Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասում

Դեկտեմբեր 14,2001 00:00

«ԵԹԵ ՍՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱՐ, ԱՏՐՃԱՆԱԿԸ ՄՈՏՆ ԷՐ, ԿՍՊԱՆԵՐ» Ասում է գլխավոր դատախազը Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը երեկ խորհուրդ տվեց՝ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրգործի դատաքննության ընթացքում առավել ուշադրություն դարձնել «դատաբժշկական փորձագետի եզրակացության եւ հարցաքննության վրա, եւ արդեն ձեզ համար շատ բան պարզ կլինի։ Այսինքն՝ վնասվածքի պատճառման մեխանիզմի հետ կապված, թե ի՞նչ մեխանիզմով է այդ վնասվածքը պատճառվել»։ Ըստ էության, սա իրոք խիստ կարեւոր է լինելու, քանի որ մեր մի քանի զրույցները գործին այս կամ այն ձեւով առնչվող անձանց հետ հիմքեր տալիս են ենթադրել, որ դատարանում կպարզվի, ասենք այն, որ հանգուցյալ Պողոս Պողոսյանը սիրել է խմել (հիշեցնենք, որ վերջինիս եղբայրը հերքում է սա, ասելով, որ նա երբեմն խմում էր, բայց՝ չէր հարբում) կամ ինչ-որ կոկորդային հիվանդություն է ունեցել, որը «քաշքշուկի» պահին ավելի է սրվել, իսկ հանգուցյալի թեւի վրայի բռնության հետքը ոչ թե բռնության հետեւանք է, այլ՝ դիմադրության։ Ի դեպ, չի բացառվում, որ դատարանում կհերքվի նաեւ հանգուցյալի երբեմնի մարզական վիճակում լինելը։ Այսինքն, եթե Անդրանիկ Պողոսյանը (հանգուցյալի եղբայրը) վստահ է, որ իր եղբայրը ֆիզիկապես ուժեղ էր եւ կոփված եւ որ նրան հնարավոր չէր մեկ հարվածով գետնին գցել ու սպանել, ապա դատավարության ընթացքում կապացուցվի հակառակը։ Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մենք ենք ենթադրում, ապա մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Յանիկյանը շատ ավելի շահեկան վիճակում է որպես իրավաբան, քան Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Ռուբեն Սահակյանը։ Եթե վերջինս անակնկալ որեւէ միջնորդություն չներկայացնի մինչեւ դատավարության սկիզբը, ապա ստիպված է լինելու խիստ դժվարին խնդիր լուծել։ Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը երեկ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ինչ-որ պահի կարծես թե ակամա ստանձնեց Ա. Հարությունյանի պաշտպանի դերը։ Լրագրողներից մեկի հարցը՝ «պրն դատախազ, նախագահական, նախագահամերձ շրջանակները, որոնք ներկա են եղել «Առագաստ» սրճարանում…», ընդհատելով, անմիջապես ասաց, թե «նրանք դեպքին ներկա չեն եղել։ Ձեր ասած անձինք դեպքին ներկա չեն եղել։ Միջադեպին ներկա են եղել նախագահի անվտանգության ծառայությունից երկու ընկերներ, որոնք հարցաքննվել են»։ Ըստ որոշ գնահատականների, Ա. Հարությունյանին մեղադրանք ներկայացնելու որոշումը այնպես է կազմված, որ դրանում կարծես թե հանցակազմի բացակայություն կա եւ փաստաբանը շատ հեշտությամբ կարող է պաշտպանել իր պաշտպանյալի շահերը։ «Առավոտի» այս հարցին պատասխանելով, գլխավոր դատախազն ասաց. «Այո, Աղամալ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչել, եւ նրա փաստաբանը միջնորդել է քրեական գործը կարճելու մասով, սակայն քննիչը միջնորդությունը մերժել է, պատճառաբանված որոշում է կայացվել դրա համար»։ Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ գործը վարող քննիչը հնարավորինս ապահովել է գործով վկաների բազան. «Դուք կհամոզվեք, որ մենք պարզել ենք՝ բոլոր սեղանները՝ զուգարանի հատվածի դիմաց եւ այնտեղ գտնված բոլոր անձինք հարցաքննվել են։ Մասնավորապես Պողոս Պողոսյանը ո՞ւմ հետ է եղել՝ Ստեփան Նալբանդյանի, Յուրա Նավոյանի, Սերժ Բաբայանի հետ։ Մյուս սեղանին նստած են եղել Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Փարաջանովի կինը եւ Ուկրաինայից ռեժիսոր Ռոման Բալայանը։ Մյուս սեղանին՝ Ծառուկյան ազգանունով (հայտնի Ծառուկյանի հետ կապ չունեցող) անձնավորություն եւ այսպես, ըստ սեղանների մենք հարցաքննել ենք։ Այդ թվում՝ նաեւ լրագրողներ»։ Գլխավոր դատախազին «Առավոտն» ուղղեց հարց նաեւ այն մասին, որ արդյո՞ք դատավարության ընթացքը չի հանգեցնի նրան, որ հանցակազմի բացակայության պատճառով Աղամալ Հարությունյանը ընդհանրապես չի դատապարտվի։ Արամ Թամազյանն ասաց, որ դրանք հետեւություններ են, որոնց հետ ինքը չի կարող համաձայնել. «Որովհետեւ հեռակա կարգով դուք պատկերացում եք ուզում ստանալ գործի վերջնական արդյունքի մասին։ Այդ դեպքում էլ ինչի՞ է պետք դատավարության անցկացումը։ Համաձայն չեմ ձեր հարցադրումներին»։ Գլխավոր դատախազը շեշտեց, որ մեղադրանքի որոշման մեջ ուղղակիորեն նշված է, որ փոխադարձ վեճի, հարվածների ընթացքում պատճառվել է նման վնասվածք. «այսինքն մենք դիտել ենք, որ նպատակ չի ունեցել սպանելու, սակայն պարտավոր էր գիտակցել ու նախատեսել այդ հետեւանքների առաջացումը, որը տեղի է ունեցել։ Այսինքն, մեղքի դրսեւորման անզգույշ ձեւ է։ Ուղղակի չեմ ուզում ավելի պրիմիտիվացնել, հասարակացնել, ասել, որ եթե նա նրան սպանելու նպատակ ուներ, ատրճանակը մոտն էր, կհաներ՝ կսպաներ»։ Գլխավոր դատախազի պատկերացմամբ եւ իր ասելով, գործի ողջ տվյալներով, գործում «մեղքի անզգույշ ձեւն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել