Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի

Դեկտեմբեր 11,2001 00:00

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՊԱՏՐԱՍԸ Հունաստանի Պատրաս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում հայ մարզիկները հիանալի հանդես եկան։ Դեռ մրցավայր մեկնելուց շատ առաջ, երբ Գյումրիում զրուցում էի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ, նա ասաց, որ կանխագուշակումներ անել ու խոստումներ տալ չի սիրում։ Բայց հավաստիացրեց, որ մեդալներ անպայման կլինեն։ Եվ այսօր արձանագրում ենք, որ նա իր սաների հետ միասին խոսքի տերը եղավ։ Ու այն էլ ինչպե՜ս։ 63 կգ քաշային կարգում հանդես եկող երեւանցի Վաղինակ Գալստյանը նախնական մրցաշարում իր երկու գոտեմարտերը ժամկետից շուտ շահելով, բացահայտ առավելությամբ՝ մտավ քառորդ եզրափակիչ։ Այստեղ հայաստանցի ըմբիշը 6։3 հաշվով պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Չի Պենգին, որից հետո մեդալ նվաճելու իրական հեռանկար բացվեց նրա առջեւ։ Դրա համար նրանից պահանջվում էր առավելության հասնել նաեւ կուբացի Խուան Մարենի նկատմամբ։ Եվ Վաղինակը կիսաեզրափակիչում գերազանց կատարեց նաեւ այդ առաջադրանքը՝ 5։2։ Առջեւում վերջին, ամենավճռական գոտեմարտն էր կորեացի Կիմ Ին Սուբի հետ, որում որոշվելու էր ոսկե մեդալի ճակատագիրը։ Հայ ըմբիշը, որ մինչեւ այդ պահը ոչ մի մրցակցի «շնչելու» հնարավորություն չէր տվել, նույն ոճով վարեց նաեւ վերջին մարտը եւ հաղթելով 8։3 հաշվով, օծվեց աշխարհի չեմպիոն։ Անչափ հետաքրքիր պայքար էր ստացվել 58 կգ քաշայինների մեջ, որտեղ հանդես էին գալիս երեք հայ ըմբիշներ՝ երեւանցի Կարեն Մնացականյանը, Բուլղարիայի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (Ատլանտայում եւ Սիդնեյում) Արմեն Նազարյանը եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, նույնպես բազում տիտղոսների տիրակալ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը։ Վիճակահանության քմահաճույքով հենց առաջին գոտեմարտում միմյանց դեմ ելան Արմենն ու Ալֆրեդը։ Համառ պայքարում հաջողությունը ժպտաց Արմենին (9։7) եւ Տեր-Մկրտչյանը գործնականորեն զրկվեց մեդալների հույսից։ Ինչ վերաբերում է Կարեն Մնացականյանին, նա սկզբում պայքարից դուրս թողեց հարավսլավացի Նորբերտ Ֆուտոյին, ապա՝ բրազիլացի Յուրի Էստեւաոյին։ 1/4 եզրափակիչում 4։0 չոր հաշվով առավելության հասավ Կյունգի (Կորեա) նկատմամբ եւ կիսաեզրափակիչում կանգնեց Արմեն Նազարյանի դեմ։ Պատկերացնելն անգամ դժվար է, թե հոգեկան ինչ ապրումներ ունեին հայրենակից մարզիկները։ Սակայն սպորտն ունի իր օրենքները՝ ոչ մի զիջում, անգամ, եթե դիմացդ եղբայրդ է։ Պայքարն անցել է ահավոր դաժան։ Թե Կարենը, թե Արմենը հաղթանակի համար անչափ շատ էներգիա են ծախսել եւ… վերջին տարիների ընթացքում, թերեւս, առաջին անգամ օլիմպիական կրկնակի չեմպիոնը պարտվել է։ Մրցակարգի դաժան օրենքով Կարենն ընդամենը մեկ-մեկուկես ժամ հետո ստիպված պետք է լիներ եզրափակիչում չեմպիոնության համար պայքարել ուզբեկ Դիլշոդ Արիպովի հետ։ Բնական է, որ այդ ընթացքում անհնար էր ուժերը վերականգնել եւ Կարենը 3։6 հաշվով տանուլ տալով՝ բավարարվեց արծաթե մեդալով։ Նմանապես, ուժասպառ եղած Արմեն Նազարյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց կուբացի Ռոբերտ Մոնզոնին։ 54 կգ քաշային, գյումրեցի Արտաշես Մինասյանը եւ ախուրյանցի Լեւոն Գեղամյանը (85 կգ) գրավեցին 12-րդ տեղը, իսկ Էջմիածնի ներկայացուցիչ Ռոբերտ Պետրոսյանը (97 կգ) իր քաշային կարգում 19-րդը ճանաչվեց։ Սակայն Պատրասում հայ ըմբիշներն այսքանով չբավարարվեցին։ 76 կգ քաշային կարգում Արա Աբրահամյանը մեկ գլխով բարձր գտնվեց իր բոլոր մրցակիցներից եւ նույնպես արժանացավ չեմպիոնի համար հատուկ պատրաստած դափնեպսակին։ Ափսոս միայն, որ ի պատիվ նրա հաղթանակի հնչեց Շվեդիայի օրհներգը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Արդեն հոգնել ենք անընդհատ դժգոհելուց, որ Հայաստանում մրցավայրերից օպերատիվ ինֆորմացիա ստանալու ոլորտը վակուումային վիճակում է։ Հատկապես մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչների մրցելույթներին հայ մարզասերը սպասում է ամեն օր։ Նրան հետաքրքիր է, թե տեղում ինչ է կատարվում մերոնց մասնակցությամբ եւ ինչպես։ Այդ բացն ինչ-որ կերպ լրացնելու նպատակով ստիպված ենք լինում ժամերով համակարգչի առաջ նստած դեգերել ինտերնետային սայթերում (երբեմն՝ անհաջող), որպեսզի գոնե մեկ լուր կամ մեկ մանրամասն գտնենք հայաստանցիների մրցելույթների մասին։ Իսկ այդպիսի հնարավորություն ոչ բոլոր ԶԼՄ-ներն ունեն։ Այս խնդիրը, ի վերջո, մեկընդմիշտ պետք է լուծվի ՀԱՕԿ-ում եւ սպորտի պետական կառույցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել