Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ «Քաղծառայողի մասին» օրենքի ընդունումը ԱԺ մի շարք պատգամավորներ

Դեկտեմբեր 15,2001 00:00

Ո՞ւր է հերթական կորած բարաթը Մինչեւ «Քաղծառայողի մասին» օրենքի ընդունումը ԱԺ մի շարք պատգամավորներ պահանջում էին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ ամրագրված կլիներ, որ օրենքի նախագիծը չի հակասում գործող Սահմանադրությանը։ Սակայն պատգամավորների պահանջին ոչ ոք այդպես էլ ընդառաջ չգնաց. օրենքն ընդունվեց՝ առանց Վենետիկի պատասխանն ընթերցելու։ Ըստ Շավարշ Քոչարյանի, դա նշանակում է, որ օրենքի ընդունմանը շահագրգիռ սուբյեկտները ակնկալիքներ չունեն, որ Վենետիկի հանձնաժողովը տալու է այն պատասխանը, որն իրենց ձեռնտու է։ ԱԺ-ում որոշ խոսակցություններ կան, թե Վենետիկից նման պատասխան ստացվել է, սակայն ոչ մի պատգամավոր դրանից տեղյակ չէ։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանի խոսքերով, ինքը միայն Տիգրան Թորոսյանից է լսել, որ պատասխան կա, ուրիշ ոչ մեկից։ «Ասում են՝ կա, բայց չկա, ոչ մեկի ձեռքին չեմ տեսել։ Ումից փորձել եմ իմանալ՝ ո՞ւր է, ասում են՝ չկա»։ Ինչպես նշեց Մանուկ Գասպարյանը, Տ. Թորոսյանն այն պիտի բաժաներ խմբակցություններին, սակայն ինքը ոչ մի հանձնաժողովում նման պատասխան չի տեսել։ Շ. Քոչարյանի կարծիքով, քանի որ ինքը նման հստակ պատասխան չի տեսել, ապա կարող է ենթադրել, որ այդպիսի պատասխան չկա։ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը նույնպես տեղյակ չէր այդ պատասխանից։ «Պարտավո՞ր է արդյոք ԱԺ ղեկավարությունը այն բաժանել հանձնաժողովներին կամ պատգամավորներին» հարցին, Վ. Դալլաքյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգում դրա մասին որեւէ նշում չկա։ Դրանք կանոնակարգվում են ավանդույթներով, կոռեկտության եւ հարգանքի պարագայում, եւ, ըստ Վ. Դալլաքյանի, իր հանձնաժողովում նման խնդիրներ չկան. ցանկացած փաստաթուղթ նախապես բոլոր պատգամավորներին ինքը բաժանում է։ Իսկ եթե պարզվի, որ Վենետիկի հանձնաժողովն իր պատասխանում նշել է, որ օրենքը հակասում է գործող Սահմանադրությանը, ապա, ինչպես նշեց Վ. Դալլաքյանը, օրենքը չեղյալ համարել այլեւս հնարավոր չի լինի։ «Դա ընդամենը Վենետիկի տեսակետն է, ես կարող եմ դա ընթերցել եւ նետել աղբարկղ։ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն, նման դեպքերում միայն ՀՀ նախագահը եւ պատգամավորների 1/3 ստորագրության դեպքում կարող է հարցը մտցնել ՍԴ եւ ստանալ համապատասխան պարզաբանում»։ Իսկ եթե այդ սուբյեկտները չդիմեն, հետեւաբար, կնշանակի, որ օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ խնդիրն այլեւս փակված է։ Շավարշ Քոչարյանի համոզմամբ՝ ելնելով պատգամավորների քվեարկության արդյունքներից, անիմաստ է ստորագրահավաքի գործընթաց սկսելը։ «Եթե այդպիսի թիվ տեսնեինք, ապա, բնականաբար, կդիմեինք ՍԴ։ Բայց տեսանք՝ ԲՑ-ների դեպքում ի՞նչ եղավ։ 51 ստորագրողների մեծ մասը ճնշումների տակ իրենց ստորագրությունները հանեցին»։ ԱԺ-ն Շ. Քոչարյանը որակեց հետեւյալ կերպ. «Պատգամավորներից մեկն ասաց. ի՞նչ կարեւոր է՝ օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ, ամեն մեկը թող խղճով քվեարկի։ Եվ պարզվեց՝ խիղճն այն է, որը կարող է հակասել Սահմանադրությանը»։ Խնդիրը, Շ. Քոչարյանի գնահատմամբ, կայանում է նրանում, որ մեզ մոտ իրավական պետության ամենատարրական պատկերացումները վաղուց խարխլված եւ այլասերված են. «Եթե այդ պահին հարմար է հակասահմանադրական որոշում ընդունել, ի՞նչ է եղել՝ կարելի է եւ այդպես»։ Պարզվեց, որ ԱԺ-ն չի դիմի ՍԴ, իսկ ՀՀ նախագահից նման օրինապահ կեցվածք ակնկալելն ընդամենը զավեշտ կլինի։ «Նախագահը շահագրգռված էր, որ այդ օրենքն անցներ, եւ բնական է, որ նա ՍԴ չի դիմի։ Իսկ ԱԺ-ում, ցավոք, չկա պատգամավորների այն թիվը, որոնց սկզբունքներն են իրավական պետությունն ու տարրական բարոյականությունը։ Մենք խոսում ենք Վենետիկի հանձնաժողովի մասին, բայց վերջիվերջո հո մանկապարտեզ չե՞նք, որ Վենետիկը մեր ձեռքից բռնելու ու տանելու է դեպի պայծառ ապագա։ Մեր խնդիրը երկրի ներսում է…»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել