«Ողջույն, ինչպե՞ս ես» Վերջերս կայացավ հայտնի հեղինակ-կատարող Տաթեւ Աղամիրյանի «Ողջույն, ինչպե՞ս ես» խորագրով համերգային ծրագիրը։ Երգչուհու առաջին մենահամերգը ներկաներին պարգեւեց հուզմունքի, ուրախության եւ վերհուշի սքանչելի պահեր։ Ծրագիրը բաղկացած էր 2 մասից, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին նրա երգացանկից ընտրված լավագույն գործերը։ Թատրոնի փոքրիկ դահլիճում բավականին ցուրտ էր, սակայն այնքան մարդկային ջերմություն կար, որ այն խոչընդոտ չհանդիսացավ։ Համերգի ավարտին հնչեց «Կնկարեմ ես մի քաղաք» ստեղծագործությունը, որին ձայնակցում էր ողջ դահլիճը։ Տաթեւ Աղամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է, այնուամենայնիվ, իր առաջին մասնագիտությունը համարում է երգարվեստը։ – Ո՞ր տարիքում եք մուտք գործել երգի ասպարեզ։ – Իմ ստեղծագործությունները կատարում եմ 9-10 տարեկանից, բայց մինչ այդ, քանի որ հայրս Երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան է եղել (նաեւ գուսանի թոռ է), տարբեր առիթներով հաճախ եմ բեմ դուրս եկել։ Մի խոսքով, կուլիսներում մեծացած երեխա եմ։ – Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում։ – Որպես կանոն, իհարկե, հեղինակային երգը, լսում եմ նաեւ դասական ոճի երաժշտություն։ – Ձեր կատարմամբ ամենասիրած երգը։ – «Ողջույն, ինչպե՞ս ես»։ – Ձեր հոբբին։ – Հոբբի չունեմ։ Ցանկացած գործի վերաբերվում եմ լրջությամբ եւ այն ինձ համար դառնում է կամ մասնագիտություն, կամ ուղղակի զբաղմունք։ – Ձեր սիրած ֆիլմը։ – Հայ կինեմատոգրաֆից սիրում եմ Մալյանական շարքի գրեթե բոլոր ֆիլմերը։ – Սիրած գրողը։ – Սիրում եմ դասական գրողներին, հայ գրողներից մեծանուն Սեւակին, Չարենցին, Տերյանին, իսկ Գյոթեի «Ֆաուստը» իմ սեղանի գիրքն է։ – Կա՞ արդյոք երկիր, որտեղ երազում եք ապրել։ – Ապրել՝ ոչ, բայց կցանկանայի լինել Եգիպտոսում, Հին Բաբելոնում։ – Ձեր ամենանվիրական երազանքը, որը դեռ չի իրականացել։ – Ես ռեալիստ եմ, չունեմ պատրանքներ եւ ինչի մասին որ երազում եմ, ինձ համար ծրագիր է, որ կատարում եմ։ – Ի՞նչ է պակասում Տաթեւ Աղամիրյանին այսօր։ – Ժամանակը եւ կրկին ժամանակը։ – Ձեր առաջիկա ծրագրերը։ – Այս տարի ավարտեցի հոգեբանության ֆակուլտետը եւ մտադիր եմ ընդունվել ասպիրանտուրա։ Բացի այդ, կան նաեւ տեսահոլովակների նկարահանումներ, տարբեր համերգային ծրագրեր, որոնք դեռ կիսակայարանում են։ Զրուցեցին ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՍՈՆԱ ԵՍԱՖՅԱՆԸ