Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմությանը չեն «տեսնում», ուրեմն չեն էլ լսի…

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ Եթե ընդդիմությանը չեն «տեսնում», ուրեմն չեն էլ լսի… Օրերս Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ հարցազրույցի էր հրավիրվել (այլոց հետ) Ինքնորոշում միավորման Լոռու մարզային կազմակերպության նախագահ, ղարաբաղյան շարժման մասնակից Գագիկ Մարիկյանը։ Հարցազրույց վարողը «բացահայտելով», որ նա, բարձրակարգ մասնագետ լինելով հանդերձ, գործազուրկ է, սկսեց հետաքրքրվել, թե արդյո՞ք վերջինս չի փորձել դիմել զբաղվածության կենտրոն՝ աշխատանք փնտրելու նպատակով կամ արդյո՞ք նպաստ չի ստանում։ Երբ Գ. Մարիկյանը բացասական պատասխան տվեց, հարցազրույց վարողը զարմանքով հարցրեց, թե ինչպե՞ս է կարողանում հոգալ իր ապրուստը։ Շատ ավելի արդարացի կլիներ, եթե նման ակտիվությամբ «հարցախույզի» ենթարկվեին նաեւ այն իշխանավորները, որոնք այսօր դղյակներ են կառուցում եւ նրանց հարց տրվեր. «Բա փողը ձեզ որտեղի՞ց»։ Ի դեպ, հաղորդմանը մասնակցում էր նաեւ Լոռու մարզպետարանի մի պաշտոնյա, որը շուրջբոլորը նայելով զարմացած «փնտրում» էր ընդդիմությանը. կարծիք հայտնելով, թե ընդդիմություն ընդհանրապես չկա, մինչդեռ Գ. Մարիկյանը տվյալ պահին ոտքից գլուխ ընդդիմություն էր. նա թերահավատորեն էր վերաբերում երկրի տնտեսական հաջողություններին, գտնում էր, որ 6-10 աշխատող ունեցող մանր ձեռնարկություններով երկիրն առաջ չի գնա։ Եվ Վանաձորի քիմգործարանի վերագործարկմանը նույնպես թերահավատությամբ էր վերաբերում… … Պետք է նկատել, որ «ընդդիմություն» հասկացությունն ընդհանրապես լայն է. կա ընդդիմություն՝ նախագահի հանդեպ, ընդդիմություն՝ ԱԺ-ի կամ կառավարության հանդեպ, ընդդիմություն՝ երկրում տարվող քաղաքականության հանդեպ։ Այս բոլոր իմաստներով ընդդիմության շարքում կարելի է դասել շարքային ժողովրդին։ Մի առիթով ԱԺ պատգամավորներից մեկը նկատել էր, թե «Ընդդիմությունը ժողովուրդն է, եւ չի կարելի հաշվի չնստել ժողովրդի հետ»։ Մեկ այլ առիթով էլ՝ հանգամանքների բերումով ընդդիմադիր դաշտում գտնվող մի քաղաքական գործիչ նկատել էր, թե՝ ոչ թե իրենք են ընդդիմություն, այլ՝ իշխանություններն են ժողովրդին ընդդիմադիր։ Այսօրվա դրությամբ մեր դիտարկումներով Վանաձորի քաղաքական կուսակցություններից տեսանելի ընդդիմությունը Կոմկուսն է (որն այդպիսին է եղել 10 տարիներին անընդհատ՝ անկախ ղեկավարների փոփոխությունից)։ Կան կուսակցություններ, որոնց անդամները երբեմն ընդդիմադիր դրսեւորումներ են ունենում անհատական ելույթի ձեւով, սակայն «ամբողջությամբ» վերցրած՝ ընդդիմադիր չեն, քանի որ իրենց «մայր կուսակցությունից» դրա համար «սանկցիա» չեն ստանում։ Կուսակցություններ էլ կան, որոնք «դրսից», կարծես թե, չեն երեւում, բայց «ներսից» գործում են։ Օրինակ, մեզ չհաջողվեց պարզել, թե ո՞ր կուսակցությունն էր կազմակերպել վանաձորցիների մասնակցությունը «ընդդիմադիր եռյակի»՝ Մատենադարանում կայացած հանրահավաքին (այդ մասին լրատվություն էր հայտնվել հանրապետական մամուլում)։ Միգուցե դրանք այն ուժերն էին, որոնց մասին Լոռու մարզպետը մի հարցազրույցում ասել է. «Երեւանյան որոշ քաղաքական ուժեր, իմ կարծիքով, իզուր են փորձում արմատներ գցել Լոռիում։ Չի ստացվի»։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ առանձին կուսակցություններ իրենց գործունեությամբ խուսափում են «ջրի երես» ելնելուց, նախընտրելով «ընդհատակյա» պայքարը։ Ըստ երեւույթին, այդ զգուշավորության համար նրանք հիմքեր ունեն։ Կուսակցություններ էլ կան, որոնք պարզապես փորձում են իրենց ընդդիմադիր ցույց տալ, բայց իրականում նրանց «ընդդիմադիր կեցվածքը» երբեմն կարող է նմանվել մի բաժակ ջրում առաջացրած փոթորկի։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա պետք է նկատել, որ ընդդիմադիր կարող են համարվել նրանք, ովքեր իրենց ակտիվ վերաբերմունքն են դրսեւորում ամեն մի անառողջ երեւույթի, անարդարության հանդեպ, անկախ այն հանգամանքից, թե ո՞ւմ կողմից է դրսեւորվում այդ անարդարությունը՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմադիր կամ դիմադիր համարվող կուսակցությունների։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել