Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավորների վերադարձը հասարակություն»

Դեկտեմբեր 11,2001 00:00

«Կալանավորների վերադարձը հասարակություն» 2000թ. հունիսից «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացվում է «Կալանավորների վերադարձը հասարակություն» խորագրով ծրագիրը։ Նրա նպատակն է՝ ուսումնասիրել կալանավորների նկատմամբ հասարակության վերաբերմունքը եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի կալանավայրերից վերադարձող մարդիկ չօտարվեն հասարակությունից։ Ավելին, ծրագրի ղեկավարները ցանկանում են օգնել կալանավորներին՝ հնարավորինս շուտ գտնել իրենց տեղը կյանքում՝ կրկին հանցավոր միջավայրի զոհը չդառնալու համար։ «Կալանավորների վերադարձը հասարակություն» ծրագրի շրջանակներում «Վերսուս» ստուդիան անցկացրել է սոցիոլոգիական հարցում, տպագրել կալանավորների ստեղծագործությունները ներկայացնող պատի եւ ձեռքի օրացույցներ, պատրաստել տեսահոլովակներ։ Անց է կացվել նաեւ «Կալանավորների վերադարձը հասարակություն» թեմայով լրագրային եւ հեռուստատեսային նյութերի մրցույթ, ինչպես նաեւ՝ տպագրվել է «Կալանավայրերի գրականություն» ժողովածու։ Գրքի խմբագիր Տիգրան Պասկեւիչյանի խոսքերով. «Դրանով մեր իրականության մեջ առաջին անգամ ներկայացվում է կալանավայրերում ստեղծված ենթամշակույթը։ Նրանում զետեղված ստեղծագործությունները գալիս են հավաստելու, որ բանաստեղծությունը կարող է դառնալ հաղորդակցության եզակի միջոց անազատության մեջ գտնվող մարդկանց համար»։ Ծրագրի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե ուղղիչ հիմնարկներ իրենց մուտքին եւ կալանավորների հետ շփմանը ամեն կերպ խոչընդոտել են իրավապահ մարմինները։ Չնայած դրան, ծրագիրը բարեհաջող է իրականացվել։ Իսկ երեկ կայացել է նաեւ «Կալանավորների վերադարձը հասարակություն» թեմայով լրագրողների մրցանակաբաշխությունը։ Առաջին մրցանակին արժանացել է բժիշկ, նախկին կալանավոր Վահան Հարությունյանը. «Կալանավայրում շնչելն անգամ փողով է» եւ «Յո երթաս, Հայաստան» հոդվածների համար։ Երկրորդ մրցանակին արժանացել են Արմինե Օհանյանը եւ «Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանը։ Իսկ երրորդ մրցանակը ստացել է Լուսինե Վահրամյանը։ Տրվել են նաեւ խրախուսական մրցանակներ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» խմբագրակազմը սրտանց շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին, այդ թվում՝ եւ իր թղթակից Ռուզան Մինասյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել