ՈՄԱՆՔ ՆԿԱՏԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԵՆ Խորհրդարանի մասին կծու հեգնանքով խոսելն այսօր հերոսություն չես անվանի։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ տեղից վեր կացողը կարող է ցանկացած շեշտադրմամբ խոսել երկրի օրենսդիր մարմնի մասին։ Սակայն սա ոչ թե այն պատճառով է, որ խոսողներն են համարձակ դարձել, այլ այն պատճառով, որ խորհրդարանն է խոցելի։ Թեպետ Կարեն Դեմիրճյան- Վազգեն Սարգսյան ուժը շատ կարճ գլխավորեց երկրի օրենսդիր եւ նաեւ՝ գործադիր մարմինները, սակայն այդ կարճ ժամանակում եւս ոչ մեկի մտքով չէր անցնի խորհրդարանի հասցեին որեւէ անհաջող խոսք կամ կատակ անել։ Ճիշտ նկատեց փորձառու պատգամավորներից մեկը՝ ո՞վ կհամարձակվեր Կարեն Դեմիրճյանի գլխավորած մարմնին ծուռ աչքով նայել։ Սակայն «Հոկտեմբերի 27»-ը շատ բան փոխեց, իսկ խորհրդարանը այդ փոփոխության հայելին է։ Ժամանակ առ ժամանակ, խորհրդարանին խայթելու ցանկություն են հայտնում Պարույր Հայրիկյանից բացի՝ նաեւ այլ արտախորհրդարանական ուժեր, այս դեպքում՝ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ը՝ հանձին Ռուբեն Թորոսյանի։ Ակնհայտ է, որ ոմանք խնդիր ունեն նախընտրական տարվա շեմին հիշեցնել իրենց մասին եւ ամենահարմար թիրախ դարձնում են խորհրդարանը։ Այնուամենայնիվ, հիշեցման ձեւն է պարզունակ։ Ռուբեն Թորոսյանը հանկարծ որոշեց, որ պատգամավորները օրենքից դուրս են, եւ որ «Միասնություն» եւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունները գոյություն չունեն, եւ որ թվով 35 պատգամավորներ պարզապես պարտավոր են մանդատները վայր դնել, քանզի իրենք պատգամավոր չեն։ Այս ամենի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց մասնավորապես հետեւյալը. «Կան մարդիկ, որոնք նկատելի լինելու բարդույթներ ունեն, եւ ձգտումներ ունեն, եւ որոնց հիվանդ երեւակայությունը հնարավորություն է տալիս, իրենց կարծիքով, ինչ-ինչ խնդիրներ առաջադրել եւ հետապնդել։ Ես, ճիշտն ասած, դրան լուրջ չեմ վերաբերվում»։ Այնուամենայնիվ, պատգամավորական մանդատից զրկելու կամ չզրկելու վերաբերյալ բազմաթիվ ճշտման կարիք ունեցող հարցեր կան, որոնք պետք է որ պատասխան ստանան՝ նախ Սահմանադրության բարեփոխված տարբերակում։ Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ՝ «Սահմանադրական փոփոխությունների հանրապետության նախագահի հանրաքվեի նախաձեռնությունում նման դրույթ չի ընդգրկված եւ նման դրույթ, բնականաբար, չկա նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններում»։ Սակայն, ընդունենք, որ այնքան էլ բարոյական չէ, երբ որեւէ քաղաքական ուժի շնորհիվ պատգամավորական մանդատ ստացած պատգամավորը փոխում է իր դիրքորոշումները եւ սկզբունքները։ Նման պատգամավորների հարցը ինչ-որ կերպ պե՞տք է որոշվի։ Պարոն Թորոսյանի դիտարկմամբ՝ «բարոյականությունը շատ առաձգական գաղափար դարձավ, ցավոք սրտի, եւ բոլորը միայն դրա մասին են խոսում, մինչդեռ կան շատ հարցեր, որոնց հետ կապված՝ բարոյականությունը արհեստականորեն է արծարծվում։ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում նման մի դրույթ կար՝ կապված հատկապես համամասնականի հետ, եւ ասեմ, որ եվրոպացիների կարծիքն այս հարցում միանշանակ է՝ նրանք, ովքեր ընտրում են պատգամավորներին, նրանք էլ պետք է որոշեն պատգամավորների հետագա ճակատագիրը։ Սակայն եթե որեւէ մեկին թվում է, թե կուսակցությանը հնարավորություն տալով հետ կանչել պատգամավորին, դրանով մեր հարցերը կլուծվեն, համոզված եմ՝ չարաչար սխալվում են։ Դժբախտաբար, կուսակցությունները ոչ միայն լիարժեք կայացած չեն, այլեւ՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ լուրջ հիվանդություն կա իրենց ներսում, անգամ՝ ներկուսակցական հարցերը չեն կարողանում նորմալ քաղաքակիրթ ճանապարհով լուծել։ Եվ չարժե լրացուցիչ գզվռտոցի հիմք ստեղծել»։ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի դիտարկմամբ՝ «ԳԽ»-ի կողմից բարձրացված հարցը որեւէ իրավական հիմք չունի. «Եվ այսօր ասել, թե որոշ պատգամավորներ իրավունք ունեն, թե չունեն՝ շարունակել իրենց պատգամավորական գործունեությունը, միայն բարոյական կողմ ունի եւ ոչ թե՝ իրավական։ Եվ ինձ թվաց, որ հարցը բարձրացնողներն ավելի շատ բարոյական կողմին են ուշադրություն դարձրել»։ Պատգամավոր Գրիգոր Հարությունյանը եւս գտնում է, որ դաշինքների գրանցման հարցը գործող Ընտրական օրենսգրքին չի հակասել, սակայն կարեւոր է մեկ ուրիշ հարց, այն է՝ «եթե պատգամավորը դուրս է գալիս այն կուսակցությունից, որի շնորհիվ է եկել, եւ ստեղծում է մեկ ուրիշ կուսակցություն եւ արդեն այդ ստեղծածի անունով է մնում դաշինքում, այստեղ արդեն, իհարկե, հարցեր կան»։ Պատգամավոր Ռոբերտ Ենգոյանը զուգահեռաբար գտնում է, որ թեպետ հարցեր կան, սակայն դրանք օրենսդրորեն չկարգավորված հարցեր են։ Ի դեպ, ե՛ւ ՀԺԿ անդամ, ե՛ւ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները միակարծիք էին, որ հարցը հիմնականում բարոյական հարթությունում է դիտվում եւ որեւէ օրենքի շրջանակում չի կարգավորվում։ Նաեւ հույս հայտնվեց, թե վերոհիշյալ հարցերը, հարկ է, որ կարգավորվեն փոփոխվող Սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքով։ Սակայն հիշեցնենք, որ ԱԺ-ի Սահմանադրական բարեփոխումների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հենց սկզբից սառը ջուր լցրեց նման ակնկալիք ունեցողների գլխին, երբ ասաց, թե նախագահի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների փաթեթում պատգամավորին մանդատից զրկելու մեխանիզմ ընդգրկված չէ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ