Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

– Հայաստան երկիրը չունի իր կերպարը, իմիջն ու ապրանքանիշը,- կարծում են օտարերկրացիները:

Դեկտեմբեր 15,2001 00:00

Գիտական իմիջմեյքերություն – Հայաստան երկիրը չունի իր կերպարը, իմիջն ու ապրանքանիշը,- կարծում են օտարերկրացիները: «Մեր կառավարությունը, ոնց որ տաքսու վարորդ, ով շվացնում է՝ կանգ է առնում»,- արտահայտելով բոլորովին էլ ոչ սուբյեկտիվ այս կարծիքը, «Երեւան» հյուրանոցում կազմակերպված սեմինարի պատասխանատու տիկին Լիա Ավետիսյանը պարզաբանեց, որ այս սեմինարի նպատակն էլ հենց դա է՝ մեր կառավարությանը ցույց տալ իր «կանգառի» տեղերը: Իսկ «ցույց տվողն» էլ Միլանի համալսարանի պրոֆեսոր Դիփակ Պանտն է, որն իր երկամյա ուսումնասիրություններով փորձել է ուրվագծել Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Ընդհանրապես, պարոն Պանտը տնտեսագետ է, ուսումնասիրում է եւ կազմում երկրների զարգացման «սցենարներ», որոնցից մի քանիսն արժանացել են ուշադրության, գտել մասնակի կիրառություն: Ի դեպ, այդ ծրագրերից շատերն էլ ստեղծվել են հարգարժան պրոֆեսորի էնտուզիազմով (միայն) եւ այդպես էլ մնացել նեղ շրջանակների հետաքրքրության առարկա: Ինչ վերաբերում է «Հրաշալի Հայաստան» սցենարին, ապա այն ստեղծվել է դարձյալ Դիփակ Պանտի էնտուզիազմով, պլյուս՝ հայազգի բարերար Գայանե Կազնատիի հովանավորությունը: Անցած երկու տարում պրոֆեսորը հետազոտել է մեր երկրի բնական ու մարդկային ռեսուրսները, անցել գյուղերով ու քաղաքներով (ի դեպ, նրան վիրավորելու աստիճան վատ է ընդունել Տավուշի մարզպետը): Հետո եկել է եզրակացության, որ Հայաստանը կարող է գտնել իր տեղն ու ճանաչվել միջազգային հանրության կողմից, եթե ունենա էկոլոգիապես մաքուր արտադրանք, ծառայությունների բարձր որակ եւ կարողանա լավ մատուցել իր բազմադարյա մշակույթը: Դժվար թե ընթերցողներից որեւէ մեկը ցնցվի այս «հայտնություններից»: Վերջին հաշվով, այդ ո՞ր երկիրն է, որ կտուժի, եթե ունենա բարձրորակ ծառայությունների ցանց կամ էկոլոգիապես մաքուր արտադրանք: Ինչեւէ, երկամյա աշխատանքի արդյունքը պրոֆեսոր Պանտն ստիպված էր ներկայացնել կիսադատարկ դահլիճում, քանի որ հրավիրյալ կառավարական, քաղաքական ու տնտեսական գործիչներից ոչ մեկը չէր արձագանքել հրավերին: Փոխարենը Միլանից իրենց պրոֆեսորին «բալետ» անելու էին եկել 12 ուսանողներ, եւ ողջ այս սեմինարն իրականում դարձավ տեղում կազմակերպված բաց դաս՝ իտալացի ապագա տնտեսագետների համար: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել