Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ մեծարգո նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Մարգարյանին, Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյա

Դեկտեմբեր 13,2001 00:00

Ձեր ուշադրությունից դուրս Բաց նամակ մեծարգո նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Մարգարյանին, Ազգային ժողովի նախագահ Ա. Խաչատրյանին Մեծարգո ՀՀ ազատ, անկախ, ժողովրդավար պետության առաջնորդներ, ձեզ քաջ հայտնի է, որ խորհրդային տարիներին ՀՀ կառավարությունը ծրագրեց վերակառուցել Կոնդ թաղամասը, որի համար 1989թ. հ. 218 որոշումով պայմանագիր կնքվեց բնակիչների հետ։ Բնակիչների համար Կոնդում պետք է կառուցվեին քոթեջատիպ երկհարկանի բնակարաններ եւ իրացվեին բոլորի բնակարանները։ Սակայն ծրագիրը չավարտվեց՝ 1991թ. Խորհրդային Միության փլուզման եւ Հայաստանը ազատ, անկախ, ժողովրդավար պետություն հռչակվելու պատճառով (որը նախկին խորհրդային պետության իրավահաջորդն է Հայաստանում)։ 1992-ին չեղյալ հայտարարվեց 1989թ. հ. 218 որոշումը եւ այն փոխվեց հ. 224 որոշումով, որպեսզի բնակիչների համար պայմանագրով գրված քոթեջատիպ բնակարանների փոխարեն կառուցվեին բազմահարկ շենքեր։ Բայց բոլորի համար դրանք չկառուցվեցին, Ֆրիկի փողոցում կառուցվեց բազմահարկ 2 շենք՝ 72 ընտանիքի համար, իսկ 30 ընտանիքի համար 13 տարի չկառուցվեցին բնակարաններ։ Առանց բնակարանով ապահովելու, մեծահարուստներին վաճառվեցին բնակիչներին պատկանող իրացված տների հողատարածքները՝ դղյակներ կառուցելու համար, ինչի պատճառով կոնդեցի 80 ընտանիքներ դարձան ՀՀ «պետական աղետյալներ», ապրեցին անօթեւան, անկացարան, անաշխատանք, զրկված լինելով նույնիսկ բանկերում ունեցած իրենց ավանդներից, 13 տարի վարելով թափառաշրջիկ կյանք, երբ մարդասպան, հանցագործ մարդուն անգամ չեն թողնում անկացարան եւ ոչ մի երկրում։ Իսկ կոնդեցի 80 ընտանիքներ առանց հանցանքի պետական պայմանագրով մնացել են ձեր բոլորի ուշադրությունից դուրս։ Մեզ ամեն անգամ խաբում են՝ կառավարության որոշումներ փոխելով եւ դրանք չկատարելով, նույնիսկ վարչապետ Ա. Մարգարյանի 10.05.2001թ. տրված հ. 01253 հատուկ հանձնարարականով չի կատարվում 2000թ. հոկտեմբերի 25-ի կառավարության հ. 689 որոշումը։ Ֆինանսների նախարարությունը որոշման կատարման համար գումար չի պահանջում 2002թ. պետական բյուջեում՝ բնակիչներին դրամական փոխհատուցում կատարելու համար, համաձայն կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի հ. 683 որոշման, ինչը հակասում է Սահմանադրությանը եւ ոչ ոք պատասխան չի տալիս կառավարության 3 որոշումները չկատարելու համար, որոնց կատարումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ դեմքից եւ դիրքից։ Ելնելով վերոհիշյալ փաստերից, խնդրում ենք ձեզ, որպես ՀՀ ազատ, անկախ, ժողովրդավար պետության առաջնորդներ, հետեւողական լինեք օրենքով սահմանված կառավարության որոշումների կատարմանը՝ նախատեսված ժամկետում եւ չներեք ոչ մեկին կառավարության որոշումը չկատարելու համար։ Կոնդ թաղամասի «պետական աղետյալ» բնակիչներ Ընդամենը 13 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել