Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան եւ Բաբաջանյան մարշալներով հայտնի հարեւան հանրապետությունում գտնվող Չարդախլու գյուղի փախստա

Դեկտեմբեր 15,2001 00:00

Զորականը՝ անզոր եւ անջուր Բաղրամյան եւ Բաբաջանյան մարշալներով հայտնի հարեւան հանրապետությունում գտնվող Չարդախլու գյուղի փախստական բնակիչներն այժմ հաստատվել են Տավուշի մարզի Զորական գյուղում։ Եվ ինչպես նշում են «Առավոտին» հղած նամակում, բավականին լավ են ապրել մինչեւ հողերի սեփականաշնորհումը։ Հին ու բարի ժամանակներում ամեն մեկի դռանը մի-մի ծորակ է եղել ու մարդիկ վայելել են Ստեփանավանից եկող սառնորակ ջուրը։ Նրանք պնդում են, որ սեփականաշնորհումից հետո իրենք չորս տարի շարունակ ապրել են առանց ջրի։ Տեղեկացվելուց հետո խնդիրը մեկ անգամ լուծել է Վազգեն Սարգսյանը, սակայն կարճ ժամկետով։ Նրա զոհվելուց հետո Զորականը կրկին մնացել է առանց ջրի։ Իսկ գյուղացիների կողմից՝ նոր վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանին եւ Տավուշի մարզպետին ուղարկված նամակները մնացել են անպատասխան։ Զորականցիները նաեւ պնդում են, որ մի անգամ էլ անցած ձմեռ են ջուր ստացել։ Իսկ իրենց շարունակական բողոքներին պետական այրերը պատասխանել են հետեւյալ կերպ, թե ամռանը Ստեփանավանից մինչեւ Այրում բոստանչիները խողովակները ծակծկում են, այդ պատճառով էլ ջուրը տեղ չի հասնում։ Կարծես թե խողովակների վնասվածքների վերականգնումն ու վերահսկումը ոչ թե իրենց, այլ գյուղացիների խնդիրն էր։ Ըստ գյուղացիների նամակի՝ 2000թ. նոյեմբերից մինչեւ 2001-ի մայիս զորականցիները երեք օրը մեկ են ջուր ստացել։ Ինչի պատճառով գյուղի երեխաները հաճախակի բացակայել են դպրոցից, որովհետեւ ստիպված են եղել օր ու գիշեր ջուր կրել թե՛ իրենց, թե՛ հարեւան ծերերի համար։ Զորականի ջրի խնդրի լուծումը առկախ է մնացել նաեւ ներկայումս։ Ամենքի կողմից մոռացված երիտասարդ զորականցիները այժմ կամաց-կամաց լքում են իրենց նոր հանգրվանը՝ հեռանալով դեպի ռուսաստանները։ Իսկ գյուղում մնացած թոշակառուները ամեն անգամ նորովի են «լավ ու բաբաթ փիքր անում», ամեն ինչ փախստականի իրենց «խարանի» հետ կապելով, որը նաեւ բազմակողմանի լքվածության ու անուշադրության պատճառ են համարում։ «Հայջրմուղ» ընկերության փոխտնօրեն Աշոտ Մալխասյանը, սակայն, հերքեց Զորականում խմելու ջրի բացակայության վերաբերյալ տեղեկությունները, հայտարարելով, թե նրանք ջուր են ստանում ըստ ռեժիմի։ Նա հաստատեց, որ Զորականում գյուղացիներն իսկապես ջուր են ստանում 4 օրը մեկ, այն էլ 500 կվտ հոսանք ծախսվելու գնով։ Նա խնդրի շուտափույթ լուծմանը խանգարող բազմաթիվ պատճառներ ներկայացրեց, ինչպես, օրինակ, Զորականի՝ բարձր դիրքում գտնվելը, Այրումի 140 կմ-անոց ջրատարի վերանորոգումը եւ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները։ Ի դեպ, հիշեց նաեւ կառավարության որոշմամբ Տավուշի տարածաշրջանում իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, ուր եւս խոսվում է ջրամատակարարման բարելավման մասին։ «Հայջրմուղի» փոխտնօրենը խոստացավ նախագծային հաշվարկներ կատարելուց 2 ամիս անց ավելի հաճախ ջուր հասցնել ծարաված Զորականին։ Ի դեպ, տեղյակ ենք, որ դեկտեմբերի 5-ից «Հայջրմուղի» նոր տնօրեն է նշանակվել Արբեն Ղուլյանը։ Ուզում ենք հուսալ, որ նորանշանակ տնօրենը եւս գործի դնելով իր պաշտոնն ու բոլոր լծակները, ինչ-որ կերպ կփորձի օգնել մեկ անգամ արդեն ճակատագրի հարվածը ստացած մեր հայրենակիցներին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել