Ովքե՞ր են կարգավորում շուկայական գները Չնայած նոյեմբեր ամսվա վերջում բենզինի գներն, ի վերջո, սկսեցին իջնել, սակայն մթերքների գները ոչ միայն չիջան, այլեւ՝ նոր թափով աճի մեկնարկ վերցրին։ Ընդ որում, գների բարձրացումը տարածվել է ոչ միայն ներկրվող ապրանքների վրա, այլեւ՝ տեղական արտադրության։ Հակված ենք կարծելու, թե այս ամենը պայմանավորված է ոչ միայն ձմեռային ցրտերի հանգամանքով (հայի «խասյաթ» է. ցրտերն ընկել են՝ գները «թռչելու» են), այլեւ՝ հունվարին սպասվող կենսաթոշակների, ինչպես նաեւ՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացմամբ։ Ընդհանրապես բիզնեսի օրենքները Հայաստանում գլխիվայր են։ Չնայած ասում են, թե իբր շուկան ինքն իրեն է կարգավորվում, այնուամենայնիվ, փաստերն այլ բան են ասում։ Բիզնեսի՝ «դրսի» աշխարհում սովորաբար եթե ապրանքը լավ է իրացվում, դրանց գինը ոչ միայն իջնում է, այլեւ՝ զեղչեր եւ նույնիսկ նվիրատվություններ են արվում գնորդներին։ Հայաստանյան շուկայում պատկերը հակառակն է. եթե ապրանքը լավ է իրացվում, ուրեմն «կարելի» է գինը բարձրացնել։ Բազմիցս կարելի է լսել այսպիսի արտահայտություններ. «Դրանք էդ գնով գնո՞ւմ են» («գնում» ասելով նկատի է առնվում ապրանքի «ւՏՊՏՉՏռ»-ությունը)։ Եթե ի պատասխան հնչում է . «Պատկերացրու՝ հա՛… Հենց էսօր էլ ծախել եմ», ուրեմն առաջիկայում սպասվում է այդ ապրանքի գնի բարձրացում։ «Վայ» նրան, ով հանկարծ կարող է որեւէ շեղում թույլ տալ՝ տվյալ ապրանքի գնի թույլատրելի սահմանից՝ հօգուտ գնորդի։ Շուկայական ներկա օրենքներով, որոնց գլխավոր սկզբունքն է՝ «մեռնեմ ախպերությանը», այդ շեղումները դիտվում են իբրեւ «գին գցել»։ Առավել շրջահայաց վաճառողները, որոնք շահագրգիռ են, որ ապրանքը շուտ իրացվի, գինը ցածր են սահմանում, բայց չեն գրում (հնարավոր «ռազբորկաներից» խուսափելու նպատակով)։ Ի դեպ, վանաձորյան շուկայում գների վրա որոշակի ազդեցություն են թողնում նաեւ ամսվա օրերը։ Նպաստների, թոշակների բաշխման օրերը գնորդների համար «մագնիսական օրվա» կարգավիճակ ունեն։ Այդ օրերին շուկայական գները կարող են առավել եւս բարձրանալ։ Գների վրա իրենց ազդեցությունն են թողնում նաեւ զանազան ստուգումներ՝ առեւտրի կետերում։ Այդ ստուգումների արդյունքում «փակվել-բացվելուց» հետո դրանցում մթերքների գները «թռչում» են եւ արդեն կարելի է եզրակացություն անել, որ այդ օբյեկտները մեծ ծախսերի տակ են ընկել (հնարավոր է, սակայն, որ այդ ծախսերը համեմատաբար ավելի քիչ լինեն, քան՝ եթե նրանք օրինական մուծումներ կատարեին։ Այստեղ էլ դեր է խաղում հարկային ու մաքսային դաշտի բեռի ծանրությունը)։ Շուկայական գների վրա իրենց ազդեցությունն են թողնում նաեւ «ՏտՑՏՉՌՍ»-ները՝ մեծածախ գնումներ կատարելով առեւտրի փոքր կամ միջին օբյեկտներից։ Դրա արդյունքում ապրանքի «դեֆիցիտ» է առաջանում, ուստի եւ գների բարձրացում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ