ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ Արմավիրի զորամասի զինծառայող, սերժանտ Սուրեն Գրիգորյանի մասին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Եղան բազմաթիվ հրապարակումներ եւ արձագանքներ։ Սերժանտը դաժան ծեծի էր ենթարկվել զորամասում (հրամկազմի կողմից), կորցրել խոսելու ունակությունը, ստացել մարմնական վնասվածքներ (գլխուղեղի սալջարդ, քթի ոսկրերի կոտրվածք, դեմքի եւ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ եւ քերծվածքներ)։ Սակայն գտնվելով ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում, նրա վրա եղան արտաքին ճնշումներ, սպառնալիքներ, ինչի արդյունքում Սուրենը ստիպված էր լքել հոսպիտալը։ 2001թ. հոկտեմբերի 29-ից տուժող Ս. Գրիգորյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում, որին մեղադրանք առաջադրվեց։ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում քննվող Ս. Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործը դեկտեմբերի 4-ին կարճվել է իրադրության փոփոխման հետեւանքով։ Իսկ մեղադրանքի հիմքում դրվել էր՝ անհնազանդությունը, պետին վիրավորանք հասցնելը, զորամասը կամ ծառայության վայրն ինքնագլուխ թողնելն ու ծառայության կանոնագրքի կանոնների խախտումը, որը, սակայն, պարզվեց՝ անհիմն է։ Ի դեպ, Ս. Գրիգորյանը, համաձայն ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 31.10.2001թ. որոշման, 11.06.2001թ. ճանաչվեց նաեւ ոչ պիտանի հետագա զինծառայության համար։ Դատախազության ՔՎ որոշման համաձայն, Ս. Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է։ Սուրենի մայրը՝ Մերի Դանիելյանը երեկ ասաց, որ Սուրենի հարցում՝ արդարության հասնելու, մեծ է եղել Մարդու իրավունքների հանձնաժողովի եւ «Առավոտի» հետեւողականությունը։ Ռ. Մ.