Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պետության համար նշանակություն ունի՞, թե ով է բեռն արտահանում»,- միանգամայն իրավացի հարցադրում է

Դեկտեմբեր 11,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ ԲԻԶՆԵՍԸ ՏՈՒԺՈՒՄ Է «Այս պետության համար նշանակություն ունի՞, թե ով է բեռն արտահանում»,- միանգամայն իրավացի հարցադրում է անում «Գրեյթ Արարատ» ընկերությունը եւ դժգոհում, որ պետական մարմինների կողմից իրենց արտադրանքի (կոնյակ) արտահանման համար արհեստական խոչընդոտներ են հարուցվում։ Իսկ խոչընդոտն այն է, որ ուղարկվող բեռն անհիմն պատճառաբանություններով «լռվում» է կայարաններում կամ մաքսային պահեստներում։ Այսօր դեռեւս շարունակվում է «Գրեյթ Արարատի» եւ «Գրեյթ Վելիի» միջեւ ընթացող դատական վիճաբանությունը, ինչը հարմար պատճառաբանություն է զանազան խոչընդոտները հիմնավորելու համար։ Դատական վիճաբանությունը մի կողմ թողնելով, անդրադառնանք «Գրեյթ Արարատի»՝ դրանից դուրս ծավալած գործունեությանը։ Ընկերության սեփականատեր Սամվել Գորոյանի ներկայացմամբ, «մեր ապրանքն ուղարկում ենք Մոսկվա (կամ Սանկտ Պետերբուրգ), տեղ չի հասնում»։ Նա ավելացրեց նաեւ, որ «Գրեյթ Արարատի» ուղարկած բեռի դիմաց դրամական փոխանցումները «նստել» են «Գրեյթ Վելիի» հաշվեհամարներին։ «Առավոտի» հարցին, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ, պարոն Գորոյանը պատասխանեց. «Նմանատիպ հարց այսօր քննարկում է 6-րդ վարչությունը», նաեւ ավելացրեց. «Ժամանակին («Գրեյթ Վելլիի» ղեկավար) Տիգրան Արզաքանցյանը կնքված թղթեր էր տանում Մոսկվա՝ պայմանագրերի կնքման համար։ Այս եւ ստորագրությունները կեղծելու միջոցով գումարների ուղղությունը փոխել են»։ «Գրեյթ Արարատի» իրավաբան Ստյոպա Ստեփանյանի ներկայացմամբ, «1999թ. դեկտեմբերին Մոսկվայի «Սովագրոիմպորտ» կազմակերպությունից ստացանք 8316 շիշ կոնյակ՝ վերամշակելու եւ հետ ուղարկելու նպատակով։ Կոնյակը սեփականության իրավունքով պատկանում էր «Սովագրոիմպորտին»։ Ըստ Մաքսային օրենսգրքի, մեկ տարի ժամանակ ունեինք վերարտահանելու համար։ Մաքսային մարմինների թույլտվությամբ, օրինական ձեւակերպումներով արտադրանքը սեփականատիրոջ ցանկությամբ ուղարկվեց Լենինգրադ։ Բեռը ճանապարհվեց, մեր տվյալներով, նույնիսկ «Այրում» կայարանն անցավ, սակայն ինչ-ինչ «մախինացիաներով» վերադարձվեց «Այ րում» կայարան, որտեղից հայտնեցին, որ ապրանքը բաց չեն թողնում»։ Այնուհետեւ պատճառաբանել են, թե ապրանքի վրա արգելանք կա դրված դատարանի կողմից։ Սակայն «Գրեյթ Արարատի» սեփականատեր Ս. Գորոյանը նկատում է. «Արտահանման ռեժիմով ներմուծված բեռն է արգելվել տրանսպորտի նախարարության կողմից։ Դա Հայաստանի բեռը չէր, Գորոյանի բեռը չէր, ժամանակավոր ներմուծված բեռ էր՝ արտահանման համար»։ Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետի տեղակալ Վահագն Ղարագյոզյանը պարզաբանեց, որ բեռը հետ է բերվել «Ապավեն» էքսպեդիտորական ընկերության նամակի հիման վրա։ Ըստ Վ. Ղարագյոզյանի, երկաթուղու դեպարտամենտը որեւէ մեղավորություն չունի այս հարցում։ Իսկ «Գրեյթ Արարատի» իրավաբանը սրան ի պատասխան՝ ավելացրեց, որ «Ապավենը» հարկադրված է հետ պահանջել բեռը, որովհետեւ, միեւնույն է, այն կանգնած էր մնացել։ Ինչեւէ, փաստն այն է, որ այդ 8316 շիշն անօրինական չի եղել եւ հետագայում սեփականատիրոջն է հասել ավտոտրանսպորտի միջոցով։ Իսկ այս օրերին Մաքսային պետական կոմիտեն է խոչընդոտում տնտեսվարողին։ «Գրեյթ Արարատի» ներկայացմամբ, իսրայելական «Banim Rafael» ֆիրմայի պատվերով ավտոմոբիլային բեռնագրով այս տարվա նոյեմբերին Իսրայել է առաքվել կոնյակ (սեփական արտադրության)։ Մինչ այդ կատարվել են մաքսային բոլոր ձեւակերպումները եւ թույլատրվել է ապրանքի առաքումը։ Սակայն առաքման հաջորդ օրը մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ալավերդիի մոտակայքից հետ են վերադարձրել բեռը եւ տեղափոխել բեռնահամալիր, որտեղ էլ գտնվում է մինչեւ օրս։ Սակայն առավել ուշագրավն այստեղ այն է, որ Մաքսային պետական կոմիտեն ընկերությանը ոչ մի պատասխան չի տալիս, թե ինչ հիմնավորմամբ է բեռը այդքան ժամանակ պահվում։ Ստացվում է, որ, իրոք, խոչընդոտում է տնտեսվարողին, եթե սահմանվածից ավելի է պահվում, իսկ պարզաբանում չի տրվում։ Ընկերությունում հակված են կարծել, որ Տ. Արզաքանցյանի «մատը խառն է» այս գործում, չնայած ապացույց չունեն. «Նա խոստացավ, որ բեռը չի գնա ու այդպես էլ եղավ»։ Ի դեպ, տեղեկատվություն տրամադրելու առումով այս գերատեսչության աշխատանքն աբսուրդի է հասնում։ Խնդիրն այն է, որ Մաքսային կոմիտեում, առանց մամլո քարտուղարի թույլտվության, որեւէ պարզաբանում չի տրվում։ Սակայն, ցավոք, մեկ շաբաթվա ընթացքում «Առավոտին» չհաջողվեց Նելլի Մանուչարյանի հետ կապ հաստատել ոչ քաղաքային, ոչ էլ նույնիսկ բջջային հեռախոսի միջոցով։ Գուցե արձակուրդում է։ Փորձեցինք կոմիտեի պետից կամ տեղակալներից ճշտել։ Սակայն տեղեկատուում գրանցված միակ համարից՝ ընդհանուր բաժնից պատասխանեցին. «Մեզ մոտ միայն ներքին հեռախոսահամարներն են գրանցված, քաղաքայինը չունենք», ինչն, իհարկե, հիմարություն է՝ դատելով նույնպիսի պատասխանից։ Ըստ երեւույթին, այստեղ սխալ պատկերացում կա գերատեսչության կառուցվածքի մասին։ Ուստիեւ, «Առավոտն» առանց երկրորդ կողմին լսելու է պարտավոր արձանագրել, որ հերթական անգամ խոչընդոտում են տնտեսվարողին, ինչի պատճառով վերջինս՝ «Գրեյթ Արարատը» հազարավոր դոլարների վնաս է կրում։ Վնասն, իմիջիայլոց, հակված է ձգտել անսահմանության. չեղյալ են համարվել մի շարք պայմանագրեր, մուծվել են տուգանքներ։ Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ պիտի պետության մեղքով բիզնեսմենը տուժի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել