Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատարբեր առիթներով ասուլիսներ տալը վաղուց ռեկորդային ավանդույթ է դարձել Հայաստանում։

Դեկտեմբեր 13,2001 00:00

«Չեմ հավակնում բանաստեղծի կոչմանը» Ամենատարբեր առիթներով ասուլիսներ տալը վաղուց ռեկորդային ավանդույթ է դարձել Հայաստանում։ Ասուլիսներ տալիս են քաղաքական, պետական ու մշակույթի գործիչները, անգամ մարդկային ուղեղից ինչ-ինչ նյութեր արտազատող գիտնականները։ Սակայն ասուլիսային ռեկորդը վաղուց կիսում են նաեւ շնորհանդեսները եւ հաճախ ոչ ինքնանպատակ։ Մերուժան Տեր-Գուլանյանի «Պապլավոկում» կայացած «Գիշերային վարդ» գրքույկի շնորհանդեսը բազմամարդ էր, քանի որ ներկա էին նրա մտերիմները, գրչակից ընկերները։ Հեղինակը Թումանյանին եւ Չարենցին մեծարելուց հետո խոստովանեց, որ ինքը 20-րդ դարի սկզբի բանաստեղծի համբավ ձեռք բերելու մտադրություն ամենեւին չունի, թեեւ «գրածները դասական ոճի մեջ են»։ Իսկ ստեղծագործությունների թեման սերն է, «որն անխուսափելի է, ինչպես մահը» ու ներսում եփվելով՝ ակամա հանգավորվում է, դառնում բանաստեղծություն։ Գրքույկը ներկայացնելով՝ Տեր-Գուլանյանը նշեց, որ բանաստեղծություններով փորձել է արտահայտել մտածումները։ Չգիտի ինչքանով է հաջողվել, սակայն դրանք բանաստեղծության տեսք են ընդունել՝ բացելու համար գիշերային վարդի խորհուրդը, որ «անուն չունի»։ Մի ուրիշ բանաստեղծության մեջ էլ, «գարնան ծփանքները հովիտներում թողած», նա տխրում է քարե շենքերի մեջ մոլորված։ Նաեւ թախծում է՝ «օղու բաժակից հայցելով ներում եւ օրը պապլավոկներում հանգցնելով»։ Մի խոսքով, 18 տարեկանից հետո բանաստեղծություններ չգրած եւ «սպիտակ թղթից վախեցող» Տեր-Գուլանյանը, ընդհատելով վաղուց ծրագրած «Փշե պսակ» վեպը, կրկին որոշել էր վերհիշել երիտասարդ տարիների պոետական խենթությունները։ Եվ որպես նախկին «Ար» հեռուստաընկերության տնօրեն, հրապարակախոս ու արձակագիր հայտնի Տեր-Գուլանյանը զարմացրել էր շատերին բանաստեղծի իր նոր հայտով։ Իսկ կառավարությանն առընթեր Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Է. Միլիտոնյանը, պարզվում է, վաղուց էր ծանոթ նրա պոետական թուլություններին։ Նա բարձր գնահատելով Տեր-Գուլանյանի պոեզիան՝ միաժամանակ դժգոհեց բանաստեղծների շուրջ ձեւավորված ոչ ճիշտ մտայնությունից, որի պատճառով հաճախ ստեղծագործող մարդիկ սխալ են ընկալվում։ Մինչդեռ, ըստ Տեր-Գուլանյանի, չարության ու ճայթող կայծակների դաշտում բանաստեղծների վառած մոմի թույլ լույսը նաեւ բոլորին սիրո շուրջ համախմբելու ու հավաքելու կոչ է։ Ի դեպ, «Գիշերային վարդ» ժողովածուն, որ հեղինակը նվիրել է կնոջը՝ «Աստծո առաջ եւ անցնող օրերի մեջ», տպագրվել է նրա ընկերների միջոցով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել