Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարո՛ն

Դեկտեմբեր 14,2001 00:00

«ԵԹԵ ԱՄԲԻՈՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՍԱԼՈՆ ՉԻ, ԴՈ՞Ւ ԻՆՉԻ ՆԿԱՐԱՀԱՆՎԵՑԻՐ» «Պարո՛ն Քոչարյան, ձեզ հոգեհարազատ «Օրակարգի» տափակ շուլուխները նայել ու լսելուց բացի, ականջ արեք՝ ձեր կկուն ոչ թե երեք, այլ՝ հազար անգամ արդեն վաղուց կանչել է։ Խոսքը, պարոն Քոչարյան, ձեր թիկնապահ «Կկուի» մասին չէ։ Եվ սա ոչ թե իմ, այլ ողջ ժողովրդի կարծիքն է»: Երեկ Ռ. Քոչարյանին Թումանյանի «Տերն ու ծառան» հիշեցրեց Ա. Գեղամյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով վիճակագրական խայտառակ թվեր այն մասին, թե նա «ուր է հասցրել մեր չքնաղ Հայաստանն ու մեր ուշիմ ու խոհեմ ժողովրդին»։ Ա. Գեղամյանի ելույթին հաջորդեց «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանի խրատական ելույթը, թե ոչ ոք իրավունք չունի վիրավորել հանրապետության նախագահին եւ այլն։ Ըստ Գ. Սահակյանի, ԱԺ ամբիոնը անվարձ կամ վճարովի եթեր չէ եւ ոչ էլ նկարահանման սալոն։ Իսկ եթե ինչ-որ մեկն անվճար եթերի կամ նկարահանման սալոնի կարիք ունի, Գ. Սահակյանն առաջարկեց դիմել քաղաքապետարան, հայտ վերցնել, միտինգ անել, «նորից ձախողվել, նորից բռնկվել»։ «Պատշաճ չէ, ինձ եմ մեղադրում եւ կարծում եմ, որ դա իր վրա կվերցնի նաեւ ԱԺ նախագահը, երբ երկրի նախագահին ինչ-որ մեկը անպատշաճ խոսք է ասում եւ դիտողության չի արժանանում, որը անում եմ ես այժմ։ Չի՛ կարելի։ Անկախություն ձեռք բերած ազգը եւ նրա մարտիկները միշտ պիտի որոշակի խորհրդանիշներ կարողանան պահպանել։ Առավել եւս, երբ, ինչպես նախկինում, առանց որեւէ տրամաբանության, գցելու-բռնելու մի դրոշ վերցրինք ոտներիս տակ, տրորեցինք-գցեցինք, եւ բարձրացրեցինք մեր անկախության դրոշը։ Այսօր էլ փորձ են անում այդ դրոշը լղոզել նույն ձեւով»,- ասաց Գ. Սահակյանը։ Նրա գնահատմամբ՝ այսօր մի վտանգավոր փրկիչների դաս է ստեղծվում, որոնք գալիս-գնում, հավաքում են ժողովրդին եւ տրամաբանորեն այնպիսի բաներ հուշում, որ հանկարծ ստացվում է, որ «դու ինքդ մտածում ես. դու այս երկրի քաղաքացի՞ն ես, թե՞ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ այդքան փնովել։ Որեւէ մեկը չկարողացա՞վ ասել, որ անքուն գիշերներ է անցկացրել կառավարությունը բյուջեն կազմելիս»։ Եվ այստեղ Գ. Սահակյանը չդիմացավ ու դահլիճում գտնվող կառավարության անդամների կողմից իրենց երկրի սիմվոլի՝ նախագահի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար ասաց. «Նրանց կարող եմ միայն մեղադրել, որ երբ իր երկրի նախագահի մասին բան են ասում, այստեղից շա՜տ հանգիստ, կարծես ոչինչ չի եղել, բացատրություններ են տալիս այնպիսի խնդիրներին, որոնք բացատրության հեչ արժանի էլ չեն եւ ոչ էլ բյուջեին են վերաբերում»։ Իսկ ըստ Գ. Սահակյանի, առնվազն մոլագար են նրանք, ովքեր Նոր տարվա շեմին ժողովրդին ահաբեկելով ասում են, թե «քեզ արդեն մի կախաղան է պետք, քանի որ արդեն ամեն ինչ անցել-գնացել է»։ Կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի գնահատմամբ՝ Գ. Սահակյանի կողմից Ռ. Քոչարյանին ցուցաբերած «նվիրվածությունն» ընդամենը արջի ծառայություն է։ «Երբ նրան մտցնում էին «Հանրապետություն» բլոկը, նույնը խոսում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Վաղը կգա նոր պրեզիդենտ, նույնը նրան է ասելու։ Եթե նա նրան սիմվոլ է համարում, այո՛, ես էլ եմ դեմ, թող սիմվոլը մնա իր դիրքի վրա»,- ասաց Խ. Թռչունիչը։ Վերջինս մեջբերեց դասախոս Հրաչիկ Սեւոյանի խոսքերը, թե եթե մարդն էությամբ աննշան է, նշան կրելն իմաստ չունի։ Եվ եթե, ըստ Խ. Սարգսյանի, նախագահը սիմվոլը պահեր, այսօր նրա հասցեին վատ խոսելն իսկապես հանցագործություն կլիներ։ «Իսկ եթե նա չի անում, ժողովուրդն այս վիճակում է, ի՞նչ է, սազը առնենք-գովե՞նք»,- նկատեց պատգամավոր Սարգսյանը։ Սակայն, ի տարբերություն Գ. Սահակյանի, Խ. Թռչունիչի համար սիմվոլը ոչ թե նախագահն է, այլ՝ մեր դրոշը, զինանշանն ու օրհներգը, եւ ժողովուրդն այսօր այնքան վատ է, որ ոտքի վրա չի էլ կանգնում անգամ, երբ հնչեցվում է օրհներգը։ Իսկ հանրապետության նախագահին, ԱԺ-ն նա դժվարացավ համարել սիմվոլ, քանի որ նրանք ընդամենը ժամանակավոր ղեկավարներ են։ Իսկ եթե սիմվոլ են, ապա այդ դեպքում Խ. Սարգսյանը չի հասկանում, թե «ինչու են խոսում Ստալինի անձի պաշտամունքի մասին։ Ուրեմն սա էլ է անձի պաշտամունք»։ «Եթե պաշտոնապես ասում են, թե Թուրքիայում կա 5000 հայ մարմնավաճառ, դա նախագահի սիմվո՞լն է, թե՞ սիմվոլը չի։ Իր վրա ազդո՞ւմ է, թե՞ չի ազդում։ Երբ Ազգային հեռուստատեսությամբ 13 տարեկան մարմնավաճառ աղջկա են ցույց տալիս, դա ազդո՞ւմ է սիմվոլի վրա, թե՞ ոչ։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։ Իսկ սա ոչ թե մեկի, այլ՝ ազգի սիմվոլ է, դե՛ եկեք պահենք»,- վրդովված ասաց Խ. Սարգսյանը։ «Իսկ շարունակելո՞ւ է Կոմկուսը նաեւ այսուհետ երկրի սիմվոլին որակումներ տալ այն բանից հետո, երբ Գ. Սահակյանը հորդորեց չվիրավորել նախագահին՝ ԱԺ ամբիոնն օգտագործելով որպես անվճար եթեր եւ նկարահանվելու սալոն» հարցին, Խ. Սարգսյանը պատասխանեց. «Դե՛, իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե Գ. Սահակյանը ԱԺ ամբիոնն իբրեւ նկարահանվելու վայր չի համարում, ապա այդ նույն ամբիոնից ինչի՞ ինքը նկարահանվեց»։ Իսկ ՀԺԿ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի կարծիքով, Ա. Գեղամյանի գնահատականներն իսկապես լուրջ փաստարկների վրա էին հիմնված եւ նրա դեմ «ոտագողային» արշավը, որը նրա անձի վարկաբեկմանն է ուղղված, միանշանակ վիրավորական էր. «Նա կարողացավ հակահարված տալ նմանատիպ երեսպաշտներին։ Գտնում եմ, որ Գեղամյանը ճիշտ վարվեց, եւ տեղին էր, դիպուկ էր ասված։ Անգամ ավելին կարելի էր ասել»,- ասաց Ա. Բարսեղյանը։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել