Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

խաչի անվամբ ծպտվածները

Դեկտեմբեր 15,2001 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թուրքերից հետապնդվող մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, որը գահակից է Եդեսիայի կոմս Ժոսլինին այս գավառում, բայց ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի հորդորով պայման էր կնքել ամիրայի հետ` չաջակցել խաչակիրներին: Խմբում նաեւ Ժոսլին որդին է, նրա խորթ քույր Ստեֆանին, որին տեղավորում են գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Շուտով այստեղ է ժամանում նաեւ Եվմորֆիա թագուհին, որը չնայած առաջացած տարիքին, հղի է: Տագնապալի լուր է հասնում, որ թուրքերը պաշարել են Խառան կարեւոր բերդաքաղաքը: Վիճակը բարդացնում է այն, որ նախկինում գերվել էր Ժոսլինը` խաչակիրների զորահրամանատարը, որի տեղը թագուհին նշանակում է Ժոֆրուա Վանականին` նրան Եդեսիայի կոմսության գավառներ նվիրելով: Տարաձայնություններ կան Ռուբինյան եղբայրների միջեւ. Թորոսը կողմ է Բյուզանդիային ապավինելուն, որքան էլ Կայսրությունը թուլացած է, Լեւոնը համոզված է, որ հարկավոր է անկախ քաղաքականություն վարել: Բարդություններ կան նաեւ տեր Մատթեոսի ընտանիքում: Սարկավագ Գրիգորն ամուսնություն է առաջարկել նրա դստերը. իրիցկինը դեմ է` փեսացուի ցածր ծագման պատճառով, իսկ քահանան տալիս է օրհնությունը` ժամանակին նույն խնդրին բախված լինելով: Սկսվում է Եվմորֆիա թագուհու երկունքը: Տեր Մատթեոսին եւ քույր Ստեֆանիին կեսգիշերին կանչում են պալատ, հայտնելով, որ նրա դրությունն օրհասական է: Տպագրվում է սեպտեմբերի 8-ից, շաբաթօրյա համարներում: 46. տնտեսի դեմքին դաջված էին բամբակե կոշտ բարձի բոլոր ծալքերը: Ես նրան երկու՛ անգամ պատվիրեցի միանձնուհու ջորին նույնպես թամբել, որպեսզի հանկարծ չխառնի: Ինքս արագ հագնվեցի, բայց դեռ չէի մոտեցել քույր Ստեֆանիի սենյակին, երբ նա գլուխը դռնից հանեց եւ սթափ ձայնով հաղորդեց, որ շուտով պատրաստ կլինի: Դատելով լուսնից, որն ամպամած երկնքում մի պահ փայլում ու երկար անհետանում էր, գիշերվա երրորդ ժամը` Մթացյալն էր: Ողջ ճանապարհը, որ միայն երկու տեղ էր կանթեղներով լուսավորված` շուկայի հրապարակում ու միջնաբերդի դարպասների մոտ, լռելյայն անցանք: Ես մունջ էի` կաշկանդվելով հիվանդությանս ժամանակ միանձնուհու հանդեպ զգացածից, իսկ նա, որքան նկատել էի, սովորաբար առաջինը չէր խոսում: Մեզ ուղեկցեցին թագուհու ննջասրահ, ուր, ինձ տեսնելով, նաժիշտներն ուղղեցին նրա վրայի վերմակը: Եվմորֆիան ջերմեռանդորեն համբուրեց իմ` հասարակ հայ քահանայիս ձեռքը, ինչից սիրտս սեղմվեց ու կոկորդս քերվեց: Թագուհին հունադավան էր եւ արդեն սուրբ հաղորդություն ընդունել էր հոռոմ խոստովանահորից, բայց խնդրեց, որ ես էլ աղոթեի իր համար, քանի որ միշտ պատվել է իր հայ պապերի հավատը եւ հոգացել, որ Երուսաղեմում այն ազատ պաշտվի: Նա մահվանից չէ, որ վախենում էր. իրեն պարտավոր էր համարում ապրել, քանի դեռ թագավորությունն ու ամուսինը սարսափելի վտանգի մեջ են: Վաղօրոք վճիռ էր կայացրել. եթե, այս փորձությունն անցնելով, աղջիկ ունենա, անպայման նվիրաբերելու է սուրբ եկեղեցուն, իսկ եթե տղա ծնվեր, պարզ է, կժառանգեր հոր գահը, բայց Եվմորֆիան կջանար, որ ամենից առաջ քրիստոսասեր լինի: Քույր Ստեֆանին մնաց ներսում, որ թագուհուն քաջալերի եւ մանկաբարձին օգնի, ես դուրս եկա նախագավիթ: Այնտեղ մտահոգ կանգնած էին մեծ իշխանը, կոմս դը Գրենիեն, որն առաջին անգամ էր մահճից վեր կացել, ուրիշ խաչակիր ասպետներ, պատրիկ Դամիանոսը, հայ ազատներ, տիկնայք, բժիշկ Տիրատուրը: Պատրիկն ինձ ցածրաձայն պատմեց, որ պտուղը դուրս չի գալիս, եւ մանկաբարձուհին կասկածում է, որ նրա դիրքը խախտվել է: Հնարավոր է, որ պատճառը կես օր Զորավարի կոզեռն վանքից Բեհեսնի անխոհեմաբար ձիավարելն է եղել, թեեւ, դը Գրենիեի կարծիքով, թագուհուն ինչ վնաս որ հասել էր` ճակատամարտի վայրից փախչելուց էր հասել: Ամենավատն այն է, միջամտեց մոտիկ կանգնած բժիշկ Տիրատուրը, որ վերջին երեխայից` Հոդիերնից հետո, ամբողջ տասնմեկ տարի է անցել, իսկ թագուհու տարիքն այդ ընթացքում, պարզ է, չի պակասել` ավելացել է: Դամիանոսը հառաչեց, թե նա երեւի արդեն հիսուն կլինի, որը բոլորովին լավ տարիք չէ ծննդաբերելու համար: Կոմս դը Գրենիեն ճշտեց, որ Եվմորֆիան քառասունչորս տարեկան է, եւ հարցրեց իշխանին, թե Վարդահերի գյուղից հեքիմը քանի ժամում կհասնի այստեղ: Ֆրանկները Մխիթարի նկատմամբ մեծ հավատ էին տածում, եւ հենց Եվմորֆիայի դրությունը տագնապալի էր դարձել, կանչել էին տվել նրան, թեեւ մենք երբեւէ չէինք լսել, որ հեքիմը ծննդկանների օգներ: Իշխանը պատասխանեց` լուսաբացին, եւ ես այլեւս նրանց կողքին չհապաղեցի, որպեսզի եկեղեցի գնամ` գիշերային հսկումի: Առավոտյան ժամերգությունից հետո նորից եկա պալատ, որտեղ տիրող տրամադրությունը նախկինից ավելի ծանր էր: Ներսուդուրս անող նաժիշտները ազատություն էին տալիս արցունքներին նախագավթում: Երբ կեսօրն էլ անցավ, եւ արդեն իրիկնանում էր, Մարգարիտ դը Գրենիեն դուրս եկավ եւ ամուսնուն շշուկով հայտնեց, որ փրկության հույս չկա. թագուհին հանգչում է: Այդ ժամանակ կոմսն սկսեց իշխանի հետ խորհրդակցել, թե արդյոք պահը չէ վերջին միջոցին դիմելու: Այն առաջարկել էր հերացի Մխիթարը, որը թեեւ հանձն չէր առել որեւէ կերպ օգնել` որպես գործին անտեղյակ, բայց հիշել էր, որ մի անգամ լսել է, թե մանկանն աքցանով են դուրս քաշել: Մանկաբարձուհին ու Վալուրջ տատմայրը հրաժարվեցին այդ եղանակը կիրառելուց: Նրանց հեռանալուց հետո կոմսն աներեւակայելի համարձակություն ցուցաբերեց` որոշելով, որ եթե թագուհու կենաց-մահու հարցն է` թող Մխիթարն ինքն իրագործի սեփական խորհուրդը: Հեքիմը երդվեց, որ ոչինչ չի հասկանում մանկաբարձությունից, բացի այդ, բժշկական գործիքներին անվարժ է` լինի սղոց, դանակ, թե` ունելի: Երկար համոզելուց հետո Տիրատուրը ստանձնեց գործողությունը, բայց թագուհին մերժեց այր մարդուն մոտիկ թողնել իրեն: Ճրագալույցի ժամն էր, ծառաները կանթեղից կանթեղ ու ջահից ջահ էին անցնում` կրակաձողից պատրույգները կպցնելով, երբ Լեւոնը կանչեց Վալուրջ մամիկին եւ հրամայեց, որ, կործանումն աչքն առած, գործի գցի աքցանը: Շատ ժամանակ չանցած, ննջասրահից դուրս եկավ կոմսուհի դը Գրենիեն եւ ազդարարեց, որ թագուհին ազատվել է: Ցնծություն եղավ, բարձր աղաղակներ հնչեցին, բոլորն իրար շնորհավորում էին ու ողջագուրվում: Նույնիսկ մի պահ մոռացել էինք հարցնել, թե Եվմորֆիան ինչ ունեցավ: Ավաղ, պարզվեց, որ թագաժառանգ լույս աշխարհ չի եկել, այլ` չորրորդ արքայադուստրը: Այսինքն, Բալդուինից հետո Երուսաղեմի թագավորությունում պայքար կսկսվեր, թե մերձավոր ազգականներից ո՛վ գահ բարձրանա, հաղթողը արքունիքը կլցներ իր կուսակիցներով, որոնք դուրս պիտի մղեին հին պալատականներին, ինչը մեծ խառնաշփոթի ու երկպառակությունների առիթ կտար… Միայն թե այդ բոլորն ապագայի խնդիրներ էին: Իսկ ներկայում ուրախալի փաստն էր, որ թագուհին ողջ մնաց, եւ նորածնի ո՛չ դեմքը, ո՛չ մարմնի որեւէ ուրիշ անդամ աքցանը չէր վնասել, ծոծրակից վերեւ էր միայն պոկել մաշկի մի կտոր: Վալուրջ մամիկը, հպարտ իր հաջողությամբ, շարունակ ցուցամատով ու բութով սրբելով ներքեւի շրթունքը, հավատացնում էր իրեն ոսկեդրամ շնորհող իշխանին, որ եթե միտքը վնասված չլինի, սպին հոգ չէ` մազերը կծածկեն: Դրանք բաց խարտյաշ են, ուրեմն, աղջիկը հորն է քաշել եւ անպայման բախտավոր կլինի: 47. չորս հարյուր հեծյալ ու յոթ հարյուր հետեւակ այսինքն` իր հավաքած ամբողջ զորքը, Ժոֆրուա Վանականը որոշել էր տանել հարավ` Սերուջ բերդաքաղաքի մոտ թուրքերի ճանապարհը փակելու, քանի որ լսել էր, թե Խառանը բանակցում է Բալակի հետ: Իսկ քաղաքը, որ բանակցում է, արդեն կիսով չափ հանձնված է, գրել էր նա, եւ այդ խոսքերը դուր եկան բոլորին: Ամիրային շարունակում էին նորանոր գնդեր միանալ, հայտնում էր ֆրանկների զորահրամանատարը, այնպես որ, եթե Լեւոնը կարողանար ասպատակել նրա հյուսիսային գավառներից որեւէ մեկը, դա լուրջ աջակցություն կլինի խաչակիրներին: Ռուբենը հավաքել էր յոթանասուն ձիավոր, հարյուր զինվոր, ինչպես նաեւ հարյուր հիսունից ավելի ռամիկ` իրենց ունեցած խղճուկ զենքերով: Բայց մայիսյան անձրեւները հնգօրյա դադարից հետո վերսկսվեցին, ուստի զորախումբը ստիպված եղավ երկու շաբաթ սպասել, մինչեւ եղանակը բացվեր ու գետինը չորանար, քանի որ ասպատակ սփռելու համար գլխավորը տեղաշարժի արագությունն էր: Այդ ընթացքում Երուսաղեմից սուրհանդակ եկավ, որը բերել էր թագավորական խորհրդի նամակը: Սուրբ քաղաքի պատրիարք Գորմոն Էբրեմարը, Նազարեթի արքեպիսկոպոս Անքվետինը, Բեթղեհեմի եպիսկոպոս Ռոջերը, Փիլիպոսի Կեսարիա քաղաքի եպիսկոպոս Բեռնարը, Լիդի եպիսկոպոս եւ Հովսափաթի հովտի Սուրբ Մարիամ վանքի աբբահայր Ժոդուանը, Տաբոր Աշար Լեռան վանահայր Պիեռը, Փրկչի Տաճարի վանահայր Առնոն, Սիոնի Լեռան վանահայր Ժերարը, Սուրբ Շիրիմի վանահայր Պայենը, իշխան Գիյոմ դը Բյուր Փարիզեցին, Յաֆայի սպարապետ Բալդուին դը Ռամը եւ բազմաթիվ այլ մեծ մարդիկ որոշել էին, որ Բալդուին դը Բուրգի գերության ժամանակամիջոցում թագավորության խնամակալ պետք է լինի Եվսթատիոս կամ, ինչպես իրենց ձեւով ասում էին ֆրանկները, Օստաս դը Գրենիեն: Խորհուրդն արդարամիտ էր համարել թագուհու վճիռը` Ժոֆրուա Վանականին, որպես քաջ եւ հմուտ զորավարի, կարգել խաչակիր ասպետների գլխավոր հրամանատար, բայց նաեւ մտահոգ էր, որ ընտրությունը նախօրոք չէր համաձայնեցվել հոգեւորականների ու բարոնների հետ, մանավանդ որ այն կարող էր դուր չգալ Հռոմի պապին, որի հետ Վանականը ժամանակին բախում էր ունեցել: Նամակը հորդորում էր դը Գրենիեին` հենց որ առողջությունը թույլ տա, անհրաժեշտ պահպանություն ապահովելով, թագուհուն ուղեկցել մայրաքաղաք: Նրանք տեղյակ չէին, որ Եվմորֆիան դուստր էր ունեցել, եւ, ի տարբերություն կոմսի, որն արդեն կարողանում էր ձի հեծնել, դժվարությամբ էր վերականգնում ուժերը եւ երկար ճանապարհ կտրելու ի վիճակի չէր: Թագուհին նոր խնամակալին պատվիրեց հայտնել խորհրդին, որ թշնամին չի սպասում, մինչեւ կրոնավորներն ու բարոնները, Հռոմի կարծիքն էլ հաշվի առնելով, համաձայնության գան, թե ով է հրամայելու բանակը: Թուրքերը ծանր պայմաններ են դրել, բայց դրանով չեն բավարարվում, այլ նոր ամրոցներ են պաշարում: Ուստի, փոխանակ որոշելու, թե թագուհին որտեղ գտնվի, երբ որ խորհուրդի առավելագույն իրավասությունը խնդրելն է, թող նրա անդամները շտապ հանգանակեն պահանջվող գումարը, քանի որ գանձարանը դատարկ է: Եվմորֆիան կոչ էր անում նաեւ համաձայնել Բալակի պահանջած զիջումներին եւ շուտափույթ զնդանից դուրս բերել թագավորին` ավելի մեծ աղետներից խուսափելու համար: Նա ինքը մտադիր էր մնալ Բեհեսնիում կամ մեկնել Եդեսիա, որպեսզի հնարավորին չափ մոտիկից նամակագրություն վարեր ամուսնու հետ: Կոմսը դիմեց Լեւոնին եւ թիկնազոր խնդրեց, քանի որ եթե ֆրանկներից վերցներ, թագուհին առանց ասպետների կմնար: Իշխանը քսան հեծյալ ու քառասուն զինվոր առանձնացրեց Ռուբենի ջոկատից, եւ դը Գրենիեն, Եվմորֆիայի կողքին թողնելով նաեւ իր տիկնոջը, ճանապարհ ընկավ Երուսաղեմ: Մի քանի օր անց Ռուբենն արշավի դուրս եկավ, եւ կարծես ամբողջ Բեհեսնին միանգամից շունչը պահեց: Ամրոցն ու քաղաքը խաղաղվել էին, որ նույնիսկ երկու տասնյակ ասպետը, որ թագուհու ողջ շքախումբն էին, հազվադեպ էին պարապում սրամարտով կամ պանդոկ հաճախում` հարճերի ու պոռնիկների հետ զվարճանալու, հետո էլ աղմուկ-աղաղակ դնելու փողոցում: Ահա թե ինչու, ավելի հանկարծակի ու արտառոց էր խառնաշփոթը, որ ծայր առավ ամենուրեք, երբ մի շաբաթից զորախումբը վերադարձավ: Այն իր հետ բերել էր երկու հարյուր երեսուն գերի, չորս ազնվացեղ ձի, տասնմեկ ընտիր ջորի, տասնհինգ օղազրահ, թրեր, դաշույններ, նետուաղեղներ, հազար հարյուր ոչխար, երեք հարյուր քառասուն կով, տասնինը լուծ գոմեշ, յոթ լուծ եզ, ավանակներ ու այծեր, ինչպես նաեւ երկու ուղտ` բեռնված արծաթե, պղնձե, երկաթե ամաններով, հագուստով ու կտորեղենով: Ընդհանուր առմամբ, կարողացել էին ավարառել տասնչորս գյուղ, որոնցից հինգի բնակիչները, հարձակման լուրն առնելով, հասցրել էին փախչել` հետները տանելով անասունների մի մասը: Գերիներից մեկը Մալաթիայի տեր Ղըլջ Ասլանի գլխավոր հարկահանն էր, որին իր տասնհինգ ուղեկիցների հետ պատահել էին մի հարուստ գյուղում: Դրանցից ոմանք ճողոպրել էին լավ նժույգների շնորհիվ եւ վտանգ էր ծագել, որ շտապ ոտքի կհանեն Ղըլջ Ասլանին, որի անունն իրենց լեզվով նշանակում է` Կարմիր Առյուծ: Բայց երեւի թե նա Մալաթիայում չէր եղել, ծառաներն էլ չէին հանդգնել մարտի դուրս գալ անհայտ ջոկատի դեմ, որովհետեւ ոչ ոք մարտի չէր բռնվել Ռուբենի հետ: Գերիների կեսը սելջուկներ էին, մյուսները` պածինակներ կոչվող մարդիկ, որ իրենց կոչում էին բաջանաղ, մինչդեռ ուրիշներն էլ ասում էին` պեչենեգ: Սրանք, մինչեւ սելջուկներից 1071 թվականին Մանազկերտում բյուզանդական կայսեր կրած պարտությունը, նրան էին ծառայել, իսկ հետո` Գող Վասիլին, որից էլ նվեր էին ստացել այդ գյուղերը: Միակ դիմադրությունը պածինակներն էին ցույց տվել ասպատակողներին եւ կռվի մեջ սպանել մի զինվորի ու վեց ռամիկի: Ռուբենի խոսքերով, գերիներն ավելի շատ կլինեին, բայց երեք գյուղերի կեսը քրիստոնյա ասորիներ էին, որոնց ավագներից փրկագին էին ստացել, իսկ եկեղեցիներից ու տներից խլել միայն թանկարժեք իրերը: 48. լեւոնը շուկայի հրապարակում ձեռնամուխ եղավ ավարը բաժանելուն: Նժույգներից ամենագեղեցիկը` հինգ տարեկան սպիտակ հովատակը, նա նվեր հղեց թագուհուն, մեկական էլ բաշխեց իրեն, Ռուբենին եւ Ժոսլին Կրտսերին` որպես իր բարձակցի որդու: Ըստ կարգի, թագուհուն տրվեցին նաեւ հարկահավաքի բեռներում գտնված ութ փերթ ոսկեկար դիպակը եւ փաթթոցի գոհարազարդ ոսկե ապարոշները, որոնցով մուսուլմանների անվանիները քունքերի մոտ ականջապանակներն էին հանգուցում: Իշխանի հասանելիք արծաթե իրերից Լեւոնը խորանի երկու խաչ նվիրաբերեց Սուրբ Գեւորգ եկեղեցուն, մի բանվածք էլ` քույր Ստեֆանիին` իր մենաստանի համար: Կարմրադարչնագույն մարմարից մի գավաթ, որի եզրաշուրթը բոլորվում էր վրան առաքյալներ դրվագված արծաթե օղակով, իշխանը նույնպես ինձ հանձնեց: Անոթը օգտագործելի էր գինու համար, որ պսակի արարողությանը մատուցվում էր նորապսակներին: Զինվորները ստացան պղնձեղենն ու քաթանը, ռամիկները` անագե, երկաթե, կավե ամանեղենն ու մազե խսիրները: Հարկահավաքին արգելափակեցին Կորստյան տանը` իր մարդկանց հետ, մինչեւ որ նրա փրկագինը տային, իսկ հասարակ գերիներին բաժանեցին հեծյալներին ու զինվորներին` ըստ իրենց դիրքի ու քաջության: Երկու գերի տվեցին ինձ` Սուրբ Գեւորգին պատկանող ջրաղացում բանեցնելու համար, մեկին Ռուբենն անսպասելիորեն առաջարկեց ավելացնել տանս կարիքների համար: Նույնիսկ մի թուրքի, որն իրեն մոտիկ էր կանգնած, վզակոթից բռնած առաջ հրեց եւ շուռումուռ տվեց, որ ես հավանեի: Սա քիչ մնաց` ընկներ, քանի որ կարճ ձեռքերն ու ծուռտիկ ոտքերն իրար էին կապած պարանով, բայց հավասարակշռությունը պահեց եւ ինձ հառեց արնամած նեղ աչքերը: Իշխանը սիրահոժար համաձայնությամբ արձագանքեց որդուն, բայց ես հրաժարվեցի` բացատրելով, որ չեմ ցանկանում` իմ տանն անհավատ բնակվի, մանավանդ որ գիտեի` իրիցկինն էլ դրան դեմ էր լինելու, եթե նույնիսկ գերու հետ մի լիտր ոսկի տային: – Չլինի՞ թե վախենում ես սրանից, տե՛ր հայր,- անհարկի հարց տվեց Ռուբենը:- Վախենու՞մ ես` վնաս տա կամ փախչի՞: Անհոգ մնա. կխելոքացնեմ, հետո կուղարկեմ: Եվ, լինելով շատ ավելի հաղթանդամ, քան` թուրքը, կանգնած տեղից խփեց նրա գլխին կոշիկի կրունկով, որից աստղաձեւ խթանը զնգզնգաց եւ պտտվում էր առանցքի շուրջը ոտքը գետնին դնելուց հետո: – Խնդիրը վախը չէ, որդյակ, որ պարծենամ իմ սրտոտությամբ,- ասացի ես:- Նախ անօրեն է: Բացի այդ, երկու օրվա ճամփա է հեռու ապրել այստեղից: Ուրեմն, ամեն պահ հիշելու է տունը, ինձ ատելու, մահս է ցանկանալու, որպես իրեն բռնացողի, եւ ես շարունակ անհանգիստ պետք է լինեմ: Այնպես որ, սրան եւ մյուս հասարակ գերիներին ճիշտ է հեռավոր ազգերին վաճառել: Իսկ մի ուրիշ ստրուկի, որ մեծահոգությամբ ինձ կամենայիք, կընդունեի, որ թեթեւացներ տանս հոգսը: Լեւոնը համամիտ եղավ ինձ հետ, ասելով, որ իր բոլոր գերիներին կա՛մ Անտիոք, կա՛մ Սեբաստիայի շուկա կուղարկի վաճառելու: Նա հեծյալներին ու զինվորներին խորհուրդ տվեց նույն կերպ վարվել եւ մտադիր էր անցնել զրահներին, երբ մի քանի հայտնի բեհեսնեցիներ, որոնց հարազատներին սելջուկներն սպանել էին, իշխանից խնդրեցին իրենց հասարակ գերիներ հանձնել զոհաբերության համար, եւ նա ոչ մեկին չմերժեց: Զրահները, որ Դիարբեքիրի ընտիր երկաթից էին, բայց փոքր էին` թուրքերի չափով կռած, նույնպես իշխանի բաժինն էին: Այսուհանդերձ, նա յոթ հատը նվիրեց ավարառու ազատներից կարճահասակներին, մնացածը բերդապահ Կոստանդինին հանձնարարեց տեղավորել զինապահեստում, որ հետագայում վաճառեին: Հաջորդ արժեքավոր ավարը ջորիներն էին, որոնցից ամենագեղեցիկն ընտրելով` Լեւոնը նվիրեց ինձ: Այն սեւորակ էր ու բարեկազմ, հայկական շահրի տեսակից: Երեւում էր, որ ջորին ստանալուց էշին էին վազեցրել արաբական նժույգի վրա, եւ ոչ թե հակառակը, քանի էշի փոքր մարմնից դուրս եկածը հազվադեպ էր բարձր հասակ քաշում: Ես հրաժարվում էի, քանի որ վայել չէ հոգեւորականին այդպիսի շքեղ կենդանի հեծնել, բայց իշխանը պնդեց, որ իր ատենադպիրը չպետք է տանջվի կծան գրաստի պատճառով: Ես մտքումս որոշեցի, որ փայլուն սեւ գույնի համար անունը կդնեմ Խափշիկ: Զենքերի մեջ, ինչպես միշտ, աղեղներն էին հրաշալի: Թուրքերը դրանց լարերը ոչ թե ձիու կամ ջորու, այլ` եգիպտական ուղտի ջլերից էին ոլորում, որի շնորհիվ կարողանում էին նետը մեր ռազմիկներից երկու անգամ հեռու ձգել: Մի աղեղ, որ փղոսկրե ոսկեզօծ եղջյուրիկներով էր, Բեատրիսին արժանացավ ընծայվելու, մյուսները բաշխեցին իշխանի թիկնազորին: Այնուհետեւ Լեւոնն արդարամտորեն բաժանեց մնացած անասուններին, որի հինգերորդ մասն իրեն վերցրեց, տասանորդը հատկացրեց Բեհեսնի գավառի հոգեւորականներին, բացի այդ, զանազան ինչք շնորհեց կարոտյալներին, չնայած որ եկեղեցին էլ էր պարտավոր նրանց բաժին պարգեւել: 49. խրախճանքի երկու խոշոր առիթ կար` Եվմորֆիա թագուհու ազատվելը եւ Ռուբենի ասպատակության բարեհաջող ավարտը: Թեեւ ավելի ճիշտ կլիներ դրանք կոչել պատրվակ` հանդիսություն կազմակերպելու համար, քանի որ ֆրանկները երկար չէին դիմանում առանց զվարճությունների: Ո՞վ կպատկերացներ նախքան նրանց հայտնվելը, որ հնարավոր է գինարբուք անել, երբ թագավորդ հեծում է անհավատների զնդանում: Բայց, ավաղ, ցոփությունն ու թեթեւամտությունն ավելի վարակիչ են, քան` պարկեշտությունն ու լրջախոհությունը, եւ հայոց մեջ նույնպես հաճույքների մոլուցքը տարածվում էր: Թուրքերը խաչակիրների բանակը ջարդեցին ապրիլի 10-ի չարաբաստիկ չորեքշաբթին, երբ Մեծ Պասեքից չորս օր էր անցել: Հիմա դեռ Հիսունքի` Պենտեկոստեի մեջ էինք, տասը օր կար մինչեւ Հոգեգալստյան տոնը, որ մայիսի 29-ի կիրակին էր, բայց Բեհեսնիում հայ թե ֆրանկ, հոռոմ թե ասորի այնպես էին պատրաստվում կոչունքին, կարծես վշտի ու անձկության տարիներ էին անցկացրել եւ հարկավոր էր շտապ ետ բերել կորցրածը: Քեսունից կանչել էին ֆրանկ դերասաններ, որոնք իրենց անվանում էին ժոնգլյոր: Խնջույքը նշանակված էր մայիսի 22-ի կիրակին, նրանք, շուտ գալով, օրեր առաջ երգում ու խեղկատակություն էին անում շուկայի հրապարակում: Պատվավոր ծերունիների առաջ, որ սովորականի պես աթոռներով նստած էին այնտեղ, անմիտ ու ամոթալի պատմություններ էին ներկայացնում` ոչ միայն ֆրանկների լեզվով, այլեւ` հայերեն, այն էլ ռամիկների բարբառով, որ ամենքին հասկանալի էր: Երեք տղամարդ ու մի կին, որ նրանց պես հանդուգն էր, մարմինները ծալծլում էին հազար տեսակ, աճպարարություն անում խաղաթղթերով, մի քանի խնձոր միաժամանակ օդ գցելով` խաղացնում, իսկ վերջում բռնում դանակի ծայրի վրա: Զանազան իրեր էին վերցնում շուրջները հավաքված անմիտ մարդկանցից եւ գցում մի գդակի մեջ, որտեղ դրանք… անհետանում էին: Եթե թանկարժեք բան էին վերցրել, ինչպես` արծաթե մատանի կամ ապարանջան, կարծես օդի միջից բռնելով` նորից վերադարձնում էին տիրոջը: Իսկ պղնձե դրամներն իրենց վարձ էին պահում ու նրանցով ուտում շուկայի կերակուրը: Մեր գուսաններն ու վարձակները ցերեկը նրանց էին նայում պանդոկի ու օտարանոցի դռների միջից, իսկ երեկոյան բոլորը միասին զվարճացնում էին գինով արբեցողներին: Իր կառուցած Սուրբ Բենեդիկտի լատինական վանքից իշխանը հրահանգել էր Բեհեսնի ժամանել Ռիշար անունով մի կրոնավորի, որը կարող էր ժամեր շարունակ գեղեցիկ բառերով նկարագրել ֆրանկների քաջագործությունները` Երուսաղեմ եւ Անտիոք քաղաքները գրավելիս: Մկնիկ կոչվող վայրից, որտեղ ընդամենը մի քանի տուն կար, բերել էին տվել ճարտար ձիախաղաց Թաթուլին: Թեեւ նրա լեզուն հայերեն էր, բայց` ասորերենին շատ նման եւ մեզ համար գրեթե անըմբռնելի, որովհետեւ բնիկ սասունցի էր, որ իրենց անվանում էին նաեւ սանասունցի: Նրանք սերում էին վաղնջական ժամանակներից այդ լեռներում հաստատված Սանասարից, որն Ասորեստանից էր փախչել` հոր թագավորությունից ապստամբված: Իսկ մի ասորի, որ հայտնի թովիչ էր եւ եկել էր Ռաբան քաղաքից, ներկայանում էր որպես հնդիկ, թեեւ նրանց նման թուխ կամ սեւ չէր: Փողոցում նրան պատահելիս` մարդիկ քայլում էին պատերին քսվելով, քանի որ գիտեին, որ ձեռքի պարկի մեջ երկու թունավոր գույնզգույն օձ կա: Գիշեր-ցերեկ մտմտալով եւ ի վերջո դրանից հոգնելով` ես կիրակնօրյա պատարագից հետո այցելեցի իշխանին: Խնդրեցի հոժարել, որ չմասնակցեմ խրախճանքին, որը, մանավանդ ֆրանկների առկայության պարագայում, կսկսվեր աղոթքով, օրհներգությամբ, խորախորհուրդ ճառաբանությամբ ու կենացներով, բայց կվերջանար թատերական տեսիլներով, հարբեցողությամբ, սանձարձակ երգերով ու պարերով, սրամարտությամբ եւ ուրիշ վայրենի վարմունքներով: Լեւոնը չարտոնեց` վկայակոչելով այն, որ հանդիսությունը հին պալատում է կատարվելու, եւ թագուհին իր հյուրն է: Անկարելի է, որ արարողությունը սարկավագն օրհնի, իսկ Կարմիր վանքից կամ Զորավարի կոզեռնից այլ հոգեւորական բերել այս կարճ միջոցին հնարավոր չէ: Ես ուղղվեցի դռան կողմը, իսկ նա ետեւիցս ձայն տվեց, որ ուշադիր լինեմ եւ հանդերձներիս պատշաճությունն էլ չանտեսեմ: Փողոցները սովորականից բազմամարդ էին, բայց ժողովուրդն ավելի շատ ոչ թե շուկա կամ վաճառարանների կողմն էր գնում, այլ` ամրոցի դարպասաբակը: Մի փոքր եկեղեցու ճանապարհից թեքվելով` ես նույնպես գնացի այնտեղ եւ տեսա, որ հայ եւ ֆրանկ ասպետները ձիերով գնդակախաղի էին բռնվել: Հեծյալները կանգնած էին շրջանով եւ իրար էին փոխանցում մեջը սպունգ լցված մեծ գնդակը, որ պատված էր քաթանով ու գոմեշի կաշվով: Այդ ընթացքում մեջտեղում գտնվող ձիավորը, որն ընտրվում էր վիճակ գցելով, պետք է գնդակը խլեր որեւէ մեկից, ինչը նշանակում էր, որ սա խաղից դուրս կթռչի: Ահավոր ժխոր էր, մեր հեծյալները` «նյո, նյո», խաչակիրներն «ատու-ատու» բղավոցներով քշում էին իրենց ձիերին, իսկ բազմությունը գոռում-գոչում էր` խրախուսելով մեկին կամ մյուսին: Նման իրարանցման միջով դժվար էր դարպասաբակը կտրել-անցնել, եւ ես մնացի նայելու, թե ով է հաղթելու: Մի անգամ գնդակն ուղիղ վրաս եկավ, եւ պարեգոտս վեր քաշելով, մույկիս ծայրով հետ խփեցի, ինչն առիթ տվեց, որ շատերը հիմարաբար քրքջան ու աղաղակեն, թե ամենավարպետ խաղացողը տեր հայրն է: Մրցությունը շահեցին Ռուբենը եւ Ամորի դը Լուսինյան ասպետը, որոնցից մինչեւ վերջ ոչ ոք չզորեց գնդակն առնել: Իշխանազնը արաբական երկարոտն սեւ նժույգով էր, որը կայծկլտուն բաշի պատճառով կոչում էին հրեղեն եւ անփոխարինելի էր համարվում պատերազմի մեջ, իսկ ֆրանկը նորմանդական կարմիր մարտաձի էր հեծել, որը կարճ վիզ ու ցածր հասակ ուներ, բայց լավ էր դիմանում խաչակիրների ծանր զրահներին եւ, քուռակ լինելով, շատ անվախ էր: Ախոռապետ Դամիանոսը հաղթողներին մեկական արծաթե սանձ նվիրեց, ապա ասպարեզ մտավ ձիախաղաց Թաթուլը: Նա գրավ բռնեց ցանկացողների հետ, որ ոտքերով ասպանդակներին սեղմած կպահի երկու արծաթե դրամը, եթե նույնիսկ իր վրա նիզակ նետեն: Ութ հոգի փորձեցին իրենց բախտը, բայց Թաթուլը կամ հաջողությամբ խույս էր տալիս, կամ վահանով ետ մղում, նույնիսկ ջարդում նիզակը, իսկ դրամները մնում էին տեղում: Այդպես նա շահեց բոլոր տասնվեց դրամները, մինչդեռ, եթե գցեր ,ըստ պայմանի, կրկնակին էր հատուցելո: Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել