Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրարատ»-ից մինչեւ «Նաիրի»

Դեկտեմբեր 11,2001 00:00

«Այրարատ»-ից մինչեւ «Նաիրի» Նախկին կինոթատրոնները միացնող ռելսային այս ուղին արդեն մի քանի օր է՝ չի գործում։ Հանրային փոխադրականներից ես գերադասում եմ տրամվայը, որը հաճելի է հեռավոր ճամփորդության նմանությամբ, ներքին ընդարձակությամբ, ավանդական ձեւավորմամբ, մանավանդ անիվների թկթկոցով։ Գնացք հիշեցնող այս փոխադրամիջոցը ստեղծում է ուրիշ մի տրամադրություն՝ թե՛ քաղաքին բնորոշ իր եռուզեռային ռիթմերով, թե՛ երկաթուղուն բնորոշ գողտրիկ ու ջերմ առանձնությամբ։ Տրամվայով կարելի է զբոսնել։ Լայն ու բարձր լուսամուտներ ունեցող այդ շարժվող փոքրիկ տնակում կարելի է հարմարավետ տեղավորվել եւ մենակության ու հարազատության սիրուն պահեր ապրել. նայել դուրս՝ քո երկրի մի շերտի համահնչյուն ընթացքին, դիտել չխկչխկոցի օրորով ներանձնացած ուղեւորների դեմքերը։ Մեր քաղաքի այս ուղեհատվածը՝ Խանջյան փողոցի սկզբնամասից մինչեւ Կորյունի փողոց՝ հատուկ գեղեցկություն ունի։ Օրիգինալ է, քանի որ սկզբում գնում է փողոցի աջով՝ պատնեշելով ավտոմեքենաներին գետից։ Օրիգինալ ու գեղեցիկ է. անցնում է ծառերի կողքով, գետեզրով։ Օրիգինալ, որովհետեւ սահմանի նման է՝ հանգստի՝ բնական եզրագոտու (զբոսայգիներ, ծառեր, հուշարձաններ, լճակներ, Գետառը) եւ գործունյա ոլորտի (բնակելի ու աշխատանքային շենքերի) միջեւ։ Մի խոսքով՝ գեղեցիկ է։ Ոնց բացատրես գեղեցկությունը։ Ոնց վերարտադրես տրամվայի նվագը։ Ինչպես արտահայտես այդ շոյանքը՝ հաղորդակցությունը աշխարհի մերված ոլորտներին՝ երկու աշխարհների սահմանային միջնաշերտով ընթանալիս։ Ահա այս հատվածում է, որ փոխադրականը ուղեւորատար իր հիմնական ֆունկցիան կատարում է գեղագիտորեն։ Երեւանասերներ, գեղեցկասերներ, թույլ մի տվեք վերացնել ստեղծվածը, գտնվածը, այս ներդաշնակ ամբողջությունը։ Դա հեշտ չի ստեղծվել, դա պատմություն է ու մարդկային ջանք, սա իրոք երեւանյան լավ, արդեն կայացած, ներդաշնակ տարածք է։ Մի կորցրեք, մի փչացրեք այս գեղեցկությունը։ Հակառակը։ Այն կարիք ունի սրբագրումների, որոշ հղկումների ու ընդգծումների, որից հետո պետք է որ այն իսկապես երեւա, շողշողա ու ձգի։ Իրականում, բարեկարգման եւ հեղափոխական եռանդի կարոտ ուրիշ տարածքներ վաղուց սպասում են միջամտության ու խնամքի եւ դրանք շատ-շատ են։ ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել