ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ Դեռեւս տասներկու տարի առաջ լուսանկարի այս հուշաքարը, ուր պատկերված է երկրաշարժից փրկված մայրը իր զավակների հետ, Հայաստանը նվեր ուղարկեց Շոտլանդիայի Դինգուոլ քաղաքին՝ ի երախտագիտություն դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժի օրերին ցուցաբերած օգնության։ Շոտլանդիայի այդ քաղաքի դպրոցականները, կրթահամալիրի տնօրեն Ալեքսանդր Գլասի գլխավորությամբ, այցելեցին աղետի գոտի, Նալբանդ գյուղ՝ բերելով իրենց հետ ֆինանսական օգնություն։ Բացի այդ, նրանք քսան աշակերտի եւ 3 ուսուցչի որոշեցին հրավիրել իրենց երկիր։ Նալբանդի աշակերտներին, որպես թարգմանիչ, միացան նաեւ Երեւանի Չարենցի անվան դպրոցի 10 դպրոցական՝ փոխտնօրեն Ա. Դարբինյանի գլխավորությամբ։ Ու թեեւ որոշել էին, որ փոխադարձ այցերը ավանդույթ պիտի դառնան, միայն օրերս շոտլանդական կողմն այցելեց Հայաստան՝ իր հետ բերելով հայ-շոտլանդական բարեկամությունը խորհրդանշող մի հուշաքար, որը նվիրվեց Չարենցի անվան դպրոցին։ Դպրոցը հյուրերին հյուրընկալեց իր սաների կազմակերպած տոնական համերգով։ Սեփ. լր.