ՄԵԴԻՏԱՑԻԱ. Ն.ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԿԱՇՊԻՐՈՎՍԿԻՆ ՉԷ՝ ՍԹԱՓՎԵՔ Երեկ ընթացած «27» Քրգործի դատաքննությունը մի հարցի պատասխան տվեց. այն, որ բոլոր ամբաստանյալների գործողությունները համաձայնեցված են եւ, մեր տպավորությամբ, մեկ միասնական սցենարի մեջ։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ակնհայտորեն ազդել է դատավարության մասնակիցների հոգեբանության վրա, ընդհուպ այն աստիճան, որ նրանց ամեն մի խոսքում ակամայից հիշատակվում էր հենց այդ ազդեցության մասին։ Որ Հունանյանը «վարում» էր սույն դատաքննությունը, երեւաց հատկապես այն ժամանակ, երբ մեղադրողների կողմից արվեց միջնորդություն ամբաստանյալ Կարեն Հունանյանի հարցաքննության փուլում՝ նրան դահլիճից հեռացնելու մասին։ Ն. Հունանյանն, ի դեպ, միացավ սույն միջնորդությանը՝ հայտարարելով, որ ունի լրացումներ։ Ակնհայտ էր, որ նա լրացում ասելով պատրաստել էր իր հերթական քայլը, որի դառը պտուղները քիչ անց վայելեցին դատավարության մասնակիցները։ Օգտվելով «լրացում անելու իրավունքից», նա ամբաստանյալներին կոչ արեց՝ այս փուլում հարցերին չպատասխանել եւ այդ կոչից ոգեւորված, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը միջնորդեց, որ իրեն էլ հեռացնեն դատարանի դահլիճից, ինչին միացավ նաեւ ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը, որի տրամադրությունը բացարձակ լավ էր եւ պարբերաբար ծիծաղում էր։ Թերեւս զգուշավոր կեցվածք ընդունեցին ամբաստանյալներ Աշոտ Կնյազյանն ու Վռամ Գալստյանը (քեռի), որոնք միջնորդության բավարարումը թողեցին դատարանի հայեցողությանը։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանը հեռահար ակնարկեց, որ տրամաբանական կլինի, որ նրանց հեռացնելուց հետո ինքը չի պատասխանի հարցերին, ինչը տեղի ունեցավ ընդմիջումից հետո։ Այսինքն, ամբաստանյալների յոթնյակը իր ընտրած մարտավարությամբ բաժանվեց 5/2 հարաբերության։ Ի՞նչ տեղի ունեցավ նրանց պաշտպանների հետ։ Ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպանը հայտարարեց. «Ինձ մտահոգում է իմ ճակատագիրը», նաեւ այն, որ դատավարության ողջ փուլում «մեկ ափսե ճաշ չեն տվել ինձ, հագուստով եւ կացարանով չեն ապահովել»։ Եվ երբ հետեւեց իր գործընկեր փաստաբանների ծիծաղը, դուրս գալով փաստաբանական էթիկայի կանոններից, ասաց. «Խնդում են, ծաղրի են ենթակա հենց իրենք» եւ ապա միջնորդեց, որ եթե Ն. Հունանյանին մեկուսացնում են, ապա մեկուսացնեն եւ իրեն։ Երբ տուժողի՝ Վ. Սարգսյանի, իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Մարինա Ջանոյանը ակնարկեց հենց այդ էթիկայի սահմանների եւ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի խախտման մասին, անսպասելիորեն տեղից վեր ցատկեց փաստաբան Աղասի Աթաբեկյանը (ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպանը) եւ մի քանի անգամ հասցրեց հարցնել. «Քանի՞ հազար եք վարձատրվում»։ Թերեւս զուսպ կեցվածք դրսեւորեց ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպանը՝ փաստաբան Մարուսյա Չիլինգարյանը, որն ընդամենը դատավորին հիշեցրեց, որ աշխատավարձերի հարցին ընթացք չի տրվել։ Թեեւ քիչ անց շարունակեց՝ «այդ մանր-մունր գծուծ հարցերով չպետք է զբաղեցվի դատարանը»։ Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպանը՝ Կարապետ Աղաջանյանը, հայտնեց, որ նոր հանգամանք մեղադրողները չեն բերել՝ ամբաստանյալ Ն. Հունանյանին դատարանի դահլիճից դուրս հանելու վերաբերյալ եւ որ ավելի շատ մեղադրողներն ուղղորդեցին, քան ամբաստանյալները։ Ամփոփելով ասեմ, որ ամբաստանյալների պաշտպանական կողմում եւս տեղի ունեցավ բաժանում՝ 3/1 հարաբերությամբ։ Կարծես միասնական էին մեղադրողները եւ տուժող կողմը։ Եթե նախորդ դատական նիստում մեղադրողները հենց իրենք էին առարկել ամբաստանյալների դահլիճից հեռացնելուն՝ Կ. Հունանյանին հարցաքննելիս, դրանով իսկ դժվար կացության մեջ դնելով նույն շահերը հետապնդող փաստաբաններին, ապա երեկ նրանք միացյալ էին։ Այդպես էլ չկարողացան խոսեցնել Կ. Հունանյանին։ Ի դեպ ասեմ, որ երեկվա հատուկենտ պատասխանների մեջ Կ. Հունանյանի ամենասենսացիոն հայտարարությունը եղել է այն, որ ինքը, բացի վարչապետ Վ. Սարգսյանի վրա կրակելուց, այլ գործողությունների չի դիմել։ Մեղադրողի այն հարցին, թե ինքնաձիգով խփելն ինչով եք բացատրում, նա պատասխանեց ժխտելով. «Այդպիսի բան չի եղել։ Այդ տեսաժապավենը խեղված է։ Իմ ինքնաձիգը խզակոթ չի ունեցել»։ Եվ հեռահար նշանակության մի արտահայտություն թույլ տվեց (նսեմացնելու իմաստով), որը, հավանաբար, դատավարության որոշակի փուլում կբացի։ Նա հայտարարեց, որ հրահանգել էր բոլորին կռանալ եւ որ վարչապետը փորձում էր կռանալ։ Ամբաստանյալը մի քանի անգամ շեշտեց, որ ինքը չի պատասխանելու մեղադրող Գագիկ Ավետիսյանի հարցերին, որը չի նշանակում, թե հարցի պատասխանը չունի։ Շեշտեց. «ԱԺ դահլիճին առնչվող ամեն մի մանրուք ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Հիշում եմ Վռամին, Էդիկին, Դերենիկին, Նաիրիի գործողությունները։ Հստակ տեսակետ ունեմ»։ Անկախ դիտորդի պնդմամբ, Կարենն այն եզակիներից է, որ տիրապետում է կոմունիկացիոն ցանցին, որը եղբոր անվտանգության համակարգի անքակտելի բաղադրիչներից մեկն է, եւ անզգույշ թվարկումը կհանգեցնի «գաղտնագրի բացմանը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ.Գ. Ամբաստանյալ Կարեն Հունանյանի հարցաքննության ժամանակ դահլիճից դուրս հանվեցին մնացած 6 ամբաստանյալները։