Մշակույթը՝ անկարեւո՞ր Հոգեւոր արժեքները մղվել են երկրորդ պլան։ Դրա բազմաթիվ պատճառներից են մշակույթին ու գրականությանը հատկացված խղճուկ ուշադրությունը, ստեղծագործ մարդկանց ոչ նպաստավոր վարկը եւ մեր օրերում համարյա անլուծելի թվացող կենցաղային խնդիրները։ Մեր 100 համաքաղաքացիների շրջանում անցկացված հարցումներից պարզվել է, որ մշակույթի օջախներ հաճախում է ընդամենը 45%-ը, որի 10%-ը մեծահասակներ են, 10-ը՝ երիտասարդներ, 25%-ը՝ դպրոցականներ։ 20%-ը ավելի շատ մտածում է սեփական հոգսաշատ կյանքը թեթեւացնելու մասին ու կարծում է, որ առանց կինո, թատրոն կամ պատկերասրահ գնալու էլ կարելի է ապրել, 15%-ը՝ լինել նման վայրերում ու մշակութային հաճույք վայելել, սակայն ստիպված է հրաժարվել մտադրությունից ժամանակի սղության պատճառով։ 20%-ն էլ գտնում է, որ մշակութային օջախներում անհետաքրքիր է, դրանք վաղուց դադարել են ուշարժան ու դիտարժան լինելուց՝ նոր սարյաններ, փարաջանովներ չլինելու պատճառով։ Հարցումները ցույց են տալիս, որ գրքեր կարդում է հարցման մասնակիցների 15%-ը, 35%-ը գերադասում է պարապությունը լցնել ամսագրերի ընթերցանությամբ։ 50%-ը կարդալը համարում է ոչ նպատակահարմար ու անօգուտ զբաղմունք։ Բարձրագույն կրթություն ունեցողներ ի 15%-ը վերջին գիրքը կարդացել է այս տարի, 85%-ը՝ ուսանողական տարիներին կամ ավելի վաղ։ Ոչ բարձրագույն կրթությամբ հարցման մասնակիցների 25%-ը վերջին գիրքը կարդացել է այս տարի, իսկ 75%-ը՝ վերջին տասնամյակում։ Հարցումներից երեւում է, որ ընթերցանությամբ զբաղվում է աշխատող կանանց 15, տնային տնտեսուհիների՝ 20%-ը։ Ընթերցասիրությամբ աչքի է ընկնում աշխատող տղամարդկանց 10, չաշխատողների՝ 20%-ը։ Զանազան պատճառներով կարդալու հավես ու ցանկություն չունի նրանց 70%-ը։ Հարցման մասնակիցների 35%-ը չգիտի անգամ հայոց այբուբենի ստեղծման տարեթիվը։ 25%-ը ընդամենը թվարկում է 5-րդ դարի մի քանի պատմիչների, լսել է նաեւ Նարեկացու մասին (վերջերս «Նարեկի» անգլերեն թարգմանվելու առիթով), Թումանյանի ու Չարենցի մասին, սակայն անտեղյակ է ժամանակակից գրողների անուններին։ 10%-ը քաջատեղյակ է հայ դասական գրականությանը։ Միայն 3%-ն է տեղյակ հայ եւ համաշխարհային գրականությանը, ինչպես նաեւ ժամանակակից գրողների ստեղծագործություններին։ 27%-ը խուսափել է հարցին պատասխանելուց՝ հավանաբար սեփական տգիտությունը քողարկելու նպատակով։ Հարցվածների 23%-ը կոմպուլիտոր ասելով հասկանում է ներկայիս ֆոլքպոպիստներին (ռաբիս երգիչներին), 45%-ը գիտի միայն Կոմիտասի, Ա. Խաչատրյանի եւ Ա. Բաբաջանյանի անունները, 15%-ը ծանոթ է ճանաչված կոմպոզիտորների անուններին ու նրանց ստեղծագործություններին, իսկ 27%-ը զլացել է պատասխանել նշված հարցին։ Հարցման մասնակիցների 20%-ը լսել է միայն Սարյանի ու Այվազովսկու մասին կամ կարդացել դպրոցական դասագրքերում։ 38%-ը գիտի եւս 5-6 նկարչի կամ քանդակագործի անուն։ 15%-ը թվարկում է մի շարք նկարիչների ու մշակույթի գործիչների անուններ։ 27%-ը հրաժարվել է ցուցադրել արվեստի վերաբերյալ իր «հազվագյուտ» գիտելիքները։ Ինչպես արդեն նշել ենք, հարցումները անց են կացվել մայրաքաղաքում, ուր համեմատաբար ավելի աշխույժ է մշակութային կյանքը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ