Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմենպրեսի»

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԳՈՐԾ ՏՎԵՑ «Արմենպրեսի» մամուլի սրահը վերջին անգամ հռչակավոր էր դարձել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ սենսացիոն դառնալու հավակնություն ունեցող, բայց այդպիսին չդարձած մամուլի ասուլիսից հետո։ Երեկ այդ սրահը նույնքան լեփ-լեցուն չէր, բայց ազդեցիկ էր։ Ո՛չ խորհրդային, ո՛չ էլ անկախության ժամանակահատվածում երկրի ոչ մի թիվ մեկ դեմք այս սրահում մամուլի ասուլիս չէր տվել։ Ռոբերտ Քոչարյանը այս իմաստով եւս եզակի է։ Ի դեպ, շենքը մանրազնին մշակվել էր, «թեթեւացվել» աշխատողներից, աստիճանները մաքրվել էին, շենքի դիմացի բավականին լայն շառավղով տարածքը մաքրված էր ավտոմեքենաներից։ Մի խոսքով, ամեն ինչ արված էր ավելորդ «քաշքշուկից» խուսափելու համար։ Լրագրողների ստուգումները անցան ընդգծված բարեկիրթ եւ զուսպ ձեւով։ Խոստումը կատարվեց ըստ վարչական մոնիտորինգի Անցած տարվա նոյեմբերի 2-ին նախագահ Քոչարյանը իր դարակազմիկ խոստումը հնչեցրեց 40 հազար աշխատատեղի մասին։ Երեկ նախագահը մամուլի ասուլիս էր հրավիրել (ավելի ճիշտ, ներկայացվեց, թե նախագահին էին հրավիրել «Արմենպրեսի» մամուլի սրահ), որում փորձեց հաշվետվություն տալ իրագործված խոստման վերաբերյալ։ Ակնհայտորեն, արդյունաբերության եւ առեւտրի նախարարը, Պետվիճվարչության ղեկավարը, նաեւ՝ Զբաղվածության հանրապետական կենտրոնի ղեկավարը երկար էին տառապել վարչական մոնիտորինգը գլուխ բերելու համար։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հավաքված լրագրողներին ի սկզբանե էր զգուշացված, որ նախագահը խոսելու է տնտեսության, այսինքն՝ աշխատատեղերի եւ սահմանադրական բարեփոխումների մասին։ Քննարկվող թեմաներից դուրս նախագահին արգելված էր հարցեր տալ։ Արդյունաբերության նախարարը չզլացավ իր հնարավորությունների սահմաններում դասախոսություն կարդալ լրագրողների գլխին, թե ո՞րն է նոր աշխատատեղը, ո՞րն է լրացուցիչը։ Տպավորությունն այնպիսին էր, որ գործածվում է դանդաղ գործողության շշմեցնող նյութ։ Ի վերջո, հուրախություն ամենքիս, նախարարը հասավ այն կետին, որտեղ պարտավոր էր ասել, որ նախագահի խոստումը կատարված է։ Ծափեր չեղան։ Խիստ լուրջ եւ ծանրակշիռ էր արված վերլուծությունը։ Իսկ համակարգչի օգտագործումը ամեն ինչ շատ ավելի ազդեցիկ էր դարձնում։ Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց բազմաթիվ մեծ ու փոքր թվեր եւ, ի վերջո, հանգեց նրան, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 40 հազարանոց խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ՝ գերակատարվել։ Եվ սա՝ նույնիսկ խիստ համեստ հաշվարկներով։ Խոստացված 40 հազարի փոխարեն՝ նախագահը ստեղծել է 44.048 աշխատատեղ։ Ներկայացված թիվն այնպիսին էր, որ նույնիսկ միջազգային չափանիշներով պլյուս-մինուս 5 տոկոսի շեղման դեպքում խոստումը կատարված է համարվելու։ Ասենք, որ նոր ստեղծված աշխատատեղերի մեծ մասը ներկայացվեց հասցեագրված, եւ մեզ մնում է պարզապես չզլանալ եւ ստուգել ներկայացված տեղեկությունները, ինչը, ի դեպ, շարունակ շեշտում է երկրի նախագահը։ Նախագահ Քոչարյանը՝ իր 40 հազարանոց խոստման մասին խոսելով, ասաց, որ եթե ինքը կարողանար «այս պլանկան» պահել «երկու-երեք տարի եւս, ապա բնակչության մի զգալի մասը արդեն կզգար իրական փոփոխություն»։ Սակայն կրկին նախագահին ինչ-որ բան կխանգարի, այս դեպքում՝ այն, որ 2002 թվականը նախընտրական տարի է, եւ նախագահը համոզված չէ, որ այդ տարվա երկրորդ կեսը արդյունավետ է լինելու. «Ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում, ի՞նչ կարգի պոպուլիզմով կսկսեն տառապել մեր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, դժվար է այսօր գնահատել, իսկ այս ամենը ուղղակի քայքայիչ ազդեցություն է ունենալու տնտեսական իրավիճակի վրա եւ հենց աշխատատեղերի ստեղծման գործընթացի վրա»։ Նախագահը խոստացավ, որ ինքը մի քիչ ավելի զուսպ կլինի եւ կփորձի ինքն իր համար ճշտել, թե հաջորդ խոստումը քանի՞ հազարանոց է լինելու, որ նաեւ կարողանա «տակից դուրս գալ»։ Մի խոսքով, հունվար-փետրվարին հայ հանրությունը թող սպասի նոր թվերի։ Իսկ «Առավոտը», քանի որ թվերի հետ առանձնապես գլուխ չունի, շատ պարզ տեսնում է, որ թվերը իրական կյանքից բավականին տարբերվում են, եւ որ ժողովրդի կյանքը ավելի երջանիկ եւ ապահովված չի դարձել նույնիսկ այն դեպքում, երբ, ըստ արդյունաբերության նախարարի տվյալների, նախագահի խոստումը գերակատարվել է։ «Առավոտը» փորձեց պարզել՝ նշված հաջողությունները ավելի շատ ո՞ւմն են՝ Ռոբերտ Քոչարյանի՞նը, թե՞ Անդրանիկ Մարգարյանինը։ Չէ՞ որ, ի վերջո, տնտեսությամբ զբաղվելը գործարար մարմնի իրավասության շրջանակն է։ Եթե երկուսի համատեղ հաջողությունն է, այդ դեպքում, ի՞նչ է ստացվում։ Չէ՞ որ վարչապետը մինչեւ երեկ ասում էր, թե ինքն ու իր կառավարությունն են իրականացնում «Միասնության» ծրագրերը։ Ուրեմն նախագահ Քոչարյանը ե՞ւս։ Պատասխանելով այս հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բավական մեծ տարբերություն կա «նախընտրական ծրագիր» հասկացության եւ այն իրական տնտեսական քաղաքականության մեջ, որը հետագայում իրականացվում է։ Ձեր հարցի պատասխանը հետեւյալն է. դուք վերցրեք այդ ծրագրերը եւ այլ ծրագրեր եւ համեմատեք այն քաղաքականության հետ, որն այսօր իրականացվում է։ Թեկուզ դուք թվերը չեք սիրում, բայց ձեր հարցի պատասխանը լինելու է սա։ Ո՞ւմ հաջողությունն է սա. իհարկե, համատեղ գործունեության հաջողությունն է»։ Նախագահը հիշեցրեց նաեւ, որ գործող Սահմանադրությամբ նախագահը հնարավորություն ունի կառավարությանը ուղղություն տալ եւ պնդել, որ դրանք իրականացվեն։ Սահմանադրական բարեփոխումների մասին Նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը ստիպված գնաց սահմանադրական բարեփոխումների, քանի որ Եվրախորհրդին անդամակցությունը ենթադրում էր նաեւ սա։ Ըստ Քոչարյանի, իր կողմից առաջարկված բարեփոխումներն ավելի համահունչ են ժողովրդավարական չափանիշներին, սակայն այն «ճգնաժամային իրավիճակներում լուծումներ տալու առումով շատ ավելի քիչ հնարավորություններ է տալիս, քան գործող Սահմանադրությունը»։ Նախագահը գտնում է, որ չկան շատ լավ կամ շատ վատ սահմանադրություններ, եւ նրան զարմացնում են երկրի կառավարման համակարգի խորհրդարանական կամ նախագահական լինելու մասին վեճերը. «Կան շատ կայացած երկրներ՝ նախագահական, կան շատ կայացած երկրներ՝ կիսանախագահական եւ խորհրդարանական։ Տվյալ դեպքում, երկիրը ընտրում է մի տարբերակ եւ փորձում է, կատարելագործելով այդ տարբերակը, հասնել հաջողությունների։ Մի բան պարզ է, անցումային շրջանի համար, այնտեղ, որտեղ գուցե նաեւ կամք դրսեւորելու անհրաժեշտություն կա, ռիսկային գոտում գտնվող երկրների համար ուժեղ նախագահական իշխանությունը առավելություն է տալիս այն առումով, որ բարդությունների, ճգնաժամերի, պատերազմների դեպքում շատ ավելի հստակ լուծումներ է տալիս»։ Նախագահն առաջարկեց մի պահ պատկերացնել Հայաստանը՝ խորհրդարանական երկիր, չձեւավորված կուսակցությունների դեպքում. «Եթե խորհրդարանում լինի 10-15 կուսակցություն, կոալիցիոն կառավարություն, եւ ճգնաժամային ինչ-որ իրավիճակ, նաեւ մեր տեսակը, չէ՞, ամեն մեկն իրեն մյուսից բարձր է համարում։ Այդ պարագայում, պատկերացրեք՝ ինչպիսի վիճակ է լինելու երկրում։ Մի խորհրդարանական ճգնաժամից մտնելու ենք մյուսը, մեկից՝ մյուսը։ Սա երկիրը կործանելու ուղիղ ճանապարհ է»։ Նախագահ Քոչարյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների այլեւայլ տարբերակներ ներկայացնողները «ուղղակի այլ թեմաներ չունեն, թեմա են գտել եւ այս թեմայով փորձում են հանդես գալ»։ Կա՛մ նախագահը, կա՛մ Ազգային ժողովը Նախագահ Քոչարյանը Սահմանադրության բարեփոխումների մեկ այլ նախագիծ, իր առաջարկածից բացի, չի տեսնում։ Իր ասելով, այն պարզ պատճառով, որ փոփոխություններ առաջարկելու իրավունք՝ որպես սուբյեկտ, ունի միայն երկրի նախագահը, իսկ Շավարշ Քոչարյանը, եթե ուզում է ունենալ Սահմանադրության իր նախագիծը, պետք է «առնվազն փորձի դառնալ երկրի նախագահ»։ Նախագահ Քոչարյանը շեշտեց, որ երկրորդ նախագիծը չի լինելու, «կամ առնվազն պետք է ունենալ ԱԺ-ում մեծամասնություն, ոչ թե միայն մեծամասնություն, այլ՝ 2/3-ը։ Քանի որ, եթե նախագահը համաձայն չէ այդ տարբերակներին, ապա ԱԺ-ն պետք է 2/3-ով դա ընդունի։ Եթե իրենք ունենան ԱԺ-ում այդ 2/3-ը, ապա ես չգիտեմ, ես այստեղ ի՞նչ եմ անում։ Ուրեմն ես չպետք է լինեմ, կամ այդ ԱԺ-ն չպետք է լինի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» իր հարցը նախագահին ուղղելու համար ստիպված եղավ մի թեթեւ պայքարել։ Նախագահը իր պատասխանատվությամբ թույլ տվեց, որ հարցը հնչի։ Ի պատասխան մեր շնորհակալության, նախագահն ասաց. «Շատ եք սիրում, չէ՞, ես էլ եմ ձեզ շա՜տ սիրում, «Հայկական ժամանակին» էլ եմ շա՜տ սիրում»։ «Առավոտը» նկատեց, որ թերությունների մասին գրողներից ավելի կարելի է օգուտ քաղել, քան նրանցից, ովքեր շարունակ շոյում են նախագահին։ «Առավոտի» մի նկատառմանը ի պատասխան, թե թվեր չի սիրում, նախագահը խոստացավ, որ հաջորդ անգամ ինքն առանց թվերի է գալու. «Միայն ձեզ տեսնելու համար»։ Հիմա «Առավոտի» խմբագրակազմը սպասում է, թե ե՞րբ է նախագահը այցելելու առանց թվերի, պարզապես մեզ տեսնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել