Մահ կամ Դաշնակցություն Ուրախությամբ պիտի նշեմ, որ ՀՅ Դաշնակցությունը տարավ իր հերթական հաղթանակը հայ ժողովրդի դեմ: Մեր ակտիվ ջանքերով, այսպես կոչված, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը» տապալվեց: Ի սկզբանե հանձնաժողովն այնպես էինք կազմել, որ տապալվելու ամենամեծ հնարավորություն ունենար՝ 2 հոգի նախկին հանցավոր ռեժիմից ու 2 ախպար: Նրանք չունեին անկախ գործելու համար անհրաժեշտ լեգիտիմություն. նախկինները՝ հանցագործների հետ իրենց կապի պատճառով, ախպարները՝ հայրենիքի հետ կապ չունենալու պատճառով: Այսպիսով, ունեինք բացարձակ կառավարելի հանձնաժողով, սակայն կոնսպիրացիայի նպատակներով ի վերջո դիմեցինք Թուրքիո մեր ընկերներին: Նրանց ջանքերի շնորհիվ էր, որ թուրքական կողմը մասնավոր դիմում հղեց Ցեղասպանությանը գնահատական տվող անկախ խմբին: Այստեղ արդեն մեր ճնշման տակ գտնվող հայերը չէին կարող իրենց թույլ տալ ավելորդ ձեռնածություններ եւ տեղի տվեցին, ու ինչպես ռուսը կասեր՝ «Գրասենյակը մեռավ»: Հայ ժողովրդի համար պայքարի այս միջանկյալ հանգրվանին պետք է նշենք մեր հիմնական ձեռքբերումները. 1. Ակնհայտ դարձավ, որ ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն Հայաստանում դատապարտված է: Հայ անդամները չհասկացան, որ իրենք առաքելություն ունեին: Երկխոսության մեջ մտնելով ու խախտելով մեր ազգային խաղի՝ նարդու հիմնական օրենքը՝ «Ձեռք ես տվել՝ պիտի խաղաս»: Եթե միլիոն դոլարով մի նեգր խաղար «Փյունիկում» ու խաղի կեսին ասեր, թե հոգնել է, էլ չի ուզում խաղալ, կսուլեին, նույնիսկ կարող է ծեծեին, իսկ այստեղ քաղաքականություն է, ենթադրվում է, թե կարող ես ցանկացած պահի ինքնաբացարկվել: Իհարկե, նրանք Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի բարդացրին՝ խաղալով մեր օգտին: Այլեւս գործելու եւ գոյության իրավունք ունեն միայն մեր ծրագրերը: «Դրոյով» ու 1998 փետրվարի 4-ով ապացուցել էինք, որ մեր ձեռքերը երկար են, իսկ հիմա ակնհայտ դարձավ, որ ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ է: «Մահ կամ Դաշնակցություն»-ը պետք է դառնա Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվողի ականջի օղը: 2. Բոլորի համար ակնհայտ էր, որ այս «Հայ-թուրքականի» ետեւում կանգնած էր Ամերիկան: Հայ պատվիրակության պարտությունը ցույց տվեց, որ Վաշինգթոնն ու այլ ժողովրդավարական սեթեւեթանքները մեզանից ձեռք են քաշել՝ մեզ հանձնելով Ռուսաստանի ու հայրենի իշխանությունների ողորմածությանը: Անհրաժեշտ է ուժեղացնել մեր ներկայությունն իշխանությունների մեջ, եւ «Պապլավոկի» դեպքը հարմար առիթ էր: 3. Մեկ անգամ եւս վարկաբեկվեց նախկին հանցագործ ռեժիմը, սակայն որ ավելի կարեւոր էր՝ զբաղված լինելով «Հայ-թուրքականով», նրանք դուրս մնացին «թեժ աշունից»՝ այն թողնելով ինքնահաստատման կարիք ունեցող քաղաքական դեբյուտանտներին: Սրանք բաց թողեցին հայ ժողովրդի ընդվզման ոգին, իսկ քաղաքական գործիչների բացակայությունը նպաստեց, որ այն պարապ ընթացք ունենա: Մեր ռեժիմը դեռ կհարատեւի: Իհարկե, հիմնական, ինտեգրատիվ ձեռքբերումը Հայ Դատի հարատեւությունն է: Հայ Դատը ՀՅ Դաշնակցության գոյության գրավականն է: ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ