Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օր է, ինչ ՀՀ Սպորտվարչության նիստերի դահլիճում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի ն

Դեկտեմբեր 14,2001 00:00

ԼՍՎԵՑԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Երկու օր է, ինչ ՀՀ Սպորտվարչության նիստերի դահլիճում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում քննարկվում են 2001թ. երկրորդ կիսամյակում եւ, ընդհանրապես, մրցաշրջանում մեր հենակետային եւ առաջատար մարզաձեւերի հավաքականների մասնակցության արդյունքները։ Երեկ օրակարգում դրված էին երեք մարզաձեւերի՝ բռնցքամարտի, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները։ Եթե հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին կեսկատակ-կեսլուրջ առաջարկեցին ոչինչ չխոսել, քանի որ օրերս աշխարհի առաջնությունում նվաճված ոսկե եւ արծաթե մեդալները արդեն իսկ արված աշխատանքի խոսուն գնահատականներն են, այդուհանդերձ, Լ. Ջուլֆալակյանը հակիրճ, բայց նաեւ՝ հիմնավորապես խոսեց արվածի մասին։ Բազմափորձ մարզիկը եւ արդեն իսկ մարզչական ասպարեզում թրծված մասնագետը շոշափած թեմաներում անկեղծ էր։ Չտրվելով «Հաղթողին չեն դատում» համընդհանուր տարածում ստացած գաղափարին, Լեւոն Ջուլֆալակյանը ամենայն անկեղծությամբ եւ առանց ավելորդ կեղծ համեստության հայտարարեց, որ ինքն ընդհանուր առմամբ գոհ է իր սաների ցուցադրած գոտեմարտերից։ Տղաները մեծամասամբ կատարել են իրենց առաջադրանքը, արել այն, ինչի ընդունակ էին։ Գլխավոր մարզիչը, սակայն, նշեց նաեւ, որ տղաներից ոմանց մոտ դեռեւս պակասում է հոգեբանական պատրաստվածության աստիճանը։ Մասնավորապես, Կարեն Մնացականյանը, որ փայլուն կերպով էր հասել մինչեւ եզրափակիչ, ամենապատասխանատու գոտեմարտում՝ Դիլշոդ Արիպովի (Ուզբեկստան) հետ, սկզբում իր հաշվարկում միավորներ գրանցելուց հետո, ամենայն հավանականությամբ, իրեն արդեն չեմպիոն տեսնելով՝ մի պահ թուլացրեց զգոնությունը, եւ մրցակիցը մրցավարների ջերմ աջակցությամբ հաշվի մեջ առաջ անցավ ու Կարենին զրկեց ոսկե մեդալից։ Սա ամենեւին էլ չէր նշանակում, թե գլխավոր մարզիչը ստվերեց Կարենի արդյունքը։ Պարզապես դա մասնագետի խոսք էր, որը նույնիսկ շատ երկար սպասված հաջողությանը հասնելուց հետո էլ ինչ-որ տեղ «դժգոհ» է ձեռք բերվածից։ Սրան ավելացնենք նաեւ, որ Լ. Ջուլֆալակյանը դրանում տեսնում էր նաեւ մարզիչների, մասնավորապես՝ իր մեղավորությունը։ Հակառակը տեղի ունեցավ Լեւոն Գեղամյանի հետ։ Նա, առաջին գոտեմարտում մաքուր հաղթանակ տանելուց հետո, երկրորդում հանդիպելու էր օլիմպիական կրկնակի եւ աշխարհի հնգակի չեմպիոն Համզա Երլիկայայի հետ։ Ու, չնայած, Լեւոնը միանգամայն ի վիճակի էր հաղթել նրան, չկարողացավ իր մեջ հաղթահարել մրցակցի տիտղոսներից «քաշվելը» ու մրցագորգ դուրս եկավ ընդամենը իր պարտականությունը կատարելու համար։ 2001թ., ինչպես մի քանի անգամ նշվեց նիստում, ոչ բավարար էին ազատ ոճայինների մրցելույթները։ Օրերս Սոֆիայում անցկացված աշխարհի առաջնությունից մեր ազգային հավաքականը ձեռնունայն վերադարձավ։ Խոսելով այս մասին, գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը նշեց դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնցից են առաջնության ժամկետների եւ վայրի փոփոխությունը, որը խիստ բացասաբար անդրադարձավ մեր ըմբիշների մարզավիճակի վրա, մեր մարզիկների երիտասարդ տարիքը, հանրապետությունում համապատասխան մարզումային պայմանների բացակայությունը, դեղամիջոցների եւ վիտամինների ստացման եւ օգտագործման հետ կապված խնդիրները, կազմակերպչական այլ բացթողումներ եւ վրիպումներ։ Մասնավորապես, ի տարբերություն այլ մարզաձեւերի, ըմբշամարտում մարզիկի մեկ վրիպումը, սայթաքումը այլեւս անհնար է շտկել։ Այդպես շատ է պատահում նույնիսկ ամենաբարձրակարգ մարզիկների հետ, որոնք, լինելով հաղթողի գլխավոր հավակնորդ, զրկվում են մեդալներից։ Մեր հավաքականի պարագայում, երբ թիմում ընդգրկվածների մեծ մասը երիտասարդներ են, գնահատումների մեջ շատ խստապահանջ լինելը Հ.Ենոքյանը համարում է ոչ ճիշտ։ Ճիշտ է, տղաների մեջ կան իրենց տարիքային խմբերում բարձր ցուցանիշների հասածներ, սակայն ըմբշամարտի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ մեծահասակների մրցումներում միանգամայն այլ պայքար է գնում։ Ըմբիշները, որպես կանոն, լավագույն արդյունքները ցույց են տալիս 24-28 տարեկանում։ Այնպես որ, ամեն բան առջեւում է, ընտրությունը ճիշտ է կատարված, ճանապարհը ճիշտ է ընտրված։ Պարզապես համբերել է պետք։ Պրն Ենոքյանը խիստ կարեւորեց նաեւ այն, որ մեր առաջատար ու արդեն իսկ միջազգային փորձ ունեցող ըմբիշները, փաստորեն, տեղում չունեն արժանի մարզումային մրցակիցներ, իսկ երիտասարդները, ըստ էության, շատ քիչ են մասնակցում միջազգային մրցաշարերի, առանց որի աճ կամ առաջընթաց չի կարող լինել։ Գլխավոր մարզչի հաշվետվությունը, մասնագետների կարծիքները լսելուց հետո գործկոմը դեռ իր վերջնական գնահատականը կտա հատուկ որոշումով (այդպես է լինելու նաեւ մյուս մարզաձեւերի պարագայում)։ Այս էլ որերորդ անգամ, ներկա լինելով բռնցքամարտի հաշվետվությանը, ստիպված ենք լինում ցավով արձանագրել, որ այստեղ խիստ անառողջ մթնոլորտ է տիրում մարզիչների եւ մասնագետների միջեւ։ Ամեն բան այն աստիճան է խառնված, որ շատ հաճախ հնարավոր չէ անգամ որեւէ հետեւություն անել։ Բռնցքամարտում մարզիչներն ու մասնագետները բաժանվել են մի քանի բանակի, ու բոլորը պայքարում են բոլորի դեմ։ Գլխավոր մարզիչը դժգոհ է դրվածքից, երբ ինքը, որպես, վերջին հաշվով, գլխավոր պատասխանատու, չունի ինքնուրույն վճիռներ կայացնելու իրավունք, մարզչական խորհուրդը դժգոհ է գլխավոր մարզչից, որ աշխատում է անկախ լինել, հաճախ անտեսում է խորհուրդը։ Այս երկու բանակների «զինվորների» մի մասը դժգոհ է ֆեդերացիայից, որը գրեթե անգործության է մատնված։ Ու պատահական չէ, որ ներկաներից մեկը դիմեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որպեսզի օլիմպիական կոմիտեն միջնորդի ֆեդերացիայի նախագահ, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի առջեւ՝ իրենց նիստերը հրավիրելու եւ առկա հարցերը այնտեղ լուծելու համար։ Մարզիչների մի մասը հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին մեղադրում է, որ վերջինս սխալ է վարվում, երբ բռնցքամարտիկներին մարզում է պրոֆեսիոնալների մեթոդոլոգիայով ու բերում է իր հիմնավորումները, որոնք վստահություն են ներշնչում։ Դավիթ Թորոսյանը մերժում է հակառակ կողմի ասածները՝ բերելով իր փաստարկները։ Եվ դրանք նույնպես վստահություն են ներշնչում։ Ու այստեղ ամենամտահոգիչն այն է, որ ստեղծված սոդոմ-գոմորում տուժում է մարզաձեւը։ Այս էլ երկրորդ անգամ է, որ լսվում է տարվա ընթացքում արված աշխատանքի հաշվետվությունը, ու երկրորդ անգամ է, որ այն վերածվում է մի յուրօրինակ ռինգի, որտեղ ավելի շատ ու ավելի շուտ հնից եկող հաշիվներ են մաքրվում, անձնական հարցեր լուծվում… Մինչդեռ հարաբերությունները պետք է վերջնականապես հստակեցնել ֆեդերացիայում, վերջնականապես որոշել յուրաքանչյուրի տեղն ու դերը, իրավունքներն ու պարտականությունները ու անցնել գործի։ Մի բան, որ պետք է շուտ արվեր։ Նախորդ օրը ՀԱՕԿ-ի գործկոմը քննարկել էր նաեւ ծանրամարտի, ձյուդոյի եւ ատլետիկայի հավաքականների հաշվետվությունները եւ փակ նիստում քվեարկությամբ որոշել ծանրամարտի եւ ձյուդոյի հավաքականների աշխատանքները գնահատել բավարար, ատլետիկայինը՝ անբավարար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել