Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» հյուրանոցում դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած համաժողովը նվիրված էր արտահայտվելու ազատության

Դեկտեմբեր 11,2001 00:00

ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ԳՆԱԼ… ՍՏՐԱՍԲՈՒՐԳ «Հրազդան» հյուրանոցում դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած համաժողովը նվիրված էր արտահայտվելու ազատության իրավունքին, մասնավորապես, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կիրառմանը։ Բացի մեր դատավորներից, փաստաբաններից, իրավաբաններից եւ, ցավոք, հատուկենտ նկատված լրագրողներից, համաժողովին մասնակցեցին եւ ելույթներ ունեցան Փոլ Թորհալսոնը (Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության լրատվության բաժնի ղեկավար), Քրիստոֆ Շվայգհոֆերը (ԵԴ գործերի ընդունման բաժնից), Իրենուշ Ս. Կամինսկին (Լեհաստանի գիտությունների ակադեմիայի իրավաբանական ինստիտուտի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս), Ուոլթեր Միրսը՝ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության լրագրող («Փուլիցեր» մրցանակի հաղթող) Ռիչարդ Ուինֆիլդը, որը իրավաբան է եւ զբաղվում է ԶԼՄ-ների հարցերով։ Մեր հյուրերի կարծիքով, կոնվենցիայի ստորագրումը նշանակելու է, որ դատական համակարգում փոփոխություններ կլինեն։ Քրիստոֆ Շվայգհոֆերը, որը Վիեննայից Լոնդոն էր եկել, ապա Թիֆլիս, հասել Երեւան՝ մասնակցելու այս համաժողովին, գտնում էր, որ դատարանները չեն կարող գործել անօդ տարածության մեջ եւ որ 10-րդ հոդվածը պաշտպանում է ազատությունն արտահայտվելու։ Նա բերեց օրինակներ, մասնավորապես, «Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը, երբ հայցվոր-լրագրողին, ինչպես մեր հյուրն ասաց, «դատարանը հրամայել էր ասել աղբյուրը»։ Ի դեպ, մեր հյուրի կարծիքով, կան գնահատողական բնույթի արտահայտություններ, որոնք ապացուցելը դժվար է (օրինակ՝ կարծիքը) եւ որ ապացուցել հնարավոր է միայն փաստը։ «Գնահատականը, եթե արդար կոմենտարներով է,- գտնում էր նա,- կարող ես պաշտպանել, մնացածը՝ մերկապարանոց վիրավորանք է»։ Իրենուշ Ս. Կամինսկու զեկուցումը նվիրված էր արտահայտվելու ազատության եւ անձնական կյանքի, պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքի միջեւ հակասությունների լուծմանը։ Դասական օրինակ (ի դեպ, այս գործը հաճախ է հիշատակվում մեզանում) էր «Օբերշլիքն ընդդեմ Ավստրալիայի» գործը, երբ դատապարտվել էր անձը քաղաքական գործչին «իդիոտ» (ապուշ) անվանելու համար։ Մեր հյուրը տեղեկացրեց, որ Լեհաստանում 4 տարի առաջ ընդունվեց մի օրենք, որով պաշտպանվում էր ամբողջ նոմենկլատուրան։ Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության Սակայն որքանո՞վ է դա արդարացված։ Եվ արդյոք իրականացվող արդարադատությունը չի՞ տարանջատվում. «նոմենկլատուրային», «քաղաքացիական»… Ի դեպ, խոսք էր գնում ներպետական բոլոր հնարավորությունների սպառման եւ Ստրասբուրգ դիմելու մասին։ Իսկ ի՞նչ անի քաղաքացին, երբ նրա գործը «լռվել» է, օրինակ, առաջին ատյանի դատարանում 2-3 տարի, այդքան էլ «կքնեցվի» վերաքննիչում, վճռաբեկում։ Մեր հյուրերից մեկը նկատեց, որ 10-15 տարի կարող է տեւել, մինչեւ արդարադատությունը հասնի քաղաքացուն։ Իսկ «ուշացած արդարադատությունը հավասար է այս դեպքում մերժված արդարադատության»։ Ուոլթեր Միրսը ասաց, «եթե դիմումատուն չի բարձրացրել արտահայտվելու ազատության հարցը, ապա չի կարող գործը տանել ԵԴ»։ Ստրասբուրգի դատարանը, ըստ նրա, չի կարող իրականացնել առաջին ատյանի դատարանի գործառույթներ. «միջոցները երբեք չեն բավականացնի»։ Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա նա ասաց, որ Ավստրիայում կոնվենցիային տրված է սահմանադրական կարգավիճակ։ «Բոլոր դատավորները չէ, որ գիտեն դրանից ինչպես օգտվել եւ այդ պրակտիկան խիստ հիասթափեցնող է»,- գտնում էր նա եւ կարեւորում կոնվենցիայի կիրառման իմացությունը։ Քրիստոֆ Շվայգհոֆերը մի ուշագրավ հայտարարություն արեց (գրեթե ահազանգի նշանակության), այն է. «Նախադեպերը գնալով շատանում են եւ զարգացումներին հետեւելը դառնում է ոչ դյուրին»։ Եթե նկատենք, որ «նախադեպային հավաքածուները» կներկայացվեն հատկապես մեր տիպի պետությունները, ապա պատկերացրեք, թե ի՞նչ է հետեւելու դրան։ «Եթե դրական լուրեր են տպվում, ուրեմն լավ մարդիկ բանտում են» Պարզվում է, մեզ չեն կարող զարմացնել, օրինակ, Լիգենսի գործով, երբ պատժվել էր վերոնշյալ անձը քաղաքական-հասարակական գործչին վիրավորելու համար։ Օբերշլիքն էլ, որը դատապարտվել էր գրեթե նույն սցենարով, հեչ է մեր Նիկոլ Փաշինյանի կողքին, որը, ճիշտ է, Ստրասբուրգ դեռ չի հասել, սակայն երեկ զբաղեցրեց շատ խիստ ներկայացուցչական կազմ ունեցող համաժողովի մասնակիցներին։ «Case of Nikol Pashinyan»- զեկուցեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը։ Հյուրերի համար թարգմանվեցին խիստ «անվայելուչ» «կազյոլ»-«չուգուն» բառերը, նաեւ այն, որ Նիկոլն իր պաշտոնական պարտականություններին վերաբերել է անփույթ։ Ի դեպ, նշվեց, որ Նիկոլը «չի իմացել», թե ովքեր են աղբյուրի հեղինակները, որոնք արտագրել են Լ. Բ. եւ Ն. Մ.։ Այս գործին զուգահեռ, նշվեց նաեւ «Սյունիք» թերթում 1998թ. սեպտեմբերին տպագրված մի հրապարակման մասին, որի հեղինակը՝ Վլադիկ Հայրապետյանը արդարացվել է… «Առավոտը» հիշեցրեց, որ վերջին հրապարակումը (երգիծական) ֆելիետոն է եղել, որտեղ անուններ ընդհանրապես չի եղել։ Սակայն դատախազությունը մեղադրանք է առաջադրել, գործը 3 ատյաններում լսվել է եւ «ապացուցվել», որ ֆելիետոնի հերոսը իրական անձ է (պատկերացնո՞ւմ եք, Երվանդ Օտյանին քանի՞ անգամ դատարան կտանեին-կբերեին, նրա, ասենք, «Ընկեր Փանջունի» ստեղծագործության համար) եւ այն դատախազությունը, որը, օրինակ, Նիկոլի պարագայում չէր կարողացել պարզել, թե ովքեր են, ասենք, «Լ. Բ.-ն» կամ «Ն. Մ.-ն»։ Իմիջիայլոց, գործող մամուլի օրենքի համաձայն, լրագրողը իրավունք ուներ հանդես գալու նաեւ ծածկանունով… Ընդհանրապես մեզանում հետաքրքիր մոտեցում կա արտահայտվելու ազատության վերաբերյալ. քաղաքական գործիչները, պատգամավորները, կառավարության անդամները, փաստաբանները, նոմենկլատուրան էլ է արտահայտվում եւ ոչ ոք չի ասում ապացուցիր ասածդ։ Սակայն նույն բանը լրագրողի կամ լրատվամիջոցի ասելուց հետո պահանջվում է. ապացուցիր։ Լրատվամիջոցը պարտավոր չէ ապացուցել կամ ապացուցման բեռն իր վրա վերցնել. ահա սա է, որ կարծես թե դարձել է համընդհանուր ցավուդարդերից մեկը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել