Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին էներգետիկան տնտեսության այն ոլորտն է, որն անընդհատ գտնվում է բնակչության, հասարակակ

Դեկտեմբեր 15,2001 00:00

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ Վերջին տարիներին էներգետիկան տնտեսության այն ոլորտն է, որն անընդհատ գտնվում է բնակչության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արդեն կայացած ավանդույթի համաձայն, տնտեսական ու քաղաքական լարված իրավիճակի պարագայում էներգետիկ ճգնաժամի տարիները դառնում են քաղաքական շահարկումների թեմա: Միաժամանակ էներգահամակարգի խնդիրները հազվադեպ են լուրջ վերլուծության արժանանում: Նոր դեր Խորհրդային տարիներին էներգահամակարգը տնտեսության ճյուղերից մեկն էր, որի նկատմամբ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չկար: Աշխատող արտադրական համակարգի համար այն ենթակառուցվածքային ճյուղ էր: 90-ականններին պատկերը կտրուկ փոխվեց: Էլեկտրաէներգետիկան դարձավ կարեւորագույն ոլորտ: Մի քանի անգամ աճեց էլեկտրաէներգետիկայի կշիռը արդյունաբերական արտադրության կառուցվածքում: Այն այսօր տնտեսության երկրորդ ճյուղն է: Էներգետիկան կազմում է արդյունաբերության մեկ երրորդ մասը: Եվ, բնականաբար, համակարգը տնօրինում է իր կշռին համապատասխան ֆինանսական միջոցներ: Անցած տարիների ընթացքում այս ոլորտ է ուղղվել 150 մլն դոլարից ավելի վարկային միջոց: Մի քանի տարի համակարգն առանց միջնորդի ինքն էր գանձում օգտագործված էներգիայի վարձը: Յուրաքանչյուր տարի պետբյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվում համակարգին: Փաստորեն, էներգահամակարգը 90-ական թթ.ամենամեծ ֆինանսական միջոցներ տնօրինող ոլորտն էր: Մյուս կողմից ֆինանսատնտեսական այս կայսրությունը գործում է գաղտնիության այնպիսի պայմաններում, որոնց կնախանձեր ցանկացած երկրի անվտանգության համակարգ: «Լափած մազութի» ուրվականը այսօր (կամ 1998-ի իշխանափոխությունից հետո) չի ծնվել: Դեռեւս 1993թ. մարտին ՀՀ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը մի քանի նիստ անընդմեջ փորձում էր մեկ խնդիր պարզել: 1992թ. հուլիսին ստեղծվել էր «Հայգազվառելիք» պետական ձեռնարկությունը: Այս ՊՁ-ին հանձնարարվել էր 70 հազար տոննա մազութ գնել Ռուսաստանից (1 տոննան՝ 60 դոլար): 4 մլն 200 հազար դոլարանոց այս գործարքը մինչեւ վերջ չէր հասցվել: 92-ի օգոստոսից փակվել էր աբխազական երկաթգիծը: Օպերատիվ շտաբն այդպես էլ չգտավ 70 հազար տոննա մազութի հետքը (գործարքի պատասխանատուն այդ պահին Երվանդ Զախարյանն էր, հետագայում նա մի քանի անգամ զբաղեցրել է նախարարի եւ փոխնախարարի պաշտոն): Այնուհետեւ կառավարությունը (վարչապետ՝ Հրանտ Բագրատյան) փոխնախարար Երվանդ Զախարյանին աշխատանքից ազատելուց (17 մարտի 1993թ.) հետո ՀՀ դատախազությանը հանձնարարեց հետաքննել այս գործը: ՀՀ դատախազի (Արտավազդ Գեւորգյան) հրամանով քննությունը հանձնվեց կարեւորագույն գործերով քննիչ Աղվան Հովսեփյանին: Քննչական խումբը գործը այդպես էլ դատարան չհասցրեց: Այդ տարիներին ՀՀ դատախազությունը Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության հետ մի քանի անգամ ստուգել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ծախսերի արդյունավետությունը: ՀՀ դատախազության գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովը 1996թ. փետրվար-մայիս ամիսներին աշխատելուց հետո վերջնական եզրակացություն չի ներկայացրել: Անարդյունավետ էին նույն մայիսին (ինչպես նաեւ 1997թ. սեպտեմբերին) ստեղծված հանձնաժողովների աշխատանքները: Այս եւ հետագայում Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքն ապացուցեց, որ էներգահամակարգը նայիվ չէ: Էներգահամակարգի բոլոր ղեկավարներին (բացառությամբ Հրազդանի ՊՇԷԿ-ի նախկին տնօրենի) հաջողվում է անհետեւանք հաղթահարել բոլոր ստուգումները: Պատգամավորական հանձնաժողովները հասկանալի պատճառներով քաղաքականացնում են եւ ուռճացնում իրենց ստուգումների արդյունքները: Փոխարենը քննչական լիազորություն ունեցող հանձնաժողովները, որպես կանոն, գործում են գաղտնիության պարագայում: Երբեք չեն հայտարարվում նրանց ուսումնասիրությունների իրական ծավալներն ու ոլորտները: Եվ այս հակասության ֆոնի վրա հասարակական կարծիքում խորանում է «էներգետիկ մաֆիայի» ամենազորության մասին կարծիքը: Հատկապես, որ 90-ականներին էներգետիկայի ոլորտում տեղի ունեցած շատ երեւույթներ առ այսօր տրամաբանական բացատրություններ չեն ստացել: Ճգնաժամի որոշ մանրամասներ 1992թ. երկրորդ կեսից Հայաստանում սկսվեցին հովհարային անջատումները: Արդեն չէր գործում ադրբեջանական երկաթգիծը: Մինչեւ ամռան վերջ դեռ գործում էր աբխազականը, բայց այն ավանդաբար համարվում էր մարդատար գնացքների երկաթուղի: Արդյունաբերականը հիմնականում ադրբեջանականն էր: Այս պատճառով էլ իշխանություններին (վարչապետ՝ Խ. Հարությունյան) չհաջողվեց վառելիքի (մազութի) մեծ պաշարներ ներկրել եւ պահեստավորել: Ղարաբաղյան պատերազմի տնտեսական դրսեւորումը միայն ադրբեջանական երկաթգծի փակումը չէր: Խիստ կանոնավոր պարբերականությամբ Վրաստանի տարածքում պայթեցվում էր Հայաստան մտնող գազատարը: Արդյունքում 92-ի աշնանը դադարեցվեց բնակավայրերի գազի մատակարարումը: Բոլոր քաղաքներում չէր գործում կենտրոնական ջեռուցման համակարգը: Ձմռան ընթացքում բնակչության համար ջերմության միակ աղբյուրը էլեկտրաէներգիան էր: Գազի ու մազութի սակավության պայմաններում որոշվեց ընդլայնել հիդրոկայանների արտադրական ծավալը: 1993թ. ընթացքում վերագործարկվեցին Արմավիրի եւ Ստեփանավանի ՀԷԿ-երը: Տարվա ընթացքում Արմավիրն արտադրեց 2040 կվտ, Ստեփանավանը՝ 528 կվտ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ կրճատվեց 30 տոկոսով: Էկոլոգիական բացասական հետեւանքներն ակնհայտ էին: Սեւանա լճի ջրի մակարդակի անկումը, բաց թողնված ջրի քանակությունը գերազանցեցին 50-ականների ցուցանիշը: Այս պարագայում որոշվեց շարունակել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը (1993թ.): 1995թ. վերջում վերագործարկվեց ատոմակայանը՝ այդ տարի արտադրելով 303 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ատոմակայանի վերագործարկումն արդեն հեղաշրջում էր: Հայկական ատոմակայանն աշխարհում միակն էր, որ գործարկվում էր 10-15 մեգավատանոց հովհարային անջատում-միացումներ ունեցող ցանցում: Այդ բարդ (ու վտանգավոր) տեխնոլոգիական կառույցը իր պահանջները դրեց էներգետիկների առջեւ: Այն իր հենց վտանգավորության պատճառով չէր կարող դառնալ էներգետիկայի ոլորտի ղեկավարության պատանդը: Մինչդեռ հենց այդպիսի կարգավիճակում էին գործող բոլոր էլեկտրաարտադրական ձեռնարկություններն ու բաշխիչ ցանցերը: Արդյունքում նաեւ երկրի բնակչությունն ու տնտեսությունը: Ատոմակայանի վերագործարկումը ստիպեց համակարգում տեխնոլոգիական կարգապահություն ապահովել: Իսկ դա նշանակում էր ապահովել արտադրվող ու մատակարարվող էլեկտրաէներգիայի տեխնիկական ցուցանիշները (առաջին հերթին ապահովել 50 հերց հաճախականություն հանրապետության ողջ ցանցում, որը միասնական համակարգ է դեռեւս 1938թ.): Երկրորդ հերթին անհրաժեշտ էր խիստ հստակեցնել հովհարային անջատումների գրաֆիկը եւ փորձել անցնել էլեկտրամատակարարման անխափան ռեժիմի: Ատոմակայանի վերագործարկումից մոտ կես տարի անց, 1996թ. ամռան սկզբից վերականգնվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումը: Այլեւս ակնհայտ էր, որ բնակչությունը սեփական միջոցներով ապահովել է ջերմության ապահովման այլ ուղիներ, եւ թանկ ու արդեն հաշվառվող էլեկտրաէներգիան բավարար է շուրջօրյա մատակարարման համար: Հովհարային անջատումներն անմիջապես բխում էին բաշխիչ ցանցերի եւ էներգետիկայի նախարարության ղեկավարության շահերից: Շահագործման այդ բարբարոս մեթոդը պերմանենտ վթարումներ էր ապահովում: Վթարների վերացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում էին պետբյուջեից: Պակաս միջոցներ չէր տրամադրում սպառողը՝ վնասված կաբելների, վահանիկների, ենթակայանների վերանորոգման համար: Վթարների վրա միշտ էլ կարելի էր էլեկտրաէներգիայի կորուստներ դուրս գրել: Եվ դեռ 1996թ. աշնանը համակարգի ղեկավարությունը ձգտում էր վերականգնել հովհարային անջատումները: 1996թ. սեպտեմբերին նախարար Գագիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ նոյեմբերից վերսկսվելու են անջատումները: Բարեբախտաբար, չվերսկսվեցին: Բայց համակարգը շարունակեց վարկային միջոցներ ներգրավելու քաղաքականությունը: Իսկ կենդանի (ու կատաղի) փողերի մեծ աղբյուր մնաց նույն կորուստների ցուցանիշը, ինչն առանձին ներկայացնելու թեմա է: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն home.media.am/hetq

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել