Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թումանյանի

Դեկտեմբեր 15,2001 00:00

«Փարոսի» պղտոր լույսերը Թումանյանի տարածաշրջանը աղքատության ցուցանիշների սանդղակում հանրապետությունում «առաջնային» դիրք է գրավում։ Սահմանափակ են աշխատատեղերը։ Ընտանիքների մեծ մասն ապրում է արտերկրից ստացվող միջոցների հաշվին, մի մասն էլ մի կերպ յոլա է գնում։ Երբ լուր է տարածվում, որ մարդասիրական օգնություն է բաշխվելու, մարդիկ մի տեսակ խուճապի են մատնվում. արդյո՞ք իրենք ընդգրկված կլինեն այդ ցուցակներում։ Հոկտեմբերի 17-ից սկսվեց ՀՊԾ-ի կողմից հատկացված որոշակի քանակությամբ ալյուրի ու ձեթի բաշխումը «Փարոս» համակարգում հաշվառված առավել կարիքավոր ընտանիքներին։ Ալավերդի քաղաքի բնակչությանը լավ հայտնի Ախթալշին տրեստի առաջին հարկում փակցվել էին ցուցակները՝ առանց որեւէ օրինաչափության, այսինքն՝ կամ ըստ այբբենական կարգի, կամ ըստ բնակության վայրի։ Դրանք դժվար էին կարդացվում, քանի որ ապակուն ամրացված թղթերի վրա լույսն ընկնում էր հակառակ կողմից։ Տարեցներին ակնոցն անգամ չէր օգնում։ Նրանցից մեկն իր հետ խոշորացույց էր բերել, որ մի կերպ կարողանա տարբերել տառերը։ Շատերը զայրացած հեռանում էին։ Հենց այդտեղ, ցուցակների առջեւ հավաքված մարդկանց միջեւ բուռն խոսակցություն էր գնում այն մասին, որ ցուցակներում արտառոց անճշտություններ կան, որ որոշ մարդկանց ազգանունները հանիրավի են մտցված ցուցակների մեջ եւ այլն։ Վրդովված էին հատկապես նրանք, ովքեր զրկվել էին օգնություն ստանալու հնարավորությունից, մինչդեռ կարծում էին, որ այն իրենք պետք է ստանային եւ ոչ թե մահացած մարդիկ։ «Փարոսի» աշխատակիցները աննախադեպ հայտնագործություն են կատարել. նրանք պարզել են, որ ողջերն ու մեռածները միատեսակ պահանջմունքներ ունեն, որ հանգուցյալների նկատմամբ էլ պետք է գթասիրտ լինել, նրանց էլ հատկացնել ալյուր, ձեթ եւ այլն։ Զարմանալին այն է, որ հանգուցյալներն այն աշխարհից զորավոր կնիքով փաստաթղթեր են ներկայացրել։ Անկասկած, ցուցակներում ճշգրտություն մտցնելը դժվար գործ է, քանի որ համայնքների շատ ղեկավարներ աշխատում են «կեսն ինձ, կեսը քեզ» սկզբունքով։ Պարզաբանեմ. բնակչին տրվում է այնպիսի տեղեկանք, որի հիման վրա նա կարողանա նպաստ ստանալ վերոհիշյալ պայմանով։ Հայտնի է նաեւ անօրինական ճանապարհով նպաստ ստանալու եւս մեկ տարբերակ։ Դրա մասին ես լսել եմ ավտոբուսում։ Երկու կին զրուցում էին։ Նրանցից մեկը դժգոհում էր, որ ընտանիքում աշխատող չունեն, կենսաթոշակ կամ նպաստ չեն ստանում, օգնության բաշխման ցուցակներում էլ չկան, մանր-մունր առեւտուր անելով են ապրում, երեխաներ պահում։ Զրուցակիցը նրան խորհուրդ տվեց առանց միջնորդի մոտենալ «Փարոսի» աշխատողներից մեկին, նրան խոստանալ երկու-երեք ամսվա նպաստը եւ գործը դասավորել։ «Վնասդ ի՞նչ ա»,- եզրափակեց նա։ Նպաստ ստանալու գայթակղությունն այնքան հրապուրիչ է, որ նույնիսկ ամուսնալուծության է մղում ամուսիններին, չնայած իրականում նրանք շարունակում են համատեղ կյանք վարել։ Հնարավոր է՝ այլ տարբերակներ էլ կան։ Մարդու երեւակայությունը սահման չունի։ Մեր ժողովուրդը վախենում է ճշմարտությունն ասել այնտեղ, որտեղ պետք է, վախենում է տարբեր կարգի չինովնիկների վրեժխնդրությունից, այնինչ, մենք իրավական պետություն ենք կերտում։ Դժվար է այդ հոգեբանական պատնեշը հաղթահարել։ Կարելի է ստեղծել անանուն հեռախոսազանգերի ծառայություն եւ ստուգել ստացված ահազանգերը։ Մեր կյանքում տեղ գտած արատավոր երեւույթների, հատկապես կոռուպցիայի դեմ մղվող պայքարի բաղադրիչներից մեկն էլ թող դա լինի։ Սոցիալական ծառայությունների «Փարոս» համակարգն իրեն արատավորել է ու սպառել։ Տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հսկայական նյութական միջոցները փոշիացնելու փոխարեն կարելի էր փոքր արտադրամասեր ստեղծել եւ կարիքավոր ընտանիքներից գոնե մեկ անդամի ապահովել մշտական աշխատանքով։ Պղտորվել են «Փարոսի» լույսերը, համակարգը նորացման կարիք ունի։ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ալավերդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել