Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ՝

Դեկտեմբեր 11,2001 00:00

131 երթուղու վարորդները բողոքում են Երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Աբովյանում առաջինը «դիմավորեցին» թիվ 131 երթուղու վարորդները։ Թվով 90 անձ, որոնցից մի քանիսին հրավիրել էին (մինչեւ հասանք այնտեղ) ՆԳ բաժին «բանակցությունների», մի քանիսին էլ միացել էին նրանց ընտանիքի անդամները, ուսանողները, նրանք, ովքեր օգտվում են երթուղու ծառայություններից։ Սուրեն Հովհաննիսյանը (30 տ., վարորդ) հայտնեց, որ վարորդներով բացել են ՍՊԸ, որը պիտի բացառեր «գծի տեր» հասկացությունը եւ իրենցից «ավելորդ փող» խլող չլիներ։ – Երբ Անդրանիկ Մանուկյանը եկավ-նստավ նախարար, բերեց իր կազմը, որոնք էլ վերցրին գծերը,- ասում է նա։ Մրցութային հանձնաժողովի կազմը, ըստ վարորդների, Ա. Մանուկյանի մերձավորներն են (Մարության, Արշակյան, Կարամելի Հարութ)։ «Սրանք անցան, ասին, լրիվ գծի տերը մենք ենք, այն դեպքում, երբ մեր մեքենաները իրանցից 1000 գլուխ բարձր եւ որակով են»,- շարունակում են վարորդները եւ տեղեկացնում, որ մրցույթի են մասնակցել, հաղթել եւ, որ տարին էլ չի լրացել։ Մաթեւոսյան Վալոդ (1955-ից վարորդ)- Մենք աշխատում ենք կոլեկտիվ։ Մեր տերը, ինչպես դուք եք հարցնում, ավտոկայանի պետն է, որն էլ պետության հետ էր իր հարաբերությունները կարգավորում։ Ով փողատեր է՝ եկել-գիծը գրավել է, 70 մեքենա դուրս է մնացել։ Բոլորն էլ Աբովյանի բնակիչներ են։ Մեզ էլ խորհուրդ են տալիս՝ «գնացեք օդով շնչեք»։ Վարուժան (40 տարվա վարորդ)- Մի շաբաթ էլ կանգնած ենք։ Հողը պողպատին ինչ պիտի անի։ Մենք հող ենք։ Հանդիպել ենք միլիցիայի պետին, վարչապետին, նրանք էլ չեն կարողանում մեր հարցը լուծել։ Սուրեն Ավետիսյան (27 տարվա վարորդ)- Չթողեցին Անդրանիկ Մանուկյանին մոտենալ։ Մենք ուզում ենք մաֆիոզները «գծատեր» հասկացությունը մոռանան, ովքեր օրական մեզնից 6500 դրամ փող են ուզում: Ուզում ենք մենք մեզանով, մեր հարկային դաշտով մեր փողը մտցնենք բյուջե։ Ոչ թե լավ տղերքը իրենց «ջիպերով» քշեն ու լափեն մեր գումարները ռեստորաններում։ Վարորդ- Թող բերեն ՆԳ-իրավապահ մարմիններին, թող ստուգեն բոլորին։ Մենք մեր հարկը մուծել ենք, թոշակառուների ֆոնդին մուծումներ արել ենք։ Ձրի տանո՞ւմ ենք ուսանողներին, տանում ենք, հաշմանդամներին տանո՞ւմ ենք, տանում ենք ու տեսնեն, թե ինչպես ենք սպասարկում։ 3 ամիս է, որտեղ ասես գնացել ենք, ասում են՝ ռադ եղեք-գնացեք, ծամոն ծամելով։ Մենք ո՞ւմ բողոքենք։ Սամվել Հակոբյան- Ո՞վ պիտի հաց տանի իմ տուն, երբ չեմ աշխատում։ Իմ պապին նախատում եմ, որ գերմանացիներին չի ընդունել այստեղ։ Պիտի ընդուներ, որ այսօրվա օրով մենք չփախնեինք, չգնանք Գերմանիա։ Վարորդները հայտնեցին, որ գնալու են ԱԺ, եթե ոչինչ չստացվի՝ դիմելու են հացադուլի։ – Ոնց անենք, 4-5 մաֆիոզի պատճառով հացադո՞ւլ անենք։ Եթե ղեկավարությունը որոշել է, որ 1700-1800 դրամով մի մեքենան տա հարկային դաշտ, «գծի տեր» հասկացությունը որտեղից եկավ։ 6500 դրամ հիմա գծի փող են տալիս, օրական, ամեն մի մեքենան։ Որտեղի՞ց։ – Մի մարդ 5 մեքենայով շահում է։ Ֆուտբոլի թիմ են շահել։ Մեքենաներով գնում-հաղթում են։ 4 ամիս առաջ հաղթել ենք մրցույթով, իսկ հիմա ժամկետը չի ավարտվել, նոր մրցույթ… Սահակ Մովսիսյան (30 տարվա վարորդ)- Խնդրում եմ այս կառավարությանը, սահմանը բացեն, գնանք այստեղից։ Այս կեղծ մրցույթին դեմ ենք։ Թող այն օրինական լինի։ Ընդունեն նախ եւ առաջ մեր մեքենաները, նոր՝ դրսի։ Մրցույթը վերցրել են իրենց ձեռքը, «շահել» են ու գիծը իրենցն է։ Հոկտեմբերյանում էլ նույն վիճակն էր։ Արյուն թափել, գլուխ կոտրել, հիմա՝ Վարդենիսը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել