Բարսելոնյան հաղթանակ 2001թ., Բարսելոն, Եվրոարտ, հոկտեմբեր, Ժամանակակից անկախ արվեստագետների միջազգային 5-րդ ցուցահանդես։ Մոլորակի 25 երկրներից մասնակցում էին 110 նկարիչներ։ Տարբեր ազգերի արվեստագետներ, որոնց միավորել էր արվեստը։ Գեղարվեստը եւ գեղեցիկի պաշտամունքը ստեղծել էին մի յուրահատուկ մթնոլորտ, որտեղ մոռացվում էր դավանանքը, ազգությունը, երկիրը։ Եվ այդ բոլորի մեջ Հայաստան աշխարհը ներկայացնող հայ նկարիչ Մուշեղ Գրիգորյանը հանդես էր եկել 10 գեղանկարչական աշխատանքներով, որոնք առանձնահատուկ տպավորություն գործեցին։ Դրա արտահայտությունն է նաեւ այն, որ պատկերասրահի վաճառված նկարները հենց Մուշեղ Գրիգորյանինն էին։ Առաջին օրը նկարչի 3 գեղանկարները գնեց ԱՄՆ-ի Նեւադա նահանգի պատկերասրահի տնօրենը, նկար գնեց նաեւ մի իսպանացի։ Կատալոգը, որտեղ տեղ են գտել մեր հայրենակցի գունանկարները, արդեն ուղարկվել է Բարսելոնից։ Երիտասարդ նկարիչը Ռուսաստանից եւ Շվեյցարիայից եւս ստացել է ցուցահանդես բացելու հրավերներ։ Սակայն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում 2002թ. Ճապոնիայի Գինզա քաղաքում տեղի ունենալիք միջազգային արվեստի փառատոնին մասնակցելու հրավերը։ Հրավեր-նամակում բարձր են գնահատված Գրիգորյանի ստեղծագործությունները։ Փառատոնի կազմակերպիչները պատիվ են համարում հայ նկարչի գործերը ցուցադրելը։ Հայ նկարչի մուտքը Բարսելոն նոր էջ է Գրիգորյան արվեստագետի կյանքում։ Բարսելոնը նոր բարձունք է, նոր հաղթանակ։ Հայաստանը, հայ արվեստը միջազգային ասպարեզում վերհանելու հաղթանակ։ Ի դեպ, Մուշեղի հայրը անվանի գեղանկարիչ Զուլում Գրիգորյանն է։ Փաստորեն, բնության պաշտամունքը եւ արժանավայել ապրելու իմաստնությունը նա հորից է ժառանգել։ Գույնի հյութեղ զգացողությունը, գունային անսպասելի հակադրումները Մուշեղի տարերքն են։ Նա ապավինում է ինտուիցիային։ Անկախ այն բանից՝ ինչ է պատկերված՝ ծաղկեփունջ թե պեյզաժ, միեւնույն է, զարմացնում է գույնը գույնի կողքին դնելու, գույնը գծի հետ տեղ հասցնելու կարողությունը։ Հոգին թրթռացնող երգի նման ինչ-որ բան կա Մուշեղի նկարներում, ինչն էլ դարձնում է նկարը անկրկնելի։ Հոգեկան պոռթկումները գույնի եւ ձեւի անսահման հնարավորություններին հանձնած՝ քայլում է Մուշեղ Գրիգորյանը, քայլում իր ընտրած գեղեցիկ ճանապարհով։ Իսկ անծիր հեռուն կանչում է՝ խոստանալով նոր գույներ։ ԴՈՆԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ