ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍՏՎԵՐԻ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին է դիմել Աբովյանի ավտոկայարանի ղեկավարությունը («Դյունա» ՍՊԸ), որտեղ խոսք է գնացել ուղեւորափոխադրողների եւ պետության միջեւ ձեւավորված «ճեղքվածքի» մասին։ Ավտոկայարանի տնօրինությունը գտնում է, որ այդ «ճեղքվածքը» «լրացվում է գծի տեր-չինովնիկ ստվերային համագործակցությամբ»։ Բերելով Աբովյանի շրջանի օրինակը, նա նշել էր, որ առկա է ուղեւորափոխադրման գործող մոտ 210-220 ավտոտրանսպորտային միավոր, որից օրինական գործում է ավտոբուսների եւ միկրոավտոբուսների պարկի միայն 1/3 մասը՝ մոտ 70 մեքենա։ Նա հաշվարկել էր, որ 70 մեքենայից հարկահավաքման ծավալը կազմում է 70×1980 դրամ, որը օրական հավասար է 138600 դրամ։ «Հաշվի առնելով, որ ավտոմեքենաների քանակը կազմում է միայն 1/3-ը ընդհանուրից, ապա կստացվեր մոտ 2000 դոլար»։ 200-ից ավելի մեքենաները, ըստ տնօրինության, օրինական գրանցվելով, պետք է վճարեն 5000-ական դրամ Սոցապահովության հիմնադրամին, որն էլ, ամսական ընդհանուր հաշվարկով, կազմում է մոտ 2000 դոլար։ Եթե հաշվի առնվի, որ միջին ավտոտրանսպորտային միջոցը օրական ապահովում է 15-20 հազար դրամ հասույթ, ապա սպասարկող ավտոպարկի օրական հասույթը կկազմի 3,5 մլն դրամ։ Սակայն, որքան հասկացանք սույն գրությունից, կոռուպցիոն կառույցները եւ պետական վերահսկողության բացակայությունը ընդամենը ավելացրել են ճեղքվածքը։ Սեփ.լր.