Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուսանկարչական

Դեկտեմբեր 14,2001 00:00

ՏԱՆԻՔԻ ՏԱԿ՝ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔԻ Լուսանկարչական ապարատով հնարավոր չեղավ միայն ֆիքսել այս խուցի հոտը, որի միակ «կոմունալ հարմարությունը» տախտակի կտորով ծածկված դույլն է։ 74-ամյա Հայրապետ Սարգսի Վասիլյանը հնոտիքի մեջ կուչ էր եկել մահճակալի նմանվող հարմարանքում՝ սպասելով մեր գալուստին։ «Հենց տեղիցս վեր եմ կենում, վռազ վազում եմ շուկա, ցուրտ ա, ստեղ չեմ դիմանում»,- ասաց Հ. Վասիլյանը։ Մաշտոցի 3 շենքի աստիճանավանդակի ծայրում, տանիքի տակ հարմարեցված նրա «բնակարանում», որի բետոնե հատակն ու ստվարաթղթե արկղերից հավաքած «կախովի» առաստաղը մահապարտի խուց էր հիշեցնում, մի քանի րոպե էր հնարավոր դիմանալ՝ ցրտին, գարշահոտությանը, խավարին։ Այնքան մութ էր, որ լուսանկարում էի կուրորեն՝ մոտավորապես։ Հինգ տարի այստեղ «ապրելուց» հետո Հ. Վասիլյանը վերջապես համոզել է իր արժանապատվությանը՝ ծերանոց գնալու համար։ Սոցիալական ապահովության նախարարությունում նրան ճանապարհել են «տեղ չկա» պատասխանով։ Հ. Վասիլյանից տեղեկացանք, որ այդ պատասխանից ոչ առաջ, ոչ հետո ոչ ոք չի այցելել նրան՝ տեղում տեսնելու, թե նա ինչպես է ապրում։ Նույն պատասխանը նույն տեղից մենք էլ ստացանք։ «Ի՞նչ առաջնահերթությամբ են տարեցներին ծերանոց տանում» մեր հարցին Հաշմանդամների եւ վետերանների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն ասաց. «Բնակարան չունեցողներին»։ Հ. Վասիլյանը ոչ միայն բնակարան, այլեւ հարազատ-ազգական չունի։ Շարունակական թերսնումը, ջերմության նույնիսկ ամենաթույլ աղբյուրի բացակայությունը 74-ամյա երբեմնի բազմաշնորհ մարդուն հասցրել են այն աստիճանի, որ նա ի վիճակի չէ անգամ մեխ խփելու։ «Նրա թղթապանակը մեզ մոտ է, վրան նշված է, որ բնակարան չունի։ Նա հերթի մեջ է»,- ասաց տիկին Բաղդասարյանը այն բանից հետո, երբ ընկալուչից դուրս հրահանգեց թղթապանակի վրա նշել, որ բնակարան չունի։ «Նա գուցեեւ չդիմանա ձեր հերթին»՝ մեր այս փաստարկից հետո հանկարծ Նորքի ծերանոցում տղամարդու մի տեղ բացվեց։ Ավելի ճիշտ, տիկին Բաղդասարյանն ասաց, որ իրենք կարծում էին, թե շատ ավելի վատ վիճակում գտնվող ծեր կարող էր լինել։ Ի վերջո, վարչությունում հանձն առան հաջորդ օրը (այսինքն՝ այսօր) Հ. Վասիլյանին տեղավորել ծերանոցում։ Մենք հետեւողական կլինենք նրա ճակատագրի հարցում՝ գոնե մինչեւ ծերանոց, որը նրա համար լուծում է առնվազն 4 պատի, լոգանքի, օրական տաք թեյի խնդիր, ինչը մինչ այդ նրա համար արել են հարեւան ծածկած շուկան, հարեւանները, բարի մարդիկ։ Իսկ թե ողբերգական ինչ հանգամանքների բերումով է Հ. Վասիլյանը այդ վիճակում հայտնվել՝ պատմելու բան չէ։ Ի վերջո, բոլորիս հետ էլ կարող է պատահել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել