Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ

Դեկտեմբեր 13,2001 00:00

ՀԱՅՐԵՆԱԼՔՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ «Երիտասարդ կինոռեժիսոր Մինաս Կուշնացյանը, օժտված լինելով ստեղծագործական վառ երեւակայությամբ՝ ձեռնարկել է մի կարեւոր թեմայի էկրանացում, որն այսօր անհրաժեշտ է հայրենիքում եւ սփյուռքում ապրողների համար…»։ Ֆիլմի առանցքում նրա ճակատագիրն է, իսկ գլխավոր հերոսի կերպարով ներկայացվում է ազգի վիճակը։ – Պարոն Կուշնացյան, քանի որ դուք բավականին երիտասարդ եք եւ ճանաչման շրջանակները՝ ոչ այնքան մեծ, ուստի նախ խնդրեմ՝ ներկայացրեք ինքներդ ձեզ։ – Նման հարցի սպասում է ի. ծնվել եմ Երեւանում, ավարտել եմ գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Արված գործեր ունեմ, ավելի շատ՝ թատերային, իսկ ժապավենային՝ երկու-երեքը։ Չեմ կարող ասել, թե վերջինները գեղարվեստական են, բայց եթեր բազմիցս դուրս են եկել։ – Անվանումնե՞րը։ – Մեկը՝ «Սեւ օրերի սպիտակ վարդերը», մյուսը՝ հեռուստաթատրոնում արված «Հոր ճառը», որում խաղում են Լեւոն Շարաֆյանը, Ժասմեն Մսրյանը ու նաեւ… ես։ – Փաստորեն, արդեն իսկ արված են առաջին քայլերը, իսկ անցնելիք ճանապարհը՝ դեռ առջեւում։ Այո՞։ – Որպեսզի մարդ իրեն լիարժեք մարդ զգա, նախեւառաջ պետք է հայրենիք ունենա։ Հետո՝ ապրի այդ հայրենիքում։ Այսօր ես ծանր ապրումների մեջ եմ՝ հայրենիքում եմ, բայց… Բայց ի՞նչ կարող եմ անել այստեղ, կա՞ ինչ-որ բան անելու, ձեր ասած՝ անցնելիք ճանապարհի հնարավորությունը։ Եվ մտածում եմ՝ գնա՞լ, թե՞ մնալ։ Տարակուսանքի մեջ եմ… Յուրաքանչյուր ոք մտածում է միայն իր մասին՝ չկամենալով մտորել այն մասին, թե ինչպես անի, որ նաեւ երկրի եւ ազգի վիճակը լավանա։ Այլ կերպ մտածողները բացառություն են կազմում, ես էլ դրանցից մեկն եմ։ Այո, դրանցից մեկը, որովհետեւ թեկուզ ոչ Սոս Սարգսյան եմ, ոչ էլ Խորեն Աբրահամյան, բայց ինքս ինձ ստույգ հայ եմ զգում։ Ի դեպ, արվելիք ֆիլմի անվանումն էլ հենց այդպես է՝ «Ես նույնպես հայ եմ…»։ – Ո՞րն է ֆիլմի բուն ասելիքը։ – Գեղարվեստական այս ֆիլմում մեր ապրած վերջին տասը տարիներն են՝ ցուրտ, մութ, անգործություն, նաեւ գրեթե սով։ Եվ այս ամենը՝ հայրենալքության պատճառ։ Հերոսը երիտասարդ ռեժիսոր է, որ ընկերներին էլ կորցնելով (ժամանակի զոհեր), կլինիկական մահ է ապրում ու վերադառնալով կյանք՝ հեռանում է հայրենիքից։ Եվ օտար ափերում, որպես «ճ» կարգի աշխատուժ, չարաշահվում- շահագործվում է մեկ ուրիշ «ճ» կարգի մարդու կողմից։ Բայց, բարեբախտաբար, հանդիպում է արվեստագետների ու հասնում բարձունքի։ Այդ ժամանակ էլ հասկանում է, որ հայրենիքից հեռու բարձունքի հասնելը լրիվ այլ բան է։ Արցունքն աչքերին՝ նա արտասանում է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն։ Խորհրդանշական է, որ արտասվում է նվաճումներ ունեցած ժամանակ, եւ արցունքները սառչում են աչքերի մեջ… Ֆիլմում կան նաեւ կտորներ նախկին, այսպես կոչված, աթեիստական ժամանակներից, երբ երեխայի ձեռքից խլում են խաչը ու սկսում քարկոծել… – Ովքե՞ր են խաղալու ֆիլմում։ – Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորողը նույնպես ես եմ, թեեւ խաղալ չեմ սիրում, քանզի ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Գիտեմ, դժվար է լինելու, բայց քանի որ գործը շատ է հոգեհարազատ, փակ աչքերով էլ կարող եմ աշխատել։ Իսկ դերասաններից Տիգրան Ներսիսյանը թերեւս կերպավորի հերոսի ընկերներից մեկին, Արմեն Մարգարյանը՝ Սունդուկյանի թատրոնից։ Գուցե նաեւ մայրս խաղա, թեեւ դերասանուհի չէ։ – Ի՞նչ ատյաններով եք անցել ֆիլմը իրականացնելու համար։ – Դիմել եմ մշակույթի նախարարություն, Թատերական գործիչների միություն, ընդհուպ մեր ինստիտուտ։ Պատրաստ են աջակցելու։ Բայց, անկեղծ ասած՝ նրանք ընդամենը կարող են տալ ինչ կարող են։ Մեծ փողեր չունենք պետական ապարատում։ Ձեռներեցների նույնպես դիմել եմ, պատասխանը եղել է՝ պետք է մտածենք, եւ այլն, եւ այլն։ Հույս ունեմ, որ կաջակցի նաեւ մեր առաջնորդարանը։ Եթե ստացվի, մտադիր եմ հանդիպել հանրապետության նախագահին, ինչը այնքան էլ հեշտ չէ, թեեւ Ռազմիկ Դավոյանը խոստացել է.. – Իսկ որտե՞ղ կկատարվեն նկարահանումները։ Իհարկե՝ հաջողության դեպքում։ – Առաջին մասը՝ Երեւանում, երկրորդը՝ օտար ափերում. չէ՞ որ հերոսը մեկնում է օտար երկիր։ Զրույցը՝ ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել