եմ, որ իմ ֆիլմերն այսօր էլ քայլ առ քայլ ավելի առեւտրային են դառնում։ Միայն այս «Արարատ» ֆիլմս է, որ մեծ բյուջե ունի, քանի որ պրոդյուսերն ունի անձնական հետաքրքրություն։ Կինոարտադրության տարօրինակությունն այն է, որ հենց «Արարատ» ֆիլմը սկսեցինք նկարել, արդեն կարողացանք փոխհատուցել այն բյուջեն, որը նախատեսել էինք ֆիլմի համար»,- ասում է ռեժիսորը։ – «Արարատ» ֆիլմի Ձեր սցենարով՝ ֆիլմի մեջ ֆիլմ է նկարահանվում եւ ռեժիսորի դերում աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն է, ֆիլմը միայն հայերի՞ դեմ թուրքերի կատարած ցեղասպանության մասին է, թե՞ նաեւ առհասարակ նման երեւույթների։ – Հայերի ցեղասպանության պատմությունը կա, որը շատ ժամանակակից թեմա է։ Բայցեւ պետք է ընկալել, որ սա միայն հայերի ցեղասպանության մասին չէ, այլ ֆիլմն այն մասին է, որ փորձել են ժխտել մեր պատմությունը, ընտանիքի, երկու անձերի միջեւ եղած իրականությունը։ Ես բախտավոր եմ, որ աշխատում եմ այն ընկերությունների հետ, որոնք հետեւել են իմ անցյալ ֆիլմերին, գիտեն՝ ինչպես եմ անդրադարձել մարդկային թեմաներին։ Սա նեղ թեմա չէ։ – Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի կառավարության անհանգստությունը՝ թեմայո՞վ, որեւէ նոր փաստո՞վ, թե՞ Ձեր եւ Ազնավուրի՝ իբրեւ համաշխարհային հեղինակություն ունեցող արվեստագետների՝ ցեղասպանության փաստի վերաբերյալ ֆիլմում միասնական մասնակցությամբ, վերաբերմունքով։ – «Արարատ» ֆիլմը ուղղակի խոսում է ցեղասպանության մասին՝ իբրեւ անհերքելի պատմական փաստ։ Կանադայի Ազգային ժողովում արտաքին գործերի նախարարի տեղակալը թուրքական դիրքորոշումը բառ առ բառ ներկայացրեց, որից հետո ես հանդես եկա կանադական մամուլում։ Ֆիլմը քաղաքական հիմք չունի, բայց թուրքական կողմը գիտի ջարդի վերաբերյալ իմ դիրքորոշումը։ Ազնավուրը մի ռեժիսոր է, որը գալիս է Թուրքիա՝ Վանի մասին ֆիլմ նկարահանելու։ Եվ իբրեւ նյութ ռեժիսորն օգտվում է ցեղասպանության դեպքերի մի ականատեսի գրառումներից եւ այլ փաստերից, որ երբեւէ չեն հրապարակվել։ – Ձեզ չի՞ անհանգստացնում, որ այսօր ավելի շատ ֆիլմի քաղաքական եւ ոչ թե գեղարվեստական կողմն է հետաքրքրություն առաջացնում։ – Իհարկե, բայց շատ լավ գիտեմ, որ ֆիլմը քաղաքական ոլորտի մեջ չի կարող մուտք գործել, պարզապես փաստն է ներկայացվում, որը պաշտպանելու կարիք չի զգացվում։ Ֆիլմն այնպես է ներկայացված, որ կարող է հետաքրքրել եւ այն հանդիսատեսին, որը որեւէ տեղեկություն, տվյալ չունի ցեղասպանության, այդ պատմության մասին։ Ա. Էգոյանը մի քիչ պատմեց իր անցյալից, ծնողներից, որպեսզի ավելի պարզ դառնա «Արարատ» ֆիլմի կարեւորությունն իր անձի համար։ «Տատիկս, որ Արաբկիրից էր եւ պապիկս, ծանոթացել են ջարդից հետո, որբանոցում։ Ընտանիքս Եգիպտոսից տեղափոխվել է Կանադայի Վիկտորիա քաղաք, երբ դեռ 2 տարեկան էի։ Այդտեղ մենք միակ հայ ընտանիքն էինք եւ փոքր հասակից ես փորձել եմ ձուլվել Կանադայի կյանքին՝ յուրացնելով անգլերենը։ Համալսարանում ծանոթացա կնոջս՝ Արսինե Խանջյանի հետ, որը ազգային, հայ մշակույթով էր դաստիարակվել։ Նրա ազդեցությունը շատ մեծ էր ինձ վրա եւ հասկացա. ինչ-որ այս ազատ երկրի մեջ ստացել եմ, այժմ կարող եմ նվիրել իմ ազգին։ Տարօրինակ է, որ բոլորն ինձ ասում են՝ քաջ ես, որ ստեղծում ես «Արարատ» ֆիլմը։ Ինձ համար քաջություն չկա, պարզապես ես չեմ ցանկանում այն նույն վախը զգալ, ինչ զգացել են իմ պապն ու տատը։ Թուրքերն անընդհատ ուզում են ինձ վախեցնել, շանտաժի ենթարկել, բայց ես չեմ վախենում։ Այս ֆիլմը իմ նախկին ֆիլմերի, աշխատանքների բնական շարունակությունն է եւ վախ չկա։ Իմ ամենաէմոցիոնալ րոպեներից էր, երբ այն միակ երգը՝ «Երազը», որ իմ հայրը հիշում է, որը տատիկը երգել է իր համար, ես այդ երգն այսօր ֆիլմի համար ձայնագրեցի Հայաստանում՝ սբ. Գայանե վանքում։ Հուզված էի, շատ զգացմունքային պահ էր՝ վերադարձել էի իմ անցյալ»։ Մոտ 3 տարի Ա. Էգոյանն աշխատել է «Արարատ» ֆիլմի սցենարի վրա։ Շ. Ազնավուրը ֆիլմում չի երգում. «Դա հանդիսատեսին կխանգարեր Ազնավուրի խաղը զգալու համար»։ «Արարատում», բնականաբար, Արշիլ Գորկին էլ կա։ «Արարատում» ընդգրկված է նաեւ Ա. Էգոյանի անցյալ տարի Վենետիկի Բիենալեում ներկայացրած Արշիլ Գորկու մասին ֆիլմից հատվածներ։ Եվ ի թիվս այլ օտարազգի եւ հայ դերասանների, գլխավոր դերերից մեկում ռեժիսորի կինն է՝ Արսինե Խանջյանը, որը Էգոյանի առաջին հանդիսատեսն է եւ ներշնչող ուժը. «Արսինեն միաձուլված է իմ կյանքին եւ արվեստին, որն ունի իր ներքին ազգային պայքարը։ Ես երբեք իմ ֆիլմի ցուցադրությունից չեմ ունենա այն նույն զգացումը եւ կարեւորությունը, որն ապրեցի, երբ մեր նկուղում տեսամագնիտոֆոնով Արսինեին առաջին անգամ ցուցադրեցի ֆիլմը…»։ Այսօր մշակութային եւ քաղաքական ոլորտներում առաջին կարգի քննարկման թեմա է դարձել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որի սցենարին ոչ ոք լիարժեք ծանոթ էլ չէ, բացի հեղինակներից։ Ատոմ Էգոյանը, Շառլ Ազնավուրը եւ մյուսները, որ աշխարհին ճանաչել են տվել իրենց ուժը, եւս մեկ անգամ հաստատում են արվեստի՝ զենքից էլ առավել ուժը։ Թուրքիայի կառավարությունը գիտակցում է, որ բավական են միայն Ազնավուրի եւ Էգոյանի անունները՝ մարդկության կողմից ցեղասպանության փաստի գիտակցման համար։ Իսկ Էգոյանն անկեղծ է՝ նա քաղաքական խնդիր չի լուծում, նա հետեւում է իր անցյալին եւ իր անձնական վերապրումը, վերաբերմունքն է արտահայտում ֆիլմ-լեզվի միջոցով։ Իսկ Թուրքիայի աղմկարարները պետական PR-ի առջեւ իրենց պարտքն են կատարում։ Միայն թե այս ամբողջի՝ «Արարատ» ֆիլմի եւ թուրքական PR-ի գիտակցությունը չկա մեր երկրում։ Ատոմ Էգոյանին պետք է Հայաստանի իշխանություններն ընդունեին պետական մակարդակով, որքան էլ մեծ ռեժիսոր-պարզ արվեստագետը իր աշխատանքային այցով էր եկել եւ ակնկալիքներ չուներ։ Հայաստանը դրանով գոնե կցուցադրեր իր աջակցությունը, դիրքորոշումը՝ Ա. Էգոյանի կողքին ամուր կանգնելով։ Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունների նման վերաբերմունքը պայմանավորված է ընդամենը նրանով, որ մեր երկրում իսկական մեծերին եւ մեծ գործերը, իրական արժեքները գնահատելու ավանդույթ չկա։ Իսկ մշակույթի ուժն ու դերը ընկալելու համար շատ հեռու են՝ պարփակված ներքին քաղաքական մանր ինտրիգներով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել