Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշտարակի կաբելային հեռուստատեսության՝ «Սերվիս Թի Վի»-ի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունը, որը

Դեկտեմբեր 14,2001 00:00

«ՀՀԿ» ՊՓԲԸ-ն պնդում է, որ պատվեր չի կատարում Աշտարակի կաբելային հեռուստատեսության՝ «Սերվիս Թի Վի»-ի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմությունը, որը կապված էր այդ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման կասեցման հետ, թերեւս, իրեն չի սպառել: Ու քանի որ մենք խոստացել էինք անդրադառնալ վիճահարույց խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերին, ուստի անդրադառնում ենք «Հեռուստահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն պարոն Վերդյանի պարզաբանումներին: Հիշեցնենք միայն, որ սույն պետական ընկերությունը 99թ. կառավարության թիվ 694 որոշմամբ կոչված է կարգավորել հեռուստա եւ ռադիոընկերությունների տեխնիկական շահագործման լիցենզիայի տրամադրումը: Հիշյալ որոշման կետ 8-ով սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որը պարտադիր է ներկայացնել հիշյալ ընկերությանը՝ ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման իրավունքի թույլտվություն ստանալու համար: Վկայակոչելով կառավարության որոշման այդ կետը՝ պարոն Վերդյանը հերքում էր Աշտարակի հեռուստատեսության տնօրեն Վ.Բոցինյանի հայտարարությունը, թե վերջինս պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, բայց, քանի որ, ըստ ամենայնի, քաղաքական պատվեր կա, հիշյալ ՊՓԲԸ-ն շահագրգռված է «Սերվիս Թի Վի»-ի շահագործման թույլտվությունը ձգձգել: Ըստ պարոն Վերդյանի, աշտարակցիներին հեռուստատեսության հաղորդումներից զրկելու որեւէ այլ պատճառ, բացի Վ.Բոցինյանի ներկայացրած կիսատ-պռատ փաստաթղթերից, չկա: Պարոն Վերդյանը՝ վկայակոչելով Վ.Բոցինյանի՝ «ՀՀԿ»-ին ներկայացված՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ Աշտարակի հեռուստաընկերությանը վերաբերող «մինչեւ 25 բաժանորդ ունեցող ցանցի համար» հեռարձակման լիցենզիայի տրամադրման մասին որոշումը, պնդեց եւ համապատասխան փաստաթղթերով փաստարկեց, որ Ազգային հանձնաժողովի որոշումը հեռուստաընկերությանը շահագործման թույլտվություն տալու հիմք, իրոք, չի հանդիսանում, քանի որ, այդ որոշման հետ մեկտեղ, Վ.Բոցինյանն իրենց ընկերությանը ներկայացրել է հեռուստատեսության հաղորդիչների ցանցի նախագիծ: Իսկ այն վկայում է ոչ թե 25, այլ՝ 400 բաժանորդ ունենալու մասին: «Եթե Վ.Բոցինյանը Ազգային հանձնաժողովի ներկայացրած որոշմանը կից ներկայացներ 25 հաղորդիչի համար նախատեսված փաստաթուղթ՝ իրավիճակը միանգամայն այլ կլիներ, եւ որեւէ հակասություն չէր առաջանա»,- վստահեցրեց պարոն Վերդյանը: Վերջինս, այնուամենայնիվ, համաձայնեց, որ որոշակի հակասություններ կան նաեւ կառավարության թիվ 694 որոշման 8-րդ եւ 11-րդ կետերի միջեւ: Մեր այն դիտարկմանը՝ հիշյալ կետ 11-ում, որտեղ սահմանված են շահագործման հայտերի մերժման դեպքերը, չկա որեւէ կետ, որը «ՀՀԿ»-ն վկայակոչած լինի Աշտարակի հեռուստատեսության շահագործումն արգելելու համատեքստում: Այդուհանդերձ, նա հավաստիացրեց, թե Աշտարակի հեռուստատեսությունն առաջիկայում շահագործման լիցենզիա ստանալու որեւէ խնդիր չի ունենա, եթե պատշաճ կարգով ներկայացնի պահանջվող բոլոր փաստաթղթերը, եւ եթե հաղորդումների հեռարձակման ազդանշանների պարամետրերը համապատասխանեցվեն պահանջվող տեխնիկական նորմերին: Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի, միայն թե հարկ ենք համարում նկատել, որ Աշտարակի հեռուստատեսության տնօրենի հայտարարությունները՝ հեռուստատեսության դեմ ծավալվող քաղաքական ճնշումների մասին, կասկածի տեղիք չեն տալիս եւ դրա համար բավարար փաստեր կան, նույնիսկ՝ անկախ այն բանից, թե շահագործման լիցենզիան «ՀՀԿ»-ն չի տալիս, որովհետեւ պատվե՞ր է կատարում, թե՞ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Ի վերջո, հեռուստատեսության դեմ սկսված արշավն ամենեւին էլ չէր սահմանափակվում միայն վերջինիս եւ «ՀՀԿ» պետական ընկերության միջեւ եղած պրոբլեմներով: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել