ԷՔՍՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ «Վաղուց Նկարիչների միությունում նման շքեղ, հյուրերով լեփլեցուն դահլիճով ցուցահանդես չէր եղել, եւ այն միտքը, որ արվեստը համախմբում է մարդկանց, լիովին արդարացրեց իրեն»,- այս խոսքերով գեղանկարիչներ Անժելա եւ Վրեժ Թամազյաններին ողջունեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Անժելա Թամազյանը բժիշկ Համլետ Թամազյանի կինն է։ Նա մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է եւ ունի 31 տարվա աշխատանքային փորձ, իսկ նկարել սկսել է 1996-ից։ Անժելա Թամազյանը մեծ մասամբ նկարում է բնանկարներ։ Նրա նկարներում գերակշռում է կարմիրը։ Ցուցահանդեսին նա ներկայացրել էր 65 նկար։ 33-ամյա Վրեժ Թամազյանը, ի տարբերություն Անժելա Թամազյանի, արհեստավարժ նկարիչ է։ Նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Եվ ինչպես, իր կարծիքով, ոչ մեծամտորեն ասաց Հենրիկ Իգիթյանը, եթե նա ընդամենը մեկ տարի «տրեներություն» աներ, ապա արդյունքն ապշեցուցիչ կլիներ, թեեւ հիմա էլ նրա նկարները շատ լավն են։ Վրեժ Թամազյանը ներկայացրել էր 33 յուղաներկ աշխատանք։ Նշենք նաեւ, որ բազմաթիվ արվեստագետների հետ նկարիչներին ողջունելու էր եկել նաեւ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, որը ցուցահանդեսը անվանեց ընտանիքի արժեւորում։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ