ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԹՈՂ ՈՐՈՇԻ «Հայխնայբանկի»՝ «Միկա գրուպին» անցնելուց հետո, ընդունելով, որ բանկը համակարգային արժեք է ներկայացնում (այսինքն պատրաստ է սպասարկել էլեկտրաէներգիայի, կենսաթոշակների եւ այլ վճարումներ), «Առավոտը» կանխատեսեց, որ պետությունը կվերսկսի օգտվել այս բանկի ծառայություններից՝ նկատի ունենալով «Միկա գրուպի» անսահմանափակ հնարավորությունները։ Մինչ այդ, մի շարք հիմնավոր պատճառներով, ՀՀ Սոցապ հիմնադրամը դադարեցրել էր այս բանկի հետ համագործակցության պայմանագիրը, որը, սակայն, հարուցել էր հարյուրավոր կենսաթոշակառուների դժգոհությունները։ Բացի այն, որ վերջիններիս խիստ ցանկալի էր սպասարկման քաղաքակիրթ այս ձեւը, նաեւ ձեռնտու էր. կարողանում էին տարիներով հանրապետությունում չգտնվելով, անընդհատ ավանդագրել իրենց կենսաթոշակները։ Իսկ Սոցապ հիմնադրամի կարծիքով, հիմնադրամի բյուջեի սղության պայմաններում յուրաքանչյուր այդպիսի «ավանդագրումը» հանրապետությունում գտնվող թոշակառուի համար խնդիրներ է ստեղծում (ձգձգման իմաստով)։ Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», 2002-ից վերսկսվում է հիմնադրամի եւ բանկի համագործակցությունը։ «Առավոտի» հարցին, թե սա ինչի՞ հետեւանքով տեղի ունեցավ կամ արդյոք կապ ունի՞ բանկի սեփականատիրոջ փոփոխությունը (նախկինում ՀԽԲ-ն պետական էր), ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ռոբերտ Նադիրյանը պատասխանեց. «Մի բան կարող եմ միանշանակ պնդել. մեր համագործակցությունը վերսկսվել է ՀԽԲ-ի կողմից իր նախկին դիրքերի էական փոփոխման արդյունքում։ Այդ փոփոխումը սեփականատիրոջ փոփոխության արդյունք է, թե այլ հանգամանքի, չեմ կարող գնահատել։ Համենայնդեպս, հիմնադրամն ինչ ասել է 2001թ. հունվարին (երբ դադարեցրեց պայմանագիրը- Ա.Ու.), նույնն ասում է 2001-ի դեկտեմբերին (երբ վերսկսվեց համագործակցությունը- Ա.Ու.)»։ Նա պարզաբանեց. «Մեր հիմնական խնդիրը հետեւյալն էր. մեր կողմից փոխանցված գումարն անթույլատրելի է անմիջապես ավանդագրել։ Դրանով վերանում էր վճարումների գործընթացի վերաբերյալ տեղեկություններ ունենալու հնարավորությունը»։ Հիշեցնենք, որ հիմնադրամի ղեկավարությունը նպատակ էր դրել հասցեական իրականացնել վճարումները, մինչդեռ ավանդագրումը զրկում էր այդ հնարավորությունից։ «Առավոտի» հարցին, թե հիմա ինչ երաշխիքներ կան, որ վճարումները հասցեական են լինելու, պրն Նադիրյանը պատասխանեց. «Մեր ձեռք բերած պայմանավորվածությունը հենց հասցեականության երաշիքն է։ Եթե նախկինում մենք ֆինանսավորում էինք եւ գումարները միանգամից ավանդագրվում էին, բանկային ու ավանդային գաղտնիքի մասին օրենքների համապատասխան չէինք կարողանում հետադարձ տեղեկատվություն ապահովել, ապա այսօր այդ գումարները մնում են հատուկ հաշվեհամարին, մինչեւ թոշակառուն ներկայանա եւ ստանա։ Իսկ վճարման գործընթացի ավարտից հետո ստանալու ենք հստակ ինֆորմացիա՝ ով է վճարել, ով՝ ոչ»։ Ընդ որում, մասնագետի մեկնաբանությամբ, բանկային գաղտնիքը չի խախտվում, որովհետեւ «գումարը մինչեւ թոշակառուին հասնելը պահում ենք բանկային գաղտնիքից հեռու»։ Ժամանակին Սոցապ հիմնադրամի դժգոհություններից մեկն էլ այն էր, որ բացի այն վարձավճարը, որը հիմնադրամը ծառայության համար վճարում էր բանկին, թոշակառուից լրացուցիչ գումարներ էին գանձվում։ Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ հիմա դա չի արվի, Ռ. Նադիրյանը նշեց. «Ոչ միայն երաշխիք չկա, այլեւ ավելին, եթե նախկինում ՀԽԲ-ն իր վրա պարտավորություն էր վերցնում անվճար բացել ավանդային հաշիվ եւ անվճար իրականացնել սպասարկումը, ապա նոր պայմանագրում նման կետ նշված չէ։ Մեր նախաձեռնությունը չի, որ թոշակառուն սպասարկվի բանկի միջոցով։ Դա փոխհարաբերություն է երկու սուբյեկտների միջեւ։ Եթե բանկին ձեռնտու է, թող անվճար անի, եթե ոչ՝ վճարովի։ Թոշակառուն ինքը կգնահատի իր հնարավորությունը։ Այսինքն՝ մենք չենք շահագրգռում կամ խոչընդոտում այս հարցում»։ «Հայխնայբանկի» հաճախորդների համալիր սպասարկման դեպարտամենտի տնօրեն Արթուր Հակոբյանից տեղեկացանք, որ շարունակելու են բանկային գրքույկները թոշակառուներին անվճար տրամադրել եւ անվճար էլ իրականացնել սպասարկումը։ Իսկ պրն Նադիրյանը թեեւ թիվ չնշեց, բայց հայտնեց, որ որպես վարձավճար հիմնադրամի կողմից բանկին մուծվելու է 2 անգամ քիչ գումար, քան նախկինում։ Անկախ այս ամենից, նկատենք, որ շատ է պակասել թոշակներից բողոքողների թիվը։ Նախկինում «Առավոտն» օրական ընդունում էր մի քանի թոշակառուի բողոք, որոնք կամ չստանալուց էին դժգոհում, կամ ուշ ստանալուց, կամ վատ վերաբերմունքից։ Վերջում պրն Նադիրյանը նշեց, որ կաշխատեն դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները վճարել մինչեւ Նոր տարի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ