ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐ» Տարբեր աղբյուրներ վստահեցնում էին, թե ԵԿՄ վարչությունում առկա տարակարծությունների հիմնական պատճառը բանակում՝ ՊՆ-ում ծառայության մեջ գտնվող առանձին ու հայտնի գեներալների հրահրած, ինչպես երկրապահներն են սովոր ասել՝ «մուտիտներն» էին: Վերջիններս, 2003-ի նախագահական ու այլ մակարդակի ընտրություններին ընդառաջ, թերեւս, որոշել էին ԵԿՄ-ն «բարեփոխումների» ենթարկել: Թե կոնկրետ ո՞վ՝ պարզ չէ, բայց հայտնի է, որ սերժամետ գեներալներից ինչ-որ մեկը, որ, ամենայն հավանականությամբ, փոխնախարար Արթուր Աղաբեկյանն է (համենայն դեպս, նրա անունն է շրջանառության մեջ), ինքնատիպ գաղափար էր առաջարկել՝ առաջիկա համագումարում անցկացնել ԵԿՄ վարչությունը բանակում ծառայող սպաներից ձեւավորելու հարցը: Իհարկե, այդպես ԵԿՄ-ն ավելի կառավարելի կլիներ, ու այն, ինչ իշխանություններին չէր հաջողվում անել գեներալ Մանվելի միջոցով, կարելի էր անել համագումարով. կազմակերպության ղեկավար մարմինը սպայակույտի վերածելով ու բանակի ձեռքում պատանդի կարգավիճակում պահելով՝ ղեկավարել այդ կառույցը: Մենք որոշեցինք դիմել եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ու ԵԿՄ վարչության փոխնախագահ Ալբերտ Բազեյանին, եւ նույն կուսակցության ներկայացուցիչ եւ ԵԿՄ վարչության նիստին, այնուամենայնիվ, մասնակցած Արա Կետիկյանին՝ ճշտելու, թե որքանով են լուրջ եւ խորը ԵԿՄ վարչությունում առկա տարաձայնությունները: Ա.Բազեյանը, իհարկե, նախընտրում էր չխոսել այդ մասին, քանի որ, դեռ ճշգրտումների ու որոշակիացման կարիք ունեցող խնդիրներ կան: Այդուհանդերձ, նա նշեց, որ ԵԿՄ վարչության անդամների մի մասը մտադիր չէ հասարակական այդ կազմակերպությունը վերածել բանակի կցորդի կամ պաշտպանության նախարարության վարչություններից մեկի: «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, եւ նրա նպատակը ձեւավորումից ի վեր եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին քաղաքացիական հասարակություն վերադարձնելն ու զոհված, հաշմանդամ երկրապահների սոցիալական խնդիրները լուծելը, նաեւ՝ մարտական փորձառություն ունեցող երկրապահներին մոբիլ պահելը»: Այդ տեսակետը կիսում էր նաեւ Ա.Կետիկյանը, որն՝ անդրադառնալով ԵԿՄ համագումարի անցկացմանը վերաբերող մեր հարցին, պատասխանեց ճիշտ այնպես՝ ինչպես Ա.Բազեյանը՝ «Այս տարի համագումար հրավիրելը ԵԿՄ կանոնադրության պահանջն է»: Ա.Կետիկյանը վստահ էր, որ համագումար միանշանակ կլինի: Այլ հարց է, թե ե՞րբ, բայց վարչությունը նախապատրաստվում է դրան: «Տեխնիկականից բացի այլ խնդիրներ առայժմ չկան: Տարաձայնություններ միշտ էլ եղել են, բայց ԵԿՄ-ն միշտ էլ դրանք լուծել է վարչության նիստերում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ այդպես կլինի»,- ասաց նա: Այդուհանդերձ, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը, որոնք խոչընդոտել են վարչության նիստի կայացմանը: «Հակասությունները կհարթվեն մեր նիստերում,- լակոնիկ ոճով ասաց Ա.Կետիկյանն ու ավելացրեց,- ստեղծման օրվանից ԵԿՄ ղեկավար կազմում եղել են տարբեր կուսակցությունների անդամներ, ովքեր միավորվել են երկիրը պահելու հիմնական գաղափարի շուրջ: Այդ մարդիկ միասին երկար, մարտական ճանապարհ են անցել, ու նրանց տարբեր քաղաքական հայացքները ԵԿՄ պառակտման առիթ չեն դարձել: Մենք քաջ գիտակցում ենք ԵԿՄ-ի միասնականության, պահպանման կարեւորությունը: Ճիշտ չէ նաեւ ԵԿՄ-ն թեւերի բաժանելը: Կոնկրետ ես չգիտեմ, թե այդ դեպքում ո՞ր թեւն եմ ներկայացնում՝ եւ ԵԿՄ վարչության ներկայացուցիչ եմ, եւ «Հանրապետություն» կուսակցության»: Հասկանալի էր, որ Ա.Կետիկյանի համար ԵԿՄ-ում տարաձայնությունների մասին հարցուփորձն անիմաստ էր: Նա շարունակելու էր պնդել, որ դրանք կամ չկան, կամ այդ աստիճանի «խորը» կամ «ճգնաժամային» չեն: Այդուհանդերձ, փորձեցինք ճշտել ԵԿՄ փոխնախագահի վերաբերմունքը վարչությունում առկա հակասության հիմնական պատճառի, այսպես ասած, «շրջող ապատեղեկատվության» վերաբերյալ: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում փորձ արվի ԵԿՄ վարչությունը ձեւավորել միայն բանակում ծառայող եւ բանակի գլխավոր հրամանատարի հրամանները ի պաշտոնե կատարող սպաներից, Ա.Կետիկյանն ասաց. «Նման խնդիրներ առաջացել ու քննարկումներ եղել են դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակ: Ծայրահեղ առաջարկներ են եղել. մեկ՝ վերակազմավորել ԵԿՄ-ն եւ դարձնել քաղաքական կազմակերպություն, մեկ՝ այն ձեւավորել միայն բանակում ծառայողներից: Այդ գաղափարը մերժվել է առաջին հերթին հենց Վ.Սարգսյանի կողմից եւ միանշանակ մերժելի է նաեւ այսօր: Ծայրահեղության գնալ պետք չէ: Եթե ԵԿՄ-ն դառնա զուտ քաղաքական կազմակերպություն՝ բանակում ծառայող հատվածը դրանից դուրս կմնա: Նույնը կլինի հակառակ դեպքում: Դա, ի դեպ, ամենահեշտ միջոցն է ԵԿՄ-ն պառակտելու համար, ինչին մենք չենք գնա: Նման քայլի դիմելու որեւէ իմաստ չկա: Մենք ունենք այն ուժը, որ գիտակցենք՝ ԵԿՄ-ի պառակտումը կամ թուլացումը կործանարար կլինի նաեւ մեր պետության համար: Մենք ապահովագրված չենք նոր պատերազմից ու այդ դեպքում միասնական ԵԿՄ-ն դեռ պետք է գալու»: Անշուշտ, սա հենց այն եզրակացությունն է, որի տակ կարող են ստորագրել բոլոր երկրապահները, եթե, իհարկե, վերջիններիս ներկազմակերպչական գործերին չմիջամտեն երկրիս քաղաքական «էլիտան» ու նրա գլխավոր կամ պակաս գլխավոր հրամանատարները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ