Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ԱԺ մշտական հանձնաժողովներում 2002 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս հատ

Դեկտեմբեր 13,2001 00:00

Ռիսկայնությունը Մարգարյանի վրա՞ է Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ԱԺ մշտական հանձնաժողովներում 2002 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս հատուկ շեշտեց, որ այն, ի տարբերություն 2001 թ. բյուջեի, ռիսկային չէ։ Իսկ իրատեսականը կա ու կա։ Սակայն Կենտրոնական բանկն իր եզրակացության մեջ Ա. Մարգարյանի «ոչ ռիսկային» բյուջեին բոլորովին հակառակ գնահատականն է տվել. բյուջեն ռիսկային է։ Ավելին, ի հեճուկս Ա. Մարգարյանի՝ ԿԲ ամբողջ եզրակացությունը՝ ըստ ոլորտների, ամբողջությամբ նվիրված է հենց ռիսկերի վերլուծությանը, որի մեջ բացահայտված են բոլոր այն ռիսկերը, որոնք գների մակարդակի վրա ունենալու են կա՛մ ընդլայնողական, կա՛մ զսպողական ազդեցություն՝ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու ժամանակ։ «Մենք կառավարության տեսակետին հակառակը չենք պնդում։ Մեր ամբողջ եզրակացության իմաստը կայանում է նրանում, որ մենք բոլոր հատվածների ռիսկերը բացահայտում ենք եւ տալիս ենք դրանց գնահատականը։ Մենք ասում ենք, որ այդ ռիսկերն առկա են»,- ինքն իրեն ու կառավարությանը հակասելով ասաց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Իսկ եթե այս բյուջեն համեմատենք նախորդ տարիների բյուջեի հետ, ապա, ինչպես նշեց Տ. Սարգսյանը՝ որոշ ռիսկեր նվազել են, փոխարենը՝ առաջացնելով նոր ռիսկեր։ Հարկային բարեփոխումների փաթեթում, ըստ Տ. Սարգսյանի՝ պետք է կարողանալ գնահատել եւ հստակ ֆիքսել, թե տնտեսական աճի շնորհիվ ինչքան լրացուցիչ հարկեր են հավաքագրվելու։ Նաեւ այն, թե օրենսդրության փոփոխությունների շնորհիվ որքան կհաջողվի ավելացնել հարկային եկամուտները, վարչարարության ինչպիսի կատարելագործում կլինի, որը կնպաստի հարկերի հավաքագրմանը։ Եվ եթե այս ոլորտներով հստակ միջոցառումներ մշակվեն, ապա, ըստ Տ. Սարգսյանի՝ 2002 թ. բյուջեն հեշտ իրագործելի կլինի։ Այնպես որ, այս էլ որերորդ անգամ, Ա. Մարգարյանը՝ իր նախարարներով հանդերձ, եւ Ռ. Քոչարյանն այնպիսի բաներ են ասում, որ ԿԲ-ն, որի եզրակացությունը պետական կարեւորագույն փաստաթուղթն է, կամա թե ակամա, հայտնվում է անհեթեթ իրավիճակում։ Վերջինս կա՛մ պետք է, ինչպես երեկ, ստիպված ինքն իրեն հակասի՝ փորձելով չհերքել, տվյալ պարագայում, Անդրանիկ Մարգարյանի տեսակետը, կա՛մ էլ՝ իր եզրակացությունը կարդալ։ Իսկ երբ Տ. Սարգսյանից փորձեցինք ուղղակի «այո» կամ «ոչ» պատասխան ստանալ այն հարցին, որ, այսինքն՝ Ա. Մարգարյանի գնահատականը բյուջեի վերաբերյալ սխա՞լ է, վերջինս պատասխանեց, որ մեր հարցը «կոռեկտ» չէ։ Այնինչ մենք ընդամենը փորձում էինք այս երկու հակասությունները պարզել, որը սկզբում նախ հայտարարել էր վարչապետը, ապա՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Իսկ գուցե 2002 թ. բյուջեի ռիսկայնությունն Ա. Մարգարյանը վերցրել է իր վրա՞… ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել