Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատիվ

Դեկտեմբեր 13,2001 00:00

«Փնտրում ենք թուլություն՝ մեկնելով ասածից» «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը ասուլիս էր հրավիրել, որը կարելի է կոչել մինի-համագումար։ Կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը եւ համանախագահ Ստեփան Ծաղիկյանը մասնակի կրճատումներով ներկայացրին համագումարի ժամանակ իրենց հնչեցրած ճառերը։ Մեր տպավորությամբ՝ ասուլիսի բուն նպատակը կուսակցության անդրանիկ համագումարի լուսաբանման որոշ շեշտադրումների հետ անհամաձայնություն հայտնելն էր։ Հասկանալի է՝ խոսքն առաջին հերթին վերաբերելու էր «Առավոտ» օրաթերթին։ Տիկին Հարությունյանին վրդովեցրել էր, որ մենք շաբաթօրյա համարում նկատել էինք, թե կուսակցության ղեկավարի զեկույցում 144 անգամ նախագահի անունը շեշտվեց։ Ավելորդ պարզաբանման համար ասենք, որ թերթը թվաբանական ճշգրտությունը նկատի չի ունեցել, այլ՝ զեկույցի տրամադրվածությունը։ Իրոք, կարելի է, որեւէ անուն չտալով, համակրանք կամ հակակրանք արտահայտել, եւ թվերը պարզապես համագումարի մթնոլորտը ներկայացնելու նպատակով էին։ Ի դեպ, տիկին Հարությունյանը շատ ճիշտ նկատեց. «Լյուդմիլա Հարությունյանը այդքան նաիվ չի, որ նախագահի անունը 144 անգամ շեշտի»։ Մեծահոգաբար պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ԱԱ»-ն որ կուսակցությունների հետ է մտադիր համագործակցել եւ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունը կսատարի՞ Ռոբերտ Քոչարյանին (եթե վերջինս ներկայացնի իր թեկնածությունը), թե՞ հանդես կգա առանձին թեկնածուով, տիկին Հարությունյանը նախ շեշտեց, որ «Արժանապատիվ ապագան» դեմ է վաղաժամ ընտրություններին, իսկ քաղաքական դաշտի վերլուծության արդյունքում կուսակցությունը տեսնում է իրեն. «այս նոր ստրատեգիական ընտրության, կուրսի առողջացման եւ հասարակամետ եւ պետականամետ ուժերի ճամբարում»։ Թերեւս սա ոչ ամբողջությամբ էր մեր հարցի պատասխանը, քանի որ Լյուդմիլա Հարությունյանը ասաց նաեւ, որ մեր հարցի «պատասխանը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում պաշտոնապես կսկսվի նախընտրական պայքարը»։ «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելիս ե՛ւ համագումարի, ե՛ւ ասուլիսի ժամանակ Լ. Հարությունյանը շեշտեց, թե կուսակցությունը մերժում է ահաբեկչությունը եւ ուզում է, որ «27»-ի մասին ճշմարտությունը բացահայտվի դատարանի դահլիճում։ Կարծես թե ոչ ոք չի մոռացել, թե ինչպես մի հեռուստաելույթի ժամանակ տիկին Հարությունյանը «27»-ի կատարողներին անվանեց ռոբինհուդներ։ «Արժանապատիվ ապագա»-ի նախագահը շարունակում է մնալ նույն կարծիքին։ «Առավոտի» այս հարցին եւս պատասխանելով՝ տիկին Հարությունյանը ասաց. «Ես արտասանել եմ «ռոբինհուդիզմ» տերմինը, ոչ թե «ռոբինհուդ»։ Ի՞նչ է նշանակում ռոբինհուդիզմ։ Ռոբին Հուդը, եթե դուք հիշում եք, ավազակ էր, այսինքն՝ հանցագործ էր Ռոբին Հուդը, բայց այս հանցագործը իրեն կարգել էր հասարակ մարդկանց պաշտպանողի դերում։ Ռոբինհուդիզմ երեւույթի էությունը դա է, որ, եթե չի գործում օրենքը, ապա կգտնվեն ավազակներ, որոնք իրենց կհայտարարեն օրենքի եւ խեղճ մարդու պաշտպան։ Այդ առումով, իմ ասածը բոլորովին չէր նսեմացնում մեղքի աստիճանը եւ ահաբեկչության մերժումը չէր նսեմացնում, ավելին՝ այն զգուշացնում էր հասարակությանը, որ, ավելի լավ է՝ խեղճ մարդուն պաշտպանի օրենքը, թե չէ կգտնվեն ավազակները։ Սա է երեւույթը, եւ ես ցավում եմ, որ «ռոբինհուդիզմ» տերմինը չի հասկացվել այն ձեւով, ինչ ձեւով ես այն օգտագործել եմ»։ Վերջում հավելենք, որ այս նյութի վերնագիրը տիկին Հարությունյանի խորհուրդն է՝ «Փնտրեք թուլություն՝ մեկնելով ասածից»։ Ինչը եւ փորձեցինք անել արժանապատվորեն։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել