ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ՝ ՓԱՐԻԶՈՒՄ Տարին մեկ անգամ, սովորաբար աշնանը, Հայաստան է գալիս քանդակագործ Դավիթ Երեւանցին (Բաբայան), որը շուրջ 30 տարի Ֆրանսիայում է ապրում։ Ամեն անգամ նա չի մոռանում հիշեցնել, որ իրեն սնուցել է հայկական հողը, ինքը վայելել է հայկական ծիրանը, որին «հրաշքային ներազդ» է վերագրում։ Արվեստագետի քանդակներն այսօր կանգնեցված են Փարիզի փողոցներում եւ պուրակներում, որոնց թվում է հայկական ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը։ Այն հաջողվել է տեղադրել Փարիզի քաղաքապետի միջամտության շնորհիվ։ Հայաստանյան վերջին այցելության ժամանակ Դավիթն իր մասին համարյա չէր խոսում, փիլիսոփայում էր, հիշում արվեստագետ իր ընկերներին եւ հայտնի մարդկանց, որոնց հետ երբեւիցե շփվել էր։ Իր էությամբ Երեւանցին չափազանց կենսասեր մարդ է, ինչը բացատրում է հողի փիլիսոփայությանը հավատարիմ լինելու իր հակումով։ Հենց որ վերցնում է կավը, ձեռքը պարտավորվածություն է զգում «անպայման ստեղծելու մի բարոյական ստեղծագործություն», որը անմիջականորեն կապված է հողի եւ երկնքի հետ։ Նրան միշտ ոգեւորել է միջնադարյան հայ մանրանկարչությունը, Մարտիրոս Սարյանի արվեստը:Վերածննդի շրջանի նկարիչները եւս միշտ հետաքրքրել են իրեն։ Մինասի արվեստի մեջ տեսել է ջերմություն, վերելք, Քոչարի արվեստի մեջ՝ հզորություն։ Վերջերս Դավիթ Երեւանցին հաղթել է Ֆրանսիայում տեղի ունեցած քանդակագործների մրցույթում եւ իրավունք ստացել իր՝ Կոմիտասի քանդակը եւս տեղադրել Փարիզում։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ