ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Կրասնոյարսկում նոյեմբերի 28-ին վախճանվեց 78-ամյա հայտնի ռուս գրող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, պետական մրցանակի դափնեկիր, աշխատանքի հերոս, Կրասնոյարսկի պատվավոր քաղաքացի Վիկտոր Աստաֆեւը։ Նախկին քաղբանտարկյալ, բանաստեղծ, այժմ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մերուժանը (Մերուժան Արտաշեսի Հովհաննիսյան) 1988-90թթ. ազատազրկման մի մասը կրել է Կրասնոյարսկ քաղաքի թիվ 6 համակենտրոնացման ճամբարում, որտեղ էլ բախտի բերումով ծանոթացել է մեծ գրող Վիկտոր Աստաֆեւին՝ վերջինիս կալանավայր այցելելու պայմաններում։ Այսօր «Առավոտի» հյուրն է բանաստեղծ Մերուժանը, որը եւ սիրով ներկայացրեց իր հանդիպումները Վիկտոր Աստաֆեւի հետ։ – Նախ, ցանկալի է, որ Դուք նկարագրեք Կրասնոյարսկի երկրամասի այն ճամբարը, որտեղ գտնվել եք։ – Կրասնոյարսկի համակենտրոնացման ճամբարը գտնվում էր քաղաքի նորակառույց մասում՝ Ենիսեյի աջ ափին։ Այս կալանավայրում տեղավորված էին 2400 կալանավորներ, որոնցից միայն 8-ն էին Անդրկովկասից՝ 4 վրացի, 1 մեգրել, 2 ադրբեջանցի եւ 1 հայ։ 2400 կալանավորներից նրանք՝ ովքեր անցյալում դատապարտված են եղել որպես այլախոհ, առանձնացված էին ընդհանուր կալանավորական կոնտինգենտից եւ կրում էին «զառազա» մականունը։ Նրանք մեկուսացված էին առանձին «լոկալկայում», որպեսզի շփման մեջ չլինեին մյուս դատապարտյալների հետ։ – – Ձեզ տեսակցություն թույլատրվո՞ւմ էր։ – 1985թ. ապրիլյան պլենումից հետո Միխայիլ Գորբաչովի կողմից հրաման արձակվեց ազատազրկման վայրերում ռեժիմային փոփոխություն մտցնելու մասին։ Այն է՝ իրավունք վերապահել կալանավորների ընտանիքներին յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ եւ կիրակի օրերին իրենց հարազատներին այցելելու, որոնք որակվում էին բաց դռների օրեր։ Այդ օրերի ընթացքում կալանավորներին այցելելու իրավունք էր վերապահված նաեւ Կրասնոյարսկում բնակվող մտավորականությանը, որոնց մեջ իր ակտիվությամբ առանձնանում էր Վիկտոր Աստաֆեւը։ – Ե՞րբ եւ ինչպիսի՞ պայմաններում եք ծանոթացել Վիկտոր Աստաֆեւի հետ։ – 1988թ. ապրիլ ամիսն էր, երբ մեր ճամբար այցելության եկավ Վ. Աստաֆեւը։ Մտնելով մեր «լոկալկա», նա ցանկացավ տեսնել, թե բացի ռուսներից ուրիշ ինչ ազգի ներկայացուցիչներ կան։ Ես անհապաղ մոտեցա մեծ գրողին։ Իմանալով հայ լինելս, գրողը անմիջապես հայտնեց իր հիացմունքը հայ գրականության եւ մեր ազգային մշակույթի նկատմամբ ընդհանրապես։ Նա ասաց, որ բարձր է գնահատում Արամ Խաչատրյանին, որ վերջինս իր ընտրած երեք մեծ երգահաններից մեկն է։ Լինելով մեծ հումանիստ, Աստաֆեւը խտրականություն չէր դնում տարբեր ազգերի դատապարտյալների միջեւ եւ իր անվերապահ հարգանքն էր ցույց տալիս այստեղ գտնվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ։ – Ինչպիսի՞ հիշարժան դեպք եք հիշում՝ կապված Աստաֆեւի հետ։ – Մի անգամ, երբ Աստաֆեւը գտնվում էր մեր «լոկալկայում», ես մոտեցա նրան, ներկայացա որպես բանաստեղծ, ցանկություն հայտնեցի առանձնազրույց ունենալ իր հետ։ Սիրով համաձայնեց եւ մոտ մեկ ժամ տեւողության զրույցը մեզ առավել մտերմացրեց։ Աստաֆեւը պատմեց իր եւ Միխայիլ Գորբաչովի միջեւ կայացած մի երկարատեւ զրույցի բովանդակությունը։ Հայտնեց, որ գոհ է տեղի ունեցած «սպիտակ» հեղափոխությունից, եւ ասաց, որ այդ հեղափոխությունը, ի վերջո, ԽՍՀՄ-ում ապրող բոլոր ժողովուրդներին լիիրավ ազատություն շնորհեց։ Մեր զրույցի ժամանակ Աստաֆեւին մոտեցավ մի հիվանդ կալանավոր, որի բոբիկ ոտքերին դաջվածքներ կային։ Աստաֆեւը հարցրեց, թե ինչ է դաջված։ Կալանավորը ծիծաղելով պատասխանեց, որ իր ձախ ոտքին դաջված է՝ «մի շտապիր աշխատանքի», իսկ աջին՝ «մի ուշացիր ճաշից»։ Աստաֆեւը ծիծաղելով ասում է՝ «մտածել է պետք, թե ինչ փիլիսոփայական ձեւակերպում է»… Եվ տվեց հետեւյալ խորհուրդը՝ «ազատություն պետք չէ տալ մարդկային լեզվին, ստամոքսին ու ձեռքերին, եւ դուք չեք գտնվի բռնության վայրերում»։ – Աստաֆեւը մտահոգվա՞ծ էր կալանավորների ճակատագրով եւ ի՞նչ էր անում այդ ուղղությամբ։ – 1990-ի հունիսին Աստաֆեւը վերջին անգամ այցելեց ճամբար։ Այցելությունը կարճատեւ էր։ Նա եկել էր մեզանից դիմումներ եւ բողոքներ ստանալու, որպեսզի տաներ Մոսկվա՝ իշխանություններին ներկայացնելու համար։ Մենք վերջին անգամ միմյանց ձեռք սեղմեցինք։ Ես հայտնեցի, որ բողոք չունեմ, քանզի իմ հայրենիքից պահանջագիր է ստացվել, որպեսզի ինձ վերադարձնեն Հայաստան։ Աստաֆեւը բարի ճանապարհ մաղթեց, եւ մենք բաժանվեցինք։ Կալանքից ազատվելուց հետո երբեւէ չեմ հանդիպել գրողին եւ այսօր, երբ նա այլեւս չկա, մտաբերում եմ նրա իմաստուն խոսքերը, որոնք որպես պատգամ հիշում են նաեւ մյուս տառապյալները։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ