Ո՞վ մատնեց «Ղարաբաղ» կոմիտեին Այսօր հայտնի մարդիկ կան, որոնք փնովում են այն ամենը, ինչ կատարվեց Շարժման եւ Անկախության տարիներին։ Դրանց մեջ կան այնպիսիները, որոնց դերը Շարժման մեջ դեռ չի բացահայտվել եւ դրանից օգտվելով՝ նրանք իրենց թույնն ու մաղձը անարգել թափում են Շարժման եւ նախկին իշխանությունների վրա, դատափետում մեր անկախությունը, ձգտում արժեզրկել այն ժողովրդի աչքում։ Եւ այս առումով, եւ ընդհանրապես Շարժման պատմության համար անհրաժեշտություն կա դեռ թարմ հետքերով անդրադառնալ 1988-1991թթ. ժամանակահատվածի այն կարեւորագույն փուլերին եւ հիշարժան դեպքերին, որոնք իրենց կնիքը թողեցին մեր ազգային-ազատագրական պայքարի զարգացման ընթացքի վրա։ Այդպիսի դեպքերից մեկն էր խորհրդային ռեպրեսիվ մարմինների կողմից 1989թ. հունվարի 7-ին կատարած այն գործողությունը, որի «շնորհիվ» ամբողջացավ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ողջ կազմի ձերբակալությունը։ Հայտնի է, որ Կոմիտեի անդամների առաջին խումբը ձերբակալվեց 1988թ. դեկտեմբերի 10-ին՝ Գրողների միության շենքում։ Այդ խմբի մեջ էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանը եւ Ալեքսան Հակոբյանը։ Հետագա օրերին ձերբակալվեցին նաեւ Սամսոն Ղազարյանը եւ Վանո Սիրադեղյանը։ Այս ձերբակալությունները ձեւակերպված էին որպես վարչական կալանք՝ կապված արտակարգ դրության ռեժիմի «խախտումների» հետ։ Այդ ժամանակ վարչական կալանքի առավելագույն ժամկետը 30 օր էր։ Հասկանալի է, որ որոշակի տեսքով «գործ» հարուցելու համար խորհրդային իշխանություններին պետք էր, որ Կոմիտեի ամբողջ կազմը իր ձեռքում լիներ, այլապես նրանք ստիպված կլինեին հունվարի 9-ին նրա ձերբակալված անդամների առաջին խմբին ազատ արձակել, իսկ հետագայում՝ նաեւ մյուսներին։ Այդ նույն ժամանակ Կոմիտեի դեռ ազատության մեջ գտնվող մնացած անդամները հիմնականում, փաստորեն, գործում էին ընդհատակում։ Պայքարը շարունակվում էր, եւ նրանք ժամանակ առ ժամանակ կազմակերպում էին գաղտնի հավաքներ եւ հետագա գործունեության վերաբերյալ կայացնում կոնկրետ որոշումներ։ Նրանց ձերբակալմանն ուղղված մոսկովյան եւ տեղական ԿԳԲ-ի ջանքերը մինչեւ հունվարի 7-ը արդյունք չէին տալիս։ Եվ ահա այն ժամանակ, երբ 2 օր էր մնացել առաջին խմբի վարչական կալանքի ավարտին, որով անհնար էր դառնում Կոմիտեի անդամների հետագա մեկուսացումը, կատարվեց այն, ինչը հնարավորություն տվեց ԿԳԲ-ին իրականացնել իր մտադրությունը՝ գլխատել Շարժումը։ Այդ հիշարժան օրը Ա. Մանուչարյանի նախաձեռնությամբ ցերեկը ժամը 4-ին գաղտնի խորհրդակցություն էր հրավիրված Երեւանի Հարավ-արեւմտյան զանգվածի մի բարձրահարկ շենքի մեկ սենյականոց բնակարաններից մեկում։ Նշված ժամին բնակարանում էին Կոմիտեի անդամներ Համբարձում Գալստյանը, Աշոտ Մանուչարյանը, Դավիթ Վարդանյանը, Կոմիտեի գաղտնի անդամներ Երջանիկ Աբգարյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Ավետիք Իշխանյանը եւ 5 ակտիվիստներ, որոնցից հայտնիները՝ Վիտյա Այվազյանն ու Աշոտ Դաբաղյանն էին։ Բացակայում էր Կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը։ Դրա պատճառի մասին ոչ այնքան հստակ պարզաբանում տվեց Ա. Մանուչարյանը, որի խոսքից հասկացվեց, որ Ռ. Ղազարյանը ինչ-որ գործով ՆԳՆ-ում է եւ 1-2 ժամից կգա։ Խորհրդակցությունն ընթանում էր բավականին բուռն ու լարված մթնոլորտում, եւ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ արդեն անցնում էր երրորդ ժամը, բայց Ռ. Ղազարյանը դեռ չկա։ Վերջապես ժամը 7-ից քիչ անց նա եկավ։ Մի տեսակ հուզված ու կցկտուր սկսեց պատմել, թե ինչպես է անցել իր հանդիպումը ՆԳՆ-ում։ Նրա ասածից հասկացվեց, որ խոսքը գնացել է ինչ-որ պայմաններով ձերբակալվածներին ազատ արձակելու մասին, բայց ընդհանուր հայտարարի չեռ չեն եկել։ Ահա այս դրության մեջ, իր գալուց 15-20 րոպե անց, երբ Ռ. Ղազարյանը դեռ խոսում էր, տան դուռը սկսեցին ուժեղ, անընդմեջ եւ անհամբեր թակել։ Երբ դուռը բացվեց, ներս հորդեցին ռուս զինվորները ԿԳԲ-ի աշխատակիցների հետ։ Որոշ ձեւականություններից եւ մի աննշան միջադեպից հետո խորհրդակցության բոլոր 13 մասնակիցները ձերբակալվեցին, բացի Ռաֆայել Ղազարյանից։ Վերջինս ԿԳԲ-ի աշխատակիցներին համոզում էր իրեն էլ ձերբակալել եւ, ի վերջո, մի քանի ժամ անց արդեն Ազգային օպերայի շենքի առաջին հարկում ԿԳԲ-ականների համառությունը կոտրվեց։ Հունվարի 7-ի ձերբակալությունը ԽՍՀՄ դատախազությանը հնարավորություն տվեց «գործ» հարուցել եւ հունվարի 9-ին Կոմիտեի անդամներին Երեւանից տեղափոխել մոսկովյան բանտերը։ Հետագայում, երբ ԽՍՀՄ եւ ՀՀ դատախազության՝ Կոմիտեի վերաբերյալ նյութերը որոշակիորեն հասանելի դարձան, պարզվեց, որ 1989թ. հունվարի 7-ի ձերբակալությունները կոնկրետ մատնության հետեւանք էին։ ՎՌԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ